ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, առողջապահության նախկին նախարար, այժմ՝ «Արաբկիր» ԲԿ ղեկավար Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով։ Պարոն Բաբլոյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն ամբողջ կյանքում Արցախի հետ աշխատել է, եւ երբ ԱՀ պետնախարարի կողմից առաջարկ է եղել՝ առողջապահության գծով խորհրդական աշխատել, ինքը շնորհակալություն է հայտնել, ասել, որ իր համար պատիվ է Արցախի համար աշխատելը, եւ ընդունել է առաջարկը։
– Իսկ ինչպե՞ս եք համատեղելու Ձեր այստեղի աշխատանքը Արցախի պետնախարարի խորհրդականի աշխատանքի հետ՝ հեռակա՞ կարգով, թե՞ նաեւ Արցախ այցելելով։
– Ե՛վ հեռակա, ե՛ւ այցելելով։ Ամեն դեպքում, առաջիկա մեկ ամսվա մեջ երկու անգամ Արցախ այցելելու ծրագիր ունեմ։
– Ի՞նչ եք կարծում՝ Արցախն այսօր ինչի՞ կարիք ունի։
Կարդացեք նաև
– Արցախի կարիքների մասին եթե պատմեմ, կարող է պատահի՝ մի քանի օր եւ մի քանի էջ պետք լինի, որ լրացնեք։ Դրա համար ես ուղղակի ավելի հակիրճ կարող եմ ասել, որ իմ անելիքն այն է լինելու, որ օգնեմ՝ առողջապահության համակարգում կարողանանք բարեփոխումներ իրականացնել: Հիմա շատ մեծ խումբ՝ պետնախարարի ղեկավարության ներքո, աշխատում է ռազմավարության վրա, մոտ մեկ ամիս անց պետք է ռազմավարությունը հաստատվի, դրա համար էլ հիմա ինտենսիվ աշխատանք է գնում։ Ե՛վ Արցախից, ե՛ւ Հայաստանից, ե՛ւ սփյուռքից մասնագետներ ընդգրկված են այդ ռազմավարության մշակման մեջ։
– Իսկ Արցախի ապագայի եւ ճակատագրի վերաբերյալ այսօրվա զարգացումները Ձեզ որքանո՞վ են մտահոգում՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն բացառում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանն էլ պահանջում է, որ Արցախը պետք է լինի իր կազմում՝ չունենալով ինքնորոշում եւ ինքնուրույնություն։
– Տեսեք, ես քաղաքականապես էդ հարցին չեմ պատասխանի, ես կպատասխանեմ որպես քաղաքացի, որպես բժիշկ։ Ես համարում եմ, որ ես պարտավոր եմ աշխատել Արցախի հետ եւ Արցախի համար։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում