Անցած շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանի անցակետում Ֆրանսիայի քաղաքացի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, դաշնակցական Մուրադ Փափազյանին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան:
Ինձ համար պարզ է, թե ով է այդ հրահանգը տվել եւ որն է դրա պատճառը՝ վարչապետին դուր չեն գալիս Փափազյանի քաղաքական հայացքները: Հավանաբար, այդ միջադեպը չափից դուրս լայն արձագանք էր գտել ոչ միայն Հայաստանում, եւ մեր իշխանությունը խնդիր ունի դրա համար արդարանալու:
Օրերս կառավարությունը, իշխանության ներկայացուցիչներն ու ոչ պաշտոնական «խոսնակները» որոշ վարկածներ առաջ են քաշել: Ըստ դրանցից մեկի՝ Փափազյանը Թուրքիայի կամ Ադրբեջանի լրտես է եւ կապ ունի մեր երկրում ռումբերի տեղադրման մասին կեղծ ահազանգերի, ինչպես նաեւ Ցեղասպանության հուշահամալիրի մոտ թուրքերի ամբարտավան պահվածքի հետ: Միայն թե այդ դեպքում պարզ չէ, թե ինչու է Փափազյանը հիշյալ երկրներում նույնպես անցանկալի անձ:
Երկրորդ վարկածն այն է, որ նա հարձակվել էր վարչապետի շարասյան վրա, երբ Փարիզում բողոքի ցույց էր տեղի ունեցել: Այդ պարզաբանումն է տվել կառավարության մամուլի ծառայությունը: Բայց նախ՝ օտարերկրյա քաղաքացուն երկիր թողնելու կամ չթողնելու մասին որոշումը կայացնում է ԱԱԾ-ն, ոչ թե կառավարությունը, եւ պարզաբանում պետք է տա հենց ԱԱԾ սահմանապահ ծառայությունը: Երկրորդ՝ եթե Փափազյանը հարձակվեր որեւէ շարասյան վրա, ապա այդ խուլիգանական արարքի համար նրան իր երկրում պատասխանատվության կենթարկեին: Երրորդ՝ Փափազյանը խնդրո առարկա ցույցին մասնակցել է 2021 թվականի հունիսի 1-ին, որից հետո 4 անգամ այցելել է Հայաստան:
Կարդացեք նաև
Ի դեպ, ընդդիմությունն էլ ասում է, որ Փափազյանին Հայաստան չթողնելու պատճառն այն է, որ նա՛ էր ամիսներ առաջ Հայաստան բերել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին, որը Գորիսում հանդիպում էր ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Ըստ ընդդիմության կողմից շրջանառվող վարկածի՝ Ալիեւն ու Էրդողանը «հրահանգել են» Փաշինյանին՝ պատժել Փափազյանին:
Այս առիթով կուզեի ասել մի բան. կարեւոր չէ, թե որքանով է անհեթեթ իշխանական քարոզիչների ասածը: Կարեւոր է, որ այդ անհեթեթությունը հնարավոր լինի «կերցնել» Հայաստանի եւ, կարծում եմ, ոչ միայն Հայաստանի հասարակություններին: Եթե մարդիկ հավատան, որ Փափազյանը փորում էր Լոնդոն-Մումբայ թունելը, ապա ոչ մի խնդիր չի լինի այդ վարկածը նույնպես հրամցնել հանրությանը: Այդպես է աշխատում քաղաքականությունը:
Քաղաքական առումով ո՛չ Դաշնակցության գործունեությունն ընդհանրապես, ո՛չ էլ տասնամյակների ընթացքում Հայաստանի պաշտոնյաների դեմ ցույցերն արտերկրում ինձ դուր չեն գալիս: Բայց պետության մակարդակով որոշումները չեն կարող ընդունվել զուտ քաղաքական ճաշակով պայմանավորված:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դինոզավրի ու մողեսի միջեւ նույնքան նմանություն կա, ինչ Տիգրան Մեծի ու վերջին երեսուն տարվա ղեկավարների միջեւ: Բայց ժողովուրդը նույնն է մնացել: Ի՞նչ կաներ Տիգրան Մեծն այսօր: Արքաները չեն մտածում՝ մեկը լիներ, մեզ օգներ, արքաները մտածում են, ինչպիսի գործող օրենքներ ստեղծեն, որ ժողովրդից ազգ բանակ ստեղծեն, որ ե՛ւ պատերազմում հաղթեն, ե՛ւ թիկունքում հաղթեն, իսկ թշնամու պարտված ժողովրդի մեջ էլ նույն օրենքները գործեն, ինչ քո սեփական ժողովրդի մեջ է գործում, որն էլ բերում է հաղթանակի: Սա մեր էությունն է, մենք չենք ստրկանում եւ այլ ժողովուրդներին չենք ստրկացնում, ինչպես այսօրվա դեբիլ աշխարհակալ ուժերն են փորձում անել: Մենք ուրիշ տարբերակ չունենք՝ կամ մենք ենք ազգովին ազգ բանակ դառնում ու աշխարհը գրավում՝ սկզբից գրավելով դաստիարակելով մեր ժողովրդին, կամ էլ ռեալպոլիտիկ խաղալով դեբիլներին թույլ ենք տալիս դառնալ մեր գլխին աշխարհակալ: Հոգով ու ոգով ու գաղափարախոսությամբ արքաների կրիտիկական զանգվածը՝ ժողովրդի մի տասը տոկոսը հերիք է, որ պետության քաղաքական որակը արքայական դառնա: Վարդավառը իսկական ժողովրդական տոն է, մարդիկ անկեղծորեն ուրախանում են: Նման ուրախ օրեր թող շատ լինեն: