Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Նիկոլ Փաշինյանի համաձայնվելու հետեւանք է, որ Բրյուսելի համար Լեռնային Ղարաբաղ այլեւս գոյություն չունի»

Հուլիս 23,2022 17:35

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշելով, որ իր ուղիղ հեռարձակումներն արդեն ավանդական են դարձել, խոսեց միջազգային քաղաքականությունում Հայաստանին վերաբերող բացասական զարգացումների մասին:

«Այսօր ուզում եմ պատմել մի փաստաթղթի մասին, որ մի քանի օր առաջ հայտնվել է իմ ձեռքում: Այն ուսումնասիրել եմ եւ ուզում եմ մի շարք արձանագրումների մասին ձեզ հետ կիսվել, թե ինչ նոր լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս»,- ասաց նա՝ մատնացույց անելով ֆեյսբուքյան այս ուղիղ եթերի վերնագիրը, որն է. «Նիկոլ Փաշինյանի դավաճանական, պարտվողական քաղաքականության պատճառով պաշտոնական Բրյուսելի համար այլեւս չկա Ղարաբաղ եւ հայ ռազմագերիների խնդիր»:

«Դա 18-20 էջանոց մի պաշտոնական փաստաթուղթ է, որը պատրաստվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, հրապարակվել է այս տարի հուլիսի 15-ին եւ այդ փաստաթուղթը կաչվում է «Ադրբեջանի հետ գործընկերության իմպլեմենտացիայի զեկույց»: Այսինքն, Ադրբեջանի հետ ԵՄ-ն ունի գործընկերության ծրագիր, որտեղ ամփոփված են Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները, գնահատականները, տարբեր ոլորտներում արձանագրված խնդիրները, հաջողությունները, նշանակետերը եւ այլն: Կրկնում եմ, սա պաշտոնական փաստաթուղթ է՝ ստորագրված Եվրոպայի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կողմից, որտեղ նաեւ արծարծվում են մեզ վերաբերելի հարցեր:

Բնական է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների  համատեքստում ԵՄ-ն գնահատական է տվել նաև տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, զարգացումներին: Եվ ամբողջ տեքստում գեթ մեկ անգամ չկա Լեռնային Ղարաբաղ եզրույթ: Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ պաշտոնական Բրյուսելը ամբողջությամբ հրաժարվել է Լեռնային Ղարաբաղ  ձեւակերպումից եւ ընդամենը մեկ անգամ օգտագործված է ադրբեջանցիների կողմից հանդուրժվող Ղարաբաղ բառը:

Սա է ինձ հիմք տալիս ասելու, որ ԵՄ պաշտոնական արձանագրումով Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի: Եվ սա հետեւանք է Նիկոլ Փաշինյանի դավաճանական, տգետ քաղաքականության: Ինչո՞ւ: Հիմա հիշեցնեմ: Հիշո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի վերջին հանդիպումը Բրյուսելում ԵԽ նախագահ Շարլ Միշելի նախագահությամբ եւ միջնորդությամբ: Հիշեցի՞ք, որ այդ հանդիպումից հետո Շարլ Միշելը կողմերի հետ համաձայնեցված պաշտոնական պրեսս ռելիզ թողարկեց, որտեղ անդրադարձավ այդ հանդիպման հիմնական կետերին: Հիշո՞ւմ եք, որ այդ պրես ռելիզում Լեռնային Ղարաբաղ եզրութ ընդհանրապես օգտագործված չէր: Մի անգամ օգտագործված էր Ղարաբաղ բառը, այն էլ այն համատեքստում, որը մեզ մոտ բուռն քննադատության արժանացավ: Դա հետեւյալն էր, որ պետք է երաշխավորեն Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչության անվտանգությունը եւ իրավունքները: Այս նույն ձեւակերպումները արդեն տեղ են գտել ոչ թե պրես ռելիզում, այլ պաշտոնական գնահատականի մեջ:

Նիկոլ Փաշինյանը, որն այդ հանդիպման ժամանակ համաձայնել էր, որ Լեռնային Ղարաբաղ եզրույթը չօգտագործվի, ինչը մենք քննադատեցինք ու բացահայտեցինք, ԱԽՔ կոչված էակը ասաց, որ կոմպրոմիսի են եկել Ադրբեջանի հետ, հո չէին լքելու այդ դահլիճը, պետք է ստիպված աշխատեին: Եվ այն «կոմպրոմիսը», որին եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնել է Նիկոլ Փաշինյանը, որ Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը չօգտագործվի, հիմա այլեւս ԵՄ պաշտոնական փաստաթղթերում է: Բայց այստեղ կոմպրոմիսի հարց չկա: Եվրոպացիք գրել են պաշտոնական փաստաթուղթ, որ ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի հետ համաձայնեցնելու կարիք չունեին: Այսինքն, սա Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի համաձայնվելու հետեւանք է, որ Լեռնային Ղարաբաղ այլեւս գոյություն չունի, որ կա Ղարաբաղ, որտեղ կան էթնիկ հայ բնակիչներ:

Եվ սա այն դեպքում, երբ Սերժի թողած ժառանգությամբ 2017 թվականին ստորագրված ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ֆիքսված էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման սկզբունքները, այդ թվում ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031