Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Պատճառը, ըստ որոշ ենթադրությունների, այն է, որ երբ Արմեն Գրիգորյանի մահվանից հետո համացանցում հարձակում սկսվեց Գրիգորյանին կալանավորած դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դեմ, Դատավորների միությունը որեւէ կերպ չսատարեց նրան։ Ալեքսանյանն էլ, ըստ այդմ, որոշել է պատժել` դիմում գրել եւ դուրս գալ միությունից։
Մենք կապ հաստատեցինք դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հետ՝ հարցնելով, թե որն է Դատավորների միությունից դուրս գալու պատճառը, արդյոք ճի՞շտ են մամուլում հայտնված տեղեկությունները, թե միությունն իրեն չի սատարել, դրա համար է դիմում գրել։ Նաեւ հետաքրքրվեցինք, թե կարող է ասել Դատավորների միության նախագահի արած հայտարարությունների առնչությամբ։
«Միակ փաստը, որ ես կարող եմ հավելել, այն է, որ այսօր ես համապատասխան գրություն եմ ուղարկել արդարադատության նախարարություն, ինչպես նաեւ՝ էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Մարաբյանին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն պարոն Ազարյանի կողմից տրված հարցազրույցում դատական իշխանության եւ իմ վերաբերյալ հեգնական արտահայտություններ անելու եւ, որ ամենակարեւորն է, իմ կողմից կայացված դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնելու, գնահատական տալու եւ կասկածի տակ դնելու հանգամանքը»,- ասաց Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է Դատավորների միությունից դուրս գալուն, ապա նա չցանկացավ իր այդ որոշումը մեկնաբանել կամ բացատրել․ «Եթե ես նպատակահարմար գտնեի դա որեւէ կերպ պատճառաբանել, ապա կպատճառաբանեի իմ դիմումում։ Բայց դրա վերաբերյալ ես որեւէ պատճառաբանություն չեմ ցանկանում ներկայացնել»։
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում