Այս տարի կապտականաչ ջրիմուռները Սեւանում բավական տարածք են զբաղեցնում եւ լճի աղտոտված տարածքը խիստ մեծացել է։ Կապտականաչ ջրիմուռները՝ հատկապես անաբենա ցեղատեսակը, վտանգավոր է այն առումով, որ արտազատում է միկրոցիստին թունանյութը։ Արդյոք այն վտանգավո՞ր չէ ինչպես լողացողների, այնպես էլ կենդանական աշխարհի, նաեւ բույսերի համար՝ եթե հաշվի առնենք, որ Սեւանից ոռոգման նպատակով ջուր է վերցվում։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանն ասաց․ «Իսկապես դա թունավոր է եւ վնասակար՝ մարդկանց առողջության համար։ Երբ 2019 թվականին լիճը ծաղկեց՝ այդ մասին հայտարարություն տարածեց առողջապահության նախարարությունը․ նշեց, որ ծաղկած վայրերում չի թույլատրվում լողալ, որովհետեւ կլինի եւ աչքերի գրգռվածություն, եւ ասթմա կարող է լինել, եւ ցան՝ մաշկին, ջուրը կուլ տալու դեպքում՝ փսխում, ջերմություն եւ այլն․․․ Սակայն այս տարի մենք չենք տեսնում որեւէ հաղորդագրություն նախարարության կողմից, մինչդեռ նույն ջրիմուռներն են ծաղկում լճում, եւ պետք է, որ մեր հասարակությունը տեղեկացված լինի, որ չի կարելի լողալ ծաղկած վայրերում»։
Հաղորդման մյուս հյուրը՝ «Կանաչ Հայաստան» ՀԿ–ի նախագահ Թեհմինե Ենոքյանը հիշեցրեց, որ երբ առողջապահության նախարարությունը տարածել էր այդ զգուշացումը՝ «նախարարները փորձել էին լողալ այդ տարածքում եւ իրենց մաշկի վրա փորձարկումներ անել՝ իբրեւ թե դա անվտանգ է։ Հետո հասկացան, որ չէ՝ այդքան էլ անվտանգ չէ․․․ Պետական մարմինների կողմից տարբերությունը այս տարիների ընթացքում տեսնում ենք ընդամենը հետեւյալը՝ գոնե չեն փորձում իրենք լողալ եւ հակառակն ապացուցել»։
Հաղորդման ընթացքում ծավալուն անդրադարձ արվեց եւ այն քայլերին, որոնք կարող էին լիճը փրկել ճահճացումից եւ Սեւանի ծաղկման պատճառներին։ «Այստեղ շատ տարբեր շահեր կան,– մասնավորապես ասաց Թեհմինե Ենոքյանը։ – Եվ բիզնես, եւ օլիգարխիկ շահեր, որոնք ի սկզբանե խանգարում են Սեւանը բուժելու գործընթացին։ Ի վերջո՝ գիտենք, որ եթե Սեւանի ջրի մակարդակը բարձրանա՝ տասնյակ օլիգարխների տներ ուղղակի կհայտնվեն ջրի տակ։ Այնքան անբարեխիղճ են գտնվել, որ հենց ափին են կառուցել այդ տները։ Եվ կարծում եմ՝ բուն պրոբլեմն այդ է, եւ կառավարության շատ պաշտոնյաներ, որոնք պետք է որոշումներ կայացնեն ջրառ չիրականացնելու կամ ապահովելու այնպիսի միջավայր, որ Սեւանն ինքնամաքրվի եւ ջրի մակարդակը մի քիչ բարձրանա՝ նաեւ ունեն նման մտավախություններ՝ բախվելու օլիգարխիկ շատ տարբեր շահերի»։
Ըստ մասնագետների՝ կապտականաչ ջրիմուռների աճին նպաստող գործոններից է Սեւանա լճի հարակից հատվածներում առկա տասնյակ բնակավայրից ու ափամերձ տարածքներում գործող սպասարկման, ժամանցի օբյեկտներից կեղտաջրերի մուտքը լիճ։ Վիկտորյա Բուռնազյանը նշեց․ «Սեւանի ափին կա 2400 օբյեկտ, որոնցից 300–ը մշտական են։ 2020-21 թվականի տվյալներով՝ դրանցից միայն 17-ը ունեին մաքրման կայաններ»։ Ըստ նրա՝ Սեւան թափվող 28 գետերն էլ իրենց հետ բերում են գյուղերի կենցաղային աղբը, կոյուղաջրերը․ «Նաեւ հանքարդյունաբերության արդյունքում աղտոտված ջրերն են լցվում Սեւանա լիճ»։
Կարդացեք նաև
Ի դեպ, անդրադառնալով Սեւանից հավելյալ ջրառին՝ «Էկոլուր»–ի փոխնախագահն ասաց․ «Մենք միշտ բարձրաձայնել ենք, որ դա անթույլատրելի է։ Սկզբում եթե դա հիմնականում պայմանավորում էինք օլիգարխների առանձնատների համար բացթողումներով, սակայն հետագայում տեսանք, որ իսկապես ոռոգման ջուր չկա Արարատյան դաշտավայրում․․․ Մենք հիվանդ Սեւանից ջուր ենք ուղարկում Արարատյան դաշտավայրի ոռոգման համար, սակայն այնտեղ ձկնաբուծարանները մասնավորապես 2021 թվականին 760 խորանարդ մլն ջուր են օգտագործել Արարատյան արտեզյան ավազանից․․․ Եթե Արարատյան դաշտավայրում այդքան ջուր կա, ապա այն կարելի է ուղղել ոռոգմանը։ Պետք է առաջնահերթություններ սահմանվեն մեզ համար»։
Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ լիճը չի կարողանում ինքնավերականգնվել՝ երբ բարձրանում է, արհեստականորեն իջեցնում ենք․ «Մենք խաղ ենք խաղում մակարդակի հետ, ինչը խիստ վտանգավոր է, եւ Սեւանին դիտում ենք պարզապես ջրամբար, որից պետք է պարզապես ջուր օգտագործել ոռոգման եւ էներգետիկ նպատակներով․․․ Մենք ի՞նչ ենք ուզում ունենալ՝ լի՞ճ, քաղցրահամ ջո՞ւր, թե՞ ջրամբար կամ արդեն ճահիճ»։
Թեհմինե Ենոքյանի գնահատականով՝ «Պետական մարմինը միշտ հրապարակում է, թե այսինչ գետն աղտոտված է, բայց որեւէ քայլ այս տարիների ընթացքում չենք տեսել, որ նրանք գնան, մաքրման գործողություն իրականացնեն։ Երբ խնդիր դրվի՝ աղտոտել է ո՞վ, ո՞վ է դրա համար պատասխանատու, իսկ մաքրման համար ո՞վ եւ դա ի՞նչ արժեք ունի՝ մենք գործ կունենանք գոնե մի քիչ պատասխանատու վարքագծի հետ»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ