Հարցազրույց Շառլ Ազնավուրի անվան Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի հետ
– Պարոն Կիրակոսյան, կարծես ավանդույթ է դարձել միջազգային հարթակներում, մասնավորապես՝ մրցույթների «Երգեցողություն» անվանակարգում ձեր ղեկավարած քոլեջի ուսանողների անունները տեղ են գտնում բացառապես առաջին հորիզոնականներում։ Բացառություն չէր օրերս Բելառուսի Վիտեբսկ քաղաքում 31-րդ անգամ անցկացվող «Սլավյանսկի բազար» մրցույթը։ Ընթերցողին հիշեցնենք, որ «Ազնավուր» քոլեջը հիմնադրվել է 2022թ. հունվարին եւ իրավահաջորդն է Երեւանի մշակույթի եւ ջազային արվեստի պետական քոլեջների։ Հիշյալ մրցույթի կայքից տեղեկացանք, որ ժյուրիի աշխատանքներին մասնակցել եք նաեւ դուք, իսկ կազմը, առավել քան երբեւէ, ներկայանալի է եղել։ Խնդրում ենք սեղմ ներկայացնել մրցույթին մասնակից մեր երիտասարդ կատարողներին։
– Թույլ տվեք տեղեկացնել, որ մեր ուսանողները մրցույթներին մասնակցում են ոչ միայն «Երգեցողություն» անվանակարգում, այլ նաեւ այլ անվանակարգերում եւս՝ պարարվեստ, կերպարվեստ եւ այլն։ Մեծ հաշվով քոլեջն իր գործունեությամբ շարունակում է նման ձեւաչափով մասնակցությունը մրցույթներին, գերխնդիր ունենալով արտասահմանում հավուր պատշաճի ներկայացնել հայ մշակույթը։ Այս անգամ «Մանկական կատարողներ» անվանակարգում մրցելույթներին մասնակցեց Կարինա Սահակյանը, իսկ «Երիտասարդ կատարողներ»-ի՝ քոլեջի այս տարվա շրջանավարտ Մարիա Խանդանյանը։ Կարինան արժանացավ հատուկ մրցանակի, իսկ Մարիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։
– Այս պահին մտաբերեցինք, որ «Սլավյանսկի բազար» մրցույթում երգչին շատ հազվադեպ է շնորհվում հատուկ մրցանակ։ Դուք 2013-ին առաջին հայ մասնակիցն էիք, որ արժանացավ այդ մրցանակին։
Կարդացեք նաև
– Իրավացի եք։ Այս մրցույթի ավելի քան երեք տասնամյակ պատմության ընթացքում հատուկ մրցանակ՝ «Ժյուրիի եւ կազմկոմիտեի հատուկ մրցանակ», իսկապես, հազվադեպ է շնորհվել։ Ի դեպ, Մարիան ընթացիկ տարվա հունվարին Բելառուսում կայացած Art Parad ամենամյա միջազգային մրցույթում արժանացավ առաջին մրցանակի։ Հետո հունիսին, Ղազախստանում անցկացվող «Ոսկե միկրոֆոն» մրցույթում Տաթեւիկ Արծրունյանը նույնպես առաջինն էր։ Այնուհետեւ Ալմաթիում 30-րդ անգամ անցկացվող Boztorgay մրցույթում Սուսաննա Պողոսյանն արժանացավ գլխավոր մրցանակի եւ այլն։
Թույլ տվեք ներկայացնել միջազգային մրցույթներում քոլեջի այլ մասնագիտություններում ուսում առնող ապագա արվեստագետների հաջողությունները նույնպես։ Օրինակ, պարարվեստի մեր ուսանողները այս տարի Art Parad-ում դարձյալ առաջինն էին, իսկ «Գործիքային կատարողական արվեստ» անվանակարգում մեր նվագախումբը (ղեկավար՝ Խաչիկ Սահակյան) շահեց գլխավոր մրցանակը։ Իսպանիայում էլ կայացած «Դալիի բեղերը» լուսանկարչության միջազգային մրցույթում Հակոբ Հովհաննիսյանն արժանացավ առաջին մրցանակի ու ոսկե դիպլոմի եւ այլն։ Ասեմ նաեւ, որ մենք մշտապես մասնակցություն ենք ունենում հանրապետական տարբեր մրցույթների եւս։ Կուզեի ընդամենը թվարկել այս տարվա, ձեր խոսքերով՝ «Սլավյանսկի բազարի» առավել քան ներկայանալի ժյուրիի աշխատանքներին մասնակից անդամների հնչեղ անունները. ժյուրին գլխավորում էր Լարիսա Դոլինան, անդամներն էին աշխարհին ծանոթ անուններ՝ ջազմեն Լեոնիդ Պտաշկա, բանդոնահար Մարիո Ստեֆանո Պետրոդարկի, «Արաբեսկ» խմբի մեներգչուհի Միքելա Ռոուզ։ Կարծում եմ հետաքրքիր կլինի նաեւ մասնակիցների աշխարհագրությունը՝ Իտալիա, Բուլղարիա, Կուբա, Ռուսաստան, Ադրբեջան, Ղազախստան, Սերբիա, Լատվիա եւ այլն։ «Մանկական կատարողներ» անվանակարգում հրաշալի երեխաներ էին Իսրայելից, Եգիպտոսից, Կանադայից, Խորվաթիայից, Էստոնիայից… թվարկումը երկար կտեւի. յուրաքանչյուր անվանակարգում մասնակցում էր 15-ական երկրի ներկայացուցիչ։
– Դուք ժյուրիի աշխատանքների մասնակցության մեծ փորձ ունեք, եթե չենք սխալվում՝ այդ մասով ձեր աշխարհագրությունը ընդգրկում է շուրջ 25 երկիր։ Ցանկացած մրցույթից հետո, «Սլավյանսկի բազարը» բացառություն չէ, խոսակցություններ են պտտվում դրանց քաղաքականացված լինելու մասին։ Այդ առումով «Եվրատեսիլը» ավելի տեսանելի է, բացահայտ ու ակնառու։ «Սլավյանսկի բազարի» մասին ի՞նչ կասեք, միայն թե չասեք, որ այն զերծ էր քաղաքականությունից։
– Չէ, չեմ ասի (ժպտում է-Ս.Դ.)։ Պետական աջակցությամբ անցկացվող յուրաքանչյուր մրցույթ, այսպես թե այնպես, պարունակում է քաղաքական ուղղվածության որոշակի տարրեր։ «Սլավյանսկի բազարն» էլ, ինչպես նշեցիք՝ բացառություն չէր կարող լինել։ Տեսեք, ամեն տարի Ռուսաստանի Դաշնությունը հատուկ մրցանակ էր հանձնում Բելառուսին եւ հակառակը։ Դա այդպես էր մինչեւ այս՝ ռուս-ուկրաինական պատերազմը։ Մրցանակակիրների կազմում էլ պարտադիր մրցանակ էր տրվում ուկրաինացիներին։ Մինչդեռ այս տարի, մրցույթի 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ էր, որ Ուկրաինան ներկայացված չէր։ Ավելին՝ մրցույթի «Մանկական կատարողներ» անվանակարգում ժյուրիի կազմում էր երգչուհի, ինչպես ասում են՝ Լիտվայի պրիմադոննա Բիրուտե Պետրիկիտեն։ Մինչ ժյուրիի աշխատանքներին նրա մասնակցությունը, Լիտվայի ողջ մեդիա դաշտը բացասաբար էր անդրադարձել նրա՝ Բելառուս մեկնելուն, պարզ պատճառով՝ շարունակվող պատերազմի ընթացքում Լիտվան աջակցում է Ուկրաինային։ Եվ սա այն դեպքում, երբ Պետրիկիտեն Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի նախընտրելի, սիրելի երգչուհին է։
– Պարոն Կիրակոսյան, հիմա մեկ հարց, որը վերջին շրջանում շատ է հոլովվում եւ կապված է ձեր անվան հետ։ Ընդ որում, մենք էլ ենք համակարծիք դրան. Վրեժ Կիրակոսյան հիանալի երգիչը կարիերան մի կողմ է դրել, շուրջ 5 տարի նրան չենք հանդիպում, ասում են՝ խանգարող հանգամանքը մեկն է՝ տնօրենի պաշտոնը։ Ո՞րն է ձեր բացատրությունը։
– Ոչ, նման բան չկա։ Այս տարի ուսանողուհուս՝ Լարիսա Պրազյանի հետ նոր ստեղծագործություն ենք ներկայացրել, որի տեսահոլովակի պրեմիերան կկայանա շուտով։ Ավելին՝ հավանաբար տարեվերջին նախատեսում եմ մենահամերգ։ Թույլ տվեք փակագծեր չբացել։ Այս պահի դրությամբ՝ այսքանը։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
22.07.2022