Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան բացելու՝ պաշտոնական Երևանի թեզը պատանդ, գերի հանձնվելու թեզ է․ «Փաստ»

Հուլիս 23,2022 10:30

Տարածաշրջանային պետությունների հանդիպումն ուրվագծում էր տարածաշրջանային ուժային բալանսի փոփոխության վերաբերյալ քննարկումները, տարբեր մայրաքաղաքներից տարածաշրջանի ապագայի տեսլականը և, իհարկե, անվտանգության ու ազգային շահերի այն միջակայքերը, որոնց ձգտելու են հանդիպման մասնակից երկրները:

Անդրադառնալով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների՝ Թեհրանում տեղի ունեցած հանդիպմանը՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

Նրա խոսքով, նման հանդիպումները կարևոր, բայց վճռորոշ չեն, քանի որ աշխարհը դեռևս նման փուլում չէ: «Թեհրանի հանդիպումը նաև երեք մայրաքաղաքների կարմիր գծերի ուղենշման, տարածաշրջանային անվտանգության իրենց պատկերացումները հանրայնացնելու հնարավորություն էր, որը, ենթադրում եմ, կարողացան արդյունավետ օգտագործել: Առհասարակ, աշխարհը նոր աշխարհակարգի փուլում է, միջազգային իրավունքը դասական իմաստով այլևս չունի այն դերակատարումը, որն ուներ նախկինում: Այսօր շատ ավելի ակնհայտ է ուժի իրավունքի դերակատարումն ու նշվածի վճռորոշ լինելը: Եվ այս իմաստով տարածաշրջանային բնույթի նման հանդիպումները գրամ-գրամ ստեղծում են միջազգային աշխարհակարգը»,- ասաց մեր զրուցակիցը՝ վստահություն հայտնելով, որ նման հանդիպումներ պարբերաբար կլինեն: Նշված հանդիպման համատեքստում քաղաքագետը հիշեցրեց Էրդողանի բավականին բաց հայտարարությունը, ըստ որի, Սիրիայի հարցում Թեհրանի ու Մոսկվայի որոշակի աջակցություն էր ակնկալում:

Շեշտելով նաև Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի մոտեցումը՝ կապված հատկապես հայ-իրանական սահմանի փոփոխության անթույլատրելիության հետ՝ Ա. Ղևոնդյանը հավելեց. «Սրանք փոքրիկ էլեմենտներ են, որոնք արտացոլում են այդ երկրների փոխհարաբերությունների լայն շրջանակը: Պետք է հասկանալ, որ Իրանում, մեծ հաշվով, հանդիպել են մրցակից պետությունների ներկայացուցիչներ, որոնք, իհարկե, թշնամիներ չեն, բայց ինչ-որ էլեմենտների մասով հակառակորդներ են: Սա նշանակում է, որ եղել է դիրքորոշումների հստակեցում, մյուս կողմից էլ՝ մրցակցային իրավիճակ: Օրինակ՝ Խամենեիի հայտարարությունը հակադրվում է թուրքական շահին: Իսկ երբ Էրդողանը հայտարարում է Սիրիայում աջակցություն ակնկալելու մասին, ու հետո Իրաքում թուրքական դեսպանությունը հարձակման է ենթարկվում, նաև հակաթուրքական ակցիաներ են տեղի ունենում, նշանակում է՝ Թեհրանում տեղի ունեցածը որոշակի արտացոլումներ է ստանում նաև այլ երկրներում: Աշխարհակարգն այսպիսի տարածաշրջանային հանդիպումներով է ձևավորվում, որոնք հետագայում արտացոլվում են իրական կայնքում ինչպես պատերազմների, այնպես էլ գործընկերային հարաբերությունների ավելի խորացման տեսքով»:

Շետելով, որ Հայաստանը ևս տարածաշրջանի մի մաս է, քաղաքագետն ընդգծեց, որ գրեթե բոլոր որոշումներն այս կամ այն կերպ ազդելու են մեզ վրա: «Եթե մենք նախկինում կարող էինք գործոն լինել, ապա այսօր ՀՀ իշխանությունների արկածախնդիր արտաքին քաղաքականության հետևանքով դադարել ենք գործոն լինել: Մենք այլ պետությունների բանակցությունների օրակարգի էլեմենտ ենք դարձել: Մեր ճակատագիրը, քաղաքական օրակարգը, մեր գոյության, անվտանգության, նաև զարգացման հեռանկարները որոշվում են այնպիսի հանդիպումների ժամանակ, որոնք տեղի են ունենում առանց մեզ, և որոնց արդյունքների մասին մեզ կա՛մ տեղյակ են պահում, կա՛մ երբեմն անգամ տեղյակ չեն պահում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների մասով առկա գործընթացին ու պաշտոնական Երևանի մոտեցումներին՝ Ալեն Ղևոնդյանը շեշտեց, որ ՀՀ-ի քաղաքական, այդ թվում՝ ներքաղաքական օրակարգը 1998 թվականից ի վեր ձևակերպվել ու զարգացել է ռուս-թուրքական հարաբերությունների տիրույթի ներքո: «Բացի այդ, Հայաստանում մի շարք քաղաքական ուժեր իրենց օրակարգում որպես կենսական հարց Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու կամ հակառուսականության էլեմենտներ արմատավորելու և թրքահաճո քաղաքականություն իրականացնելու վարք են որդեգրել: Ի դեպ, տարբեր պարբերականությամբ իրենք ավելի կամ պակաս հաջողություններ են ունեցել: Այս պահի դրությամբ մենք գտնվում ենք նման գործընթացի ծայրահեղագույն կետի վրա. այդ ուժերի ազդեցության ներքո հանրային ընկալումը բավակաչափ դեպի հակառուսականություն է շեղվել: Իսկ թուրքական էլեմենտի փափուկ, հոգատար, բարիդրացի կերպարի ստեղծման ուղղությամբ շարունակում են ինտենսիվ կերպով տարբեր գործընթացներն իրականություն դարձնել:

Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան բացելու՝ պաշտոնական Երևանի թեզը պատանդ, գերի հանձնվելու թեզ է, որը ոչ միայն տարածաշրջանային տերությունների կողմից է պատվիրակված, այլև ՀՀ գործող վարչապետն անհատապես սպասարկում է ոչ հայկական կենտրոնների շահերը: Սա ոչ թե գնահատական է, այլ փաստ»,-ընդգծեց քաղաքագետը:

Նրա խոսքով, հայկական շահն առկա գործընթացների մեջ որևէ կերպ ներկայացված չէ: Միևնույն ժամանակ, քաղաքագետն ընդգծեց, որ տարածաշրջանում ՌԴ-ի և Իրանի ներգրավվածությամբ առկա մրցակցությունն իր հանգուցակետին դեռ չի հասել:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031