Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմութիւնն առհասարակ չի կարող յաջողութեան հասնել, եթէ դիմադրական շարժմանը թափ հաղորդելուց առաջ յստակ չլինի յաղթանակի ճանապարհային քարտէսը. «Դրօշակ»

Հուլիս 23,2022 09:45

Մի ընդդիմութիւն, որը կախման մէջ չէ որեւէ արտաքին ուժից եւ, ըստ էութեան, վարում է ազգային-ազատագրական պայքար, բացառում է Արցախի ներառումը Ատրպէյճանի կազմում, խստօրէն քննադատում է պարտուած վարչապետի կնքած պարտուողական պայմանագրերը, յաղթելու դէպքում կարող է շատ խաղաթղթեր իրար խառնել, զգուշաւորութեան է մղում շահագրգիռ բոլոր կողմերին: Միւս կողմից` դեռեւս մշուշոտ է ընդդիմութեան յաղթելու հաւանականութիւնը, եւ նման պարագայում օտարները չեն կարող հաշուի նստել կասկածելի հեռանկարի հետ` այդպիսով դէպի հակառակ բեւեռ վանելով սկզբունքներից ու ազգային պատասխանատուութիւնից զուրկ քաղաքական բախտախնդիրների իշխանութեանը:

Իհարկէ, երկրի ներսում, իշխանութեան եւ յատկապէս քաղաքական առաջնորդի ֆիզիքական անվտանգութիւնը աչալրջօրէն ապահովում են ուժային կառոյցները, սակայն ժողովրդային աճող դժգոհութեան, խորացող քաղաքական, տնտեսական ու այլ հիմնահարցերի պայմաններում մարում է որեւէ մէկին մինչեւ վերջ վստահելու եւ ապաւինելու կասկածամիտ ու անհաւասարակշիռ ղեկավարի հաւատը:

Ներկայումս, երբ ընդդիմադիր հրապարակային շարժումը տեղատուութեան մէջ է, իշխանութիւնն ու նրա առաջնորդը ձգտում են առաւելագոյնն անելու` շարժման նոր եւ անխուսափելի մակընթացութեանը հնարաւորինս նախապատրաստուելու, դրա թափի վրայ ազդելու համար: Վարչապետի աթոռի պահպանման հետ ապագան կապած ղեկավարը շարունակում է կեդրոնացնել իշխանութիւնը առաւել վստահելիների նեղացող շրջանակի ձեռքում: Աւտորիտար իշխանութեան գոյութեան երկարաձգմանն են ծառայում օրէնսդրական փոփոխութիւնները, ակտիւ ընդդիմադիրների ձերբակալութիւններն ու դատական հետապնդումները, ուժային կառոյցների օգտագործումը որպէս ներքաղաքական պայքարի գործիք:

Իշխանութեան անբարոյ էութեան հերթական ապացոյցն է աչքի ընկնող մի շարք ընդդիմադիր գործիչների զօրակոչումը եռամսեայ հաւաքների: Զինուորական ծառայութիւնից հիմնականում խուսափած օտարասուն իշխանաւորների խառնախումբը հայրենիքին ծառայութիւնը դարձրել է ընդդիմադիր բազմաթիւ գործիչների գործունէութիւնը ժամանակաւորապէս կասեցնելու միջոց: Հետապնդած նպատակի համարվարչապետը դիմում է նաեւ մրցակից ճամբարը պառակտելու, շանտաժի եւ այլ մեթոդներով անհատ գործիչներին չէզոքացնելու` իրեն հոգեհարազատ գործելակերպին: Պէտք է սպասել, որ մոլագար ղեկավարի մթագնած ուղեղը նորանոր դաւեր ու դաւադրութիւններ կը նիւթի սեփական իշխանութեան ժամանակը երկարաձգելու համար:

Միեւնոյն ժամանակ նա իր առջեւ տեսնում է ի յայտ եկող նորանոր հիմնահարցեր, որոնք բարդացնում են իր ստեղծած ոստիկանապետութեան անօրինական գործելակերպը: Որքան էլ որ արտաքին պատուիրատուները փորձեն աչք փակել Հայաստանում ծաւալուող հակաժողովրդավարական ու հակաօրինական գործընթացների վրայ, ի վերջոյ ստիպուած են արձագանգել դրանց աղաղակող դրսեւորումներին: Իհարկէ, անհասկանալի է մնում, թէ ինչու հակադարձելով իշխանութիւնների քայլերին` ընդդիմութիւնը լուրջ քայլեր գրեթէ չի ձեռնարկում բռնապետական իշխանութիւնների հակաժողովրդական գործունէութեան փաստերի փաթեթը ներկայացնելու համապատասխան բոլոր միջազգային ատեաններին, կառավարութիւններին ու խորհրդարաններին, համապատասխան ատեաններում չի պայքարում ժողովրդավարութեան ու խաղաղութեան հաստատման կեղծ կարգախօսերի ներքոյ Հայաստանը թշնամիների առջեւ ծնկի բերելու ծրագրի բացայայտման ուղղութեամբ: Չէ՞ որ այս դէպքում հարցը ոչ թէ իշխանութեան համար պայքարին է վերաբերում, այլ Հայաստանի ու Արցախի փրկութեանը ներքին թշնամուց:

Ընդդիմութիւնն առհասարակ չի կարող յաջողութեան հասնել, եթէ դիմադրական շարժմանը թափ հաղորդելուց առաջ յստակ չլինի յաղթանակի ճանապարհային քարտէսը` մինչեւ վերջնակէտ:

Այդ քարտէսը, իր գործադրողներով հանդերձ, հնարաւորինս յստակ պէտք է ներկայացուի նաեւ հանրութեանը` ցրելու նպատակով գերիշխող այն անորոշութիւնը, թէ ինչ է լինելու Նիկոլ Փաշինեանի հեռացումից յետոյ:

Շարժման յաջողութեան ակնկալիք չպէտք է ունենալ նաեւ այն դէպքում, եթէ դիմադրութեան ալիքը չտարածուի հանրապետութիւնով մէկ, իսկ եթէ դա հնարաւոր չհամարուի, ապա աւելի լաւ է չսկսել գործընթացները:

Շարժումը պէտք է ներկայացնի երկիրը համապարփակ ճգնաժամից դուրս բերելու ամբողջական ծրագրեր` լուծումներ անվտանգութեան, սոցիալ-տնտեսական եւ այլ խնդիրների վերաբերեալ:

Այն պէտք է ձգտի ձեռնպահ մնալու այնպիսի գործընկերների հետ գործակցութիւնից, որոնք խոցելի են:

Աւելորդ է կրկնելը, որ գործող իշխանութեան օր առաջ հեռացումով է պայմանաւորուած հայրենիքի ու ազգային շահերի առաւելագոյնը փրկելու հնարաւորութիւնը: Ամէն սթափ մտածող մարդու համար պէտք է պարզ լինի, որ եթէ ատրպէյճանա-թրքական տանդեմը հնարաւոր բոլոր ճանապարհներով, այդ թւում` պատերազմի միջոցով, դեռեւս չի համարձակւում դիմել Հայաստանի ու Արցախի նկատմամբ իր յաւակնութիւնների իրականացմանը, ապա դա ոչ թէ Հայաստանի իշխանութիւնների, այլ ռուսական պարտադրանքի հետեւանք է: Իհարկէ, ռուսերը ոչ թէ մեր գեղեցիկ աչքերի համար, այլ իրենց շահերից ելնելով թոյլ չեն տալիս, որ թուրքական եղբայրական դաշինքը Հայաստանից կորզի այնպիսի զիջումներ, որոնցից յետոյ ռուսական զինուորական ուժերի ու առհասարակ ռուսների ներկայութիւնը Անդրկովկասում կը դառնայ անիմաստ: Ռուսերը հնարաւորինս զսպում են սադրանքների ու ռազմական գործողութիւնների սանձազերծումը երկրորդ ճակատում, եւ այս վիճակի պահպանման հնարաւորութիւնը ուղղակիօրէն պայմանաւորուած է ռուսական ուժերի կայուն յաջողութիւններով ուկրաինական ճակատում: Սրանով հանդերձ` անակնկալ եւ կարճաժամկէտ պատերազմի հաւանականութիւնը չի բացառում անգամ Հայաստանի իշխանութիւնը, որը մինչ այդ տարփողում էր տարածաշրջանում խաղաղութեան դարաշրջան բացելու իր «մեծ առաքելութեան» մասին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Դրօշակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031