Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմիտրի Պիսարենկոն թարգմանչին խնդրում էր հարցնել, որ եթե բաց թողնեն, էլի՞ է կռվելու հայերի դեմ»

Հուլիս 23,2022 12:30

Արցախյան պատերազմի մասնակից, բժիշկ, վիրաբույժ, ականատես, վավերագիրն իր օրագրությունն ինձ մակագրեց՝ «հայուհի, մարտիկ, լրագրողուհուն»:

«Արյունոտ օրեր». Մարտակերտ, 92», տպագրվել էր 2000թ.-ին: 22 տարի առաջ օգոստոսին, այն իմ ձեռքում էր՝ իմ թանկ նվերը: Արցախ Բունիաթյանի երկրորդ գիրքն էր «նկուղ-հիվանդանոցից»: Այն 92-ի ապրիլի 24-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածն էր ընդգրկում: Ինչո՞ւ այս օրերին հիշեցի Բժշկին եւ նրա բացառիկ օրագիրը: Այնտեղ կային թուրք գերիների մասին հիշողություններ, նրանց նկատմամբ մեր՝ հայերիս վերաբերմունքի մասին պատմություններ:

Փորձեմ հիշեցնել օրագրության այդ հատվածները:

21.07.1992թ.
– Շտաբից եկան, որ մեկին ուղարկեմ` գերի թուրք են բերել արյունահոսող վերքով, պետք է վիրակապել: Ուղարկեցի բժշկության հետ կապ չունեցող, բայց արդեն վիրակապումներ կատարող Կարինե Գրիգորյանին: Ես չէի կարող գնալ, թեկուզ թշնամուն տանջելը, նսեմացնելը չէի կարող տանել: Կարինեն վերադարձավ ասելով` թե երանի չգնայի: Պատանդը երիտասարդ էր, աչքերի տակ ուռած, գլխի վերքից արյուն էր գալիս, կապել էր, ձեռքերը բռնել էր համբուրելու համար, բարկացել էին` կեղտոտ է եւ իրավունք չունի ձեռքերին հպվելու:…Թուրքին բռնել էին թալան անելիս: Երկու հոգի էին եղել: Մեկին մեքենայի հետեւից կապել, քարշ էին տվել, իսկ դրան բերել էին հավանաբար փոխանակման համար: Ասում էին, որ մի ռուս եւ երկու թուրք աղջիկների էլ էին պատանդ վերցրել: Պատերազմ էր: Իրավիճակը հսկա սարդոստայն էր մշուշի մեջ: Մի պահ ինձ թվում էր՝ կանաչ տերեւները միանգամից թափվում էին ծառերից եւ անտառը թվում էր մերկացած, սեւ, թաց…

Գերի էին բերել, մի երիտասարդ թուրք էր, վիրավոր: Հավաքվել էին, խոսեցնում էին: Լյովիկ Մկրտչյանի հետ եկած Սուսանն իրեն անհամատեղելի էր պահում, բառերի մեջ հայհոյանք;…Սուսանը սկսեց հարվածել գերուն: Ընկեր Սեւանի հետ վեր կացանք, արգելեցինք…Մի բարձրահասակ ազատամարտիկ գերուն պահում էր, պիտի փոխեր թուրքերի մոտ գտնվող եղբոր հետ…

23.07.1992
Երեք հոգու հետ եկավ Սանյան: Մեկի ձեռքից բռնած: Պատանի էր, զինվորական հագուստով: Ընկճված, կուչ եկած, տագնապալի աչքերով այս ու այն կողմ էր նայում: Գերի էր: Գիշերը գերի էր վերցվել մոտիկ շրջաններից: Տարիքի համեմատ փարթամ, կապտավուն աչքերով տղա էր, ազգությամբ`չեչեն…Իր ասելով` եկել էր եղբոր վրեժը հանելու` իբր թուրքերն էին սպանել եւ ինքը գիտեր սպանողին` ջոկատի հրամանատարին:

Ուղարկել էին Աղդամ, այնտեղից անտառներով տարել էին մարտական վայր: Մյուսների հետ նրան էլ ուղարկել էին հետախուզության: Երիտասարդը ցանկացել էր միանգամից հերոսանալ, բայց հա…սխալվել էր: Իհարկե, ստում էր, թե ինքն է հանձնվել…հարցրեցի անուն-ազգանունը` Իսրաիլով Վիսլամ: Ասում էր կծառայի մեզ, ինչ ասենք` կանի: Մինչ գերի ընկնելը պիտի մտածեր, արդեն ուշ էր…


Շարունակելի

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031