Լրահոս
Օրվա լրահոսը

Մշուշոտ տեսլականի փոխարեն՝ անհրաժեշտ հեռանկար․ «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 23,2022 11:20

Ճանապարհների ապաշրջափակում, երկաթգծերի վերագործարկում, տնտեսության ֆանտաստիկ (ֆանտաստիկի ձեւակերպումն ու համոզմունքն իմը չեն,- Ա. Մ.) աճ եւ այլն։ Այս թեմայով հաճախ եմ զրուցում գործարարների հետ։ Տեսակետները տարբեր են, բայց գլխավորապես երկու խումբ է առանձնանում։

Առաջինը, որոնք իրենց գործն արարել են զրոյից, նախնական շրջանում բավարար միջոցներ չունենալով՝ բիզնեսի եւ հաշվապահն են եղել, եւ տերը, ստիպված են եղել հարկային օրենսդրության յուրաքանչյուր փոփոխության անձամբ ծանոթանալ, սովորել, նոր գաղափար են հղացել, բանկերից վարկեր են վերցրել, տարիներով քրտնաջան աշխատել են, ի վերջո, հաջողել։

Երկրորդ խումբը բնույթով առեւտրական բիզնեսմեններն են՝ արագ փող աշխատելու կողմնակիցներ, նորարար որեւէ գաղափար չեն ներդրել, արտադրություն չեն հիմնել, հեռանկարում դարձյալ առեւտուրն են ունեցել եւ ունեն՝ ավելի ու ավելի ընդլայնված ծավալներով։ Առաջին խումբը ցայսօր էլ փորձում է ոտքի վրա մնալ, բիզնեսը չփակել կարողանալ, արարել՝ հայկական ապրանքանիշի «կնիքով»։

Երկրորդ խումբը պինդ ոտքի վրա է, բիզնես փակելու ռիսկ չունի, շրջանառու միջոցների պակաս՝ նույնպես, բայց ապրանքանիշի դեմք ու կնիք չունի։ Առաջին խումբը ճանապարհների ապաշրջափակմանը, ընդհանուր առմամբ, դեմ չէ, բայց աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական անցուդարձերին հետեւում է, ճանապարհների ապաշրջափակումից ավելի շատ ռիսկեր է տեսնում, քան հնարավորություններ, ուստի ֆանտաստիկ աճը ֆանտաստիկայի ժանրից է համարում։ Երկրորդ խումբը նշյալ անցուդարձերի մասով պարզագույն գիտելիքներ ունի, ըստ այդմ, ցավոք, տեղյակ է այնքան, ինչքան հնարավոություն են տալիս սեփական աշխարհայացքն ու գիտելիքների չափը։ Այս խումբն էլ ճանապարհների ապաշրջափակմանը դեմ չէ, բայց առանց ռիսկերի ու մտահոգությունների է եւ անսահմանափակ հնարավորություն է տեսնում իր բիզնեսի ընդլայնման համար։

Առաջին խմբի հետ զրույցները լռությամբ եւ մեկ գավաթ սուրճով են ուղեկցվում՝ նո՛ւյնն են մտահոգությունը, տեսլականը, երկրի առջեւ պատասխանատվությունը։ Երկրորդ խմբի հետ զրույցի ու բանավեճի թեման գրեթե անսպառ է, բայց միշտ չպատասխանված։ Այս խմբի գործարարներից մեկին երեկ հարցնում եմ (թույլ է տվել ընդհանուր կետերով ներկայացնել՝ ինքնությունը չբացահայտելու պայմանով,- Ա. Մ.). «Ի՞նչ եք ուզում արտահանել եւ ներկրել, որ փակ ճանապարհները խանգարում են»։ «Բան չկա, ինչ ուզում, տանում ու բերում եմ»,- հնչում է անկեղծ պատասխանը։ Հետեւում է լրացումը. «Բայց ուզում եմ մեծացնել բիզնեսս»։ Տալիս եմ երկրորդ հարցը. «Հիմնականում ներքին ու ռուսաստանյան շուկայի ուղղությամբ եք, սպառեցի՞ք արտաքին շուկայի ծավալը»։ «Չէ հա, լիքը տեղ կա»,- երկրորդ անկեղծությունն է հնչում։ Կրկին լրացում է հետեւում. «Բայց դե որ բացվեն, լավ կլինի»։ «Որ բացվեն, հնարավոր է, չէ՞, որ ներքին շուկան լրիվ կորցնեք»,- հարցնում եմ։ «Հա, էդ էլ կա»,- կրկին անկեղծանում է… Այս խմբի մեկ այլ գործարարի (միջին ձեռներեցություն) հարցնում եմ՝ «այդ ի՞նչ եք ուզում արտահանել, որ փակ ճանապարհներն են խանգարում, եւ ուզում եք բացվեն՝ թեկուզ մեր երկրի համար ռիսկերի գնով։ Որպես գործարար՝ հաշվարկներ, վերլուծություններ արե՞լ եք, հենց թեկուզ ձեր ոլորտի հեռանկարը քննարկե՞լ եք, ճանապարհների ապաշրջափակումից ավելի շատ տուժելու՞ եք, թե՞ շահելու»։ Պատասխան չի հնչում, կամ եթե ավելի անկեղծ՝ հոդաբաշխ պատասխան չի հնչում. «Դե, լավ կլինի։ Երեւի։ Հաստատ։ Չգիտեմ»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031