Լրահոս
Օրվա լրահոսը

Նման ապակառուցողական գործողությունները չեն կարող նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․ «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 23,2022 11:40

Հայ-թուրքական հարաբերությունները դեռ չսկսված կասեցվեցին հենց Անկարայի նախաձեռնությամբ՝ նախորդ դարի 90-ականների սկզբին: Թուրքիան իր այդ քայլը հիմնավորեց Արցախում ադրբեջանական ագրեսիային ի պատասխան հայկական ուժերի՝ օկուպացված Արցախի եւ հարակից շրջանների ազատագրման փաստով: Արցախյան 44-օրյա ագրեսիայի հետեւանքով այդ շրջանների եւ ԼՂՀ-ի բուն տարածքի զգալի մասն օկուպացնելուց հետո Թուրքիան հայտարարեց, թե պատրաստ է հարաբերություններ սկսել Հայաստանի հետ, եւ կողմերը փոխադարձաբար համաձայնության եկան, որ բանակցությունների գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների:

Հուլիսի 21-ին թուրքական «TRT Haber»-ին տված հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ուղիղ խոսքում ասաց, որ Անկարան Երեւանի հետ հարաբերությունների հաստատման գործընթացը համակարգում է Բաքվի հետ, որովհետեւ իրենք մեկ ազգ են, երկու պետություն՝ հավելելով, որ կոնկրետ քայլեր են ցանկանում տեսնել Հայաստանից:

Վերջին արտահայտությունը տրամաբանորեն վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան Երեւանից կոնկրետ քայլեր է ակնկալում Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացում: Այն միանշանակ փաստում է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար նախապայմաններ է առաջադրում: Եթե սրան գումարենք այն փաստը, որ Բաքուն Երեւանի հետ բանակցություններում առաջ է քաշում առավելապաշտական եւ շատ դեպքերում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չամրագրված պայմաններ, ապա պատկերն ամբողջական կդառնա:

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են հարաբերություններ հաստատելու եւ տրանսպորտատնտեսական հաղորդակցությունները բացելու մասին՝ եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Թուրքիայի հետ: Պաշտոնական Երեւանն այդ ուղղությամբ կատարում է հստակ գործողություններ, հետեւաբար այստեղ օրինաչափ հարց է առաջանում, թե ի՞նչ նկատի ունի Չավուշօղլուն՝ Հայաստանից կոնկրետ քայլեր ակնկալելու մասին արտահայտությամբ: Եթե նկատի ունի ՀՀ ինքնիշխանության հաշվին քայլեր անելը, մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանության մեջ, ապա հայկական կողմը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը դրա անհնարինության վերաբերյալ:

Դրան ի պատասխան՝ այսօր Բաքվից եւ Անկարայից համառորեն հնչում են ծայրաստիճան ապակառուցողական հայտարարություններ նույն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ: Չավուշօղլուի հարցազրույցի օրը Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը Ստամբուլում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի օրենսդիր մարմինների ղեկավարների երկրորդ եռակողմ նիստի ժամանակ հայտարարեց, որ միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի այդ երեք երկրների համար: Նման ապակառուցողական գործողությունները չեն կարող նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031