Լրահոս
Օրվա լրահոսը

Անգրագետ ու կեղծ են բոլոր խոսակցությունները, թե թուրքական շուկան մեզ կարող է օգուտ բերել․ «Փաստ»

Հուլիս 23,2022 09:30

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքներից հետո 2022 թ. հունվարի 1-ից էմբարգոն ոչ միայն հանվեց, այլև հայ և թուրք բանագնացների վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց օդային ճանապարհով բեռնափոխադրումներ սկսելու վերաբերյալ:

«Փաստի» հետ զրույցում էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը նշել է, որ անգրագետ ու կեղծ են բոլոր խոսակցությունները, թե թուրքական շուկան մեզ կարող է օգուտ բերել: «Հաշվի առնելով, որ ունենք ոչ թե Հայաստանի, այլ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություն, միայն այդ տրամաբանությամբ կարող ենք բացատրել, թե ինչու են շտապում օր առաջ օդային բեռնափոխադրումներ իրականացնել Թուրքիայի հետ: Միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչ բեռնափոխադրումների մասին է խոսքը: Մանավանդ, որ Վրաստանի միջոցով Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուր միշտ էլ եղել է, որն առանձնապես չի տպավորել այն առումով, որ մենք ավելի շատ ներմուծող երկիր ենք, քան արտահանող»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ իրականում վտանգները մեծ են:

«Հայկական կողմը տնտեսական առումով օգուտ չունի. վնասները հսկայական են, օգուտները՝ զրոյական: Հետևաբար, Թուրքիայի շահերից ելնելով շտապ ինչ-որ քայլեր անելը ոչ մի կերպ չի բխում Հայաստանի շահերից նաև տնտեսական դիմագրավության, տնտեսական հնարավորությունների իմաստով: Այս ամենը թուրք- ադրբեջանական օրակարգ է և բխում է բացառապես նրանց շահերից: Մենք չգիտենք, թե Ռուբինյան-Քըլըչ հանդիպումների ժամանակ ինչ թեմաներ են քննարկվում, թեպետ կարող ենք կռահել՝ հաշվի առնելով, որ Թուրքիան իր հայտնի նախապայմաններից երբեք չի հրաժարվի: Հասկանալի է, որ կրկնակի ու եռակի ավելի մեծ ոգևորությամբ են այդ նախապայմանները առաջ քաշում: Ու այս ամենը համեմում են նաև առևտրային հարաբերությունների կարգավորման սոուսով: Իրականում Հայաստանի և Թուրքիայի միջև երբեք առևտրային հարաբերությունների կարգավորում չի լինի, որովհետև առաջին հերթին մեր տնտեսությունն ավելի թույլ ու վտանգված է:

Առևտրային հարաբերությունները կարող են աշխատել այն ժամանակ, եթե, Հայաստանը, օրինակ՝ բարձր մաքսատուրքեր սահմանի թուրքական ապրանքների համար: Մեծ հաշվով, մենք թուրքական շուկային առաջարկելու ոչինչ չունենք, փոխարենը թուրքական մեծաքանակ ու էժան ապրանքները կարող են ողողել մեր շուկան ու սնանկացնել բոլոր ոլորտները՝ սկսած տեքստիլից, վերջացրած գյուղատնտեսությամբ: Ի դեպ, այս փուլում հնչում են տեսակետներ, թե կարող ենք էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա, ինչը սուտ է և հիմարություն: Նախ՝ չունենք համապատասխան բարձրավոլտ, իսկ որն էլ կա՝ լրջագույն վերանորոգման կարիք ունի»,-ասաց նա՝ շեշտելով, որ Թուրքիան էլեկտրաէներգիա գեներացնող պետություն է, և էլեկտրաէներգիա ներմուծելու տեսանկյունից ևս Հայաստանը կարող է կախվածության մեջ հայտնվել Թուրքիայից:

 

Աննա  ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031