«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը
-Իրանում կայացած ՌԴ նախագահի, Թուրքիայի նախագահի եւ Իրանի ղեկավարների հանդիպումների ժամանակ, ըստ էության, ուրվագծվեցին տարածաշրջանի, եւ որ մեզ համար առավել կարեւոր է, Հայաստանի զարգացման հեռանկարները: Ի՞նչ արձանագրումներ կանեք:
-Հուլիսի 19-ին, Իրանի մայրաքաղաք Թեհրանում, երեք երկրների՝ ՌԴ, Թուրքիայի եւ Իրանի ղեկավարների եւ քաղաքական իշխանության բարձրագույն օղակների հանդիպումը, մեծ հաշվով, նոր ձեւավորվող աշխարհակարգի շրջանակներում, տարածաշրջանային մեծ ազդեցություն ունեցող տերությունների եւ գլոբալ տերության շահերի ուրվագծման դրսեւորում էր, ուր արձանագրումներ եղան ինչպես տարածաշրջանի ապագայի, ներկայի, այնպես էլ ընթացիկ գործողությունների նկատմամբ այդ գերտերությունների վերաբերմունքի մասով: Առնվազն այն հանգամանքը, որ Թուրքիան ակնկալում էր սիրիական իր սպասվող գործողության՝ անվտանգության գոտու մեծացման քայլերի՝ Իրանի եւ Մոսկվայի դիրքորոշումների լոյալությունը, կամ արցախյան հարցով ՌԴ-ի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպումն, ինչպես նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդի կողմից կողմից Սյունիքի եւ հայ-իրանական սահմանի խախտելիության մասին թեզերը, ուրվագծեցին այն շրջանակը, որի մասին, մեծ հաշվով խոսվել էր, եւ այն կարմիր գծերը, որոնք կարեւոր են պետությունների համար: Դա, մեծ հաշվով, քաղաքական առեւտրի այն շրջանակն ու միջակայքն է, որն այս փուլում հանարավորություն է տալու տարածաշրջանին, գոնե որոշակի նախնական պայմանավորվածություններ ունենալ: Ասել, որ այդ հանդիպումը լիարժեք, վերջնական եւ վճռորոշ էր ինչպես Հարավային Կովկասի համար, այնպես էլ հարավային ողջ գոտու համար, իհարկե, այդպես չէ. աշխարհակարգը, որը ձեւավորվում է հենց այսպիսի բանակցային ձեւաչափերի եւ դրանց հանրայնացման միջոցով, կազմված է լինելու բազմաթիվ նմանօրինակ այլ շփումներից: Այստեղ մեկ բան էր հստակ՝ տարածաշրջանի պետությունները ցանկանում են իրենց շահերի եւ պատկերացումների ներքո ձեւավորել նոր աշխարհակարգն ու քաղաքական կլիման, որը տարածաշրջանում պետք է լինի եւ կա: Ու տարածաշրջանային բնույթի այս հանդիպումը հենց դրա վկայությունն է:
Մյուս կողմից, հանդիպումը կարեւոր էր նրանով, որ այն ստվերային քաղաքական եւ տարիներ ձգվող օրակարգերը, որտեղ պետություններն իրենց շահերի մասին էին հայտարարում, արդեն հրապարակային եւ բացահայտ դրսեւորում ունեցան: Իհարկե, այս ամեն ինչը կապված է Հարավային Կովկասի եւ այնտեղ գտնվող Հայաստանի ապագայի հետ: Այս գործընթացների մեջ Հայաստանն ավելի շատ օբյեկտ է, քան սուբյեկտ եւ այս առումով, նրա գոյության եւ անվտանգության ապագան առկախված է մեծ տերությունների որոշումներից եւ այն ուժային բալանսի հաստատումից, որը 44-օրյա պատերազմից հետո էականորեն խախտվել է: Ցավոք, հայկական կողմը որեւէ քայլ չի անում իր շահերի եւ անվտանգության ապահովման տեսանկյունից, ավելին, հանձնվողական, պատանդ դառնալու մոտեցումներ է ձեռք բերել եւ սպասարկում է, առանց բացառության, բոլոր գործընկերների շահերը, այդ թվում նաեւ այն գործընկերների շահերը, որոնց հետ կա գոյութենական սպառնալիք, օպերատիվ սպառնալիք, միայն թե, այսպես ասեմ, չարչրկված, թերահավատ եւ խիստ անիրատեսական խաղաղության դարաշրջանն իրականություն դառնա, իսկ խաղաղության դարաշրջանի հիմնական մեխը, ՀՀ իշխանությունները փաստացիորեն տեսնում են իրենց իշխանության մնալու անխախտելիության մեջ:
-Ուշագրավ էր Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեի՝ հայ-իրանական սահմանի մասին արձանագրումը, որը հնչեցվեց թե Թուրքիայի նախագահի, թե Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, ապա այն տեղադրվեց նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդի թվիթերյան միկրոբլոգում՝ ԻԻՀ-ն երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի փակմանը: Այս մասին ի՞նչ կասեք, Հայաստանի կողմից ի՞նչ քայլեր պետք է հետեւեն Իրանի այս արձանագրմանը:
Կարդացեք նաև
-Իրանական կողմի նման հայտարարությունը եզակի չէ, նախկինում եւս նման հայտարարություններ հնչեցվել են, այդ թվում, Հայաստանի, Իրանի ԱԳ նախարարի ձեւակերպումները, որ իրենց համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է: Սա իրականում մեծ ողբերգություն է գոյություն ունեցող հայկական պետության համար, որն այնքան է իր սեփական գործառույթներից եւ անվտանգության ապահովումից հեռացել, ցանկություն էլ չունի որեւէ քայլ անել, որ հարակից երկրներն են բացահայտ կերպով հայտարարություններ անում: Սա պետության գոյության հիմքերի բացահայտ թույլ լինելու հիմնավորվածություն է եւ պետություն չունենալու վառ դրսեւորում է. բայց իրականությունը հենց դա է:
Ինչ վերաբերվում է հանդիպման ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդի բուն հայտարարությանը, այդ հայտարարության հասցեատերն, իհարկե, Հայաստանը չէր: Այդ հայտարարության բուն հասցեատերը առաջին հերթին Թուրքիան էր, ի դեմս նախագահ Էրդողանի: Եվ անգամ երբ նկարներն ենք դիտարկում՝ ձեւակերպումների բնույթը եւ Էրդողանի դեմքի արտահայտությունը ցույց են տալիս, որ ինքը լսում է ձեւակերպումներ, որոնք չեն համընկնում Թուրքիայի դերի եւ տարածաշրջանային ուժային հարաբերությունների մասին իր պատկերացումներին: Թուրքիային, ուղղակի ցույց տվեցին այն կարմիր գիծը, որը նա երբեւէ եւ որեւէ պարագայում չպետք է հատի: Բայց, պետք է հասկանալ, որ Թուրքիան այն երկիրը չէ, որ այդպես, շատ հանգիստ հանձնվի: Իրենք փորձելու են ամեն ճանապարհով, բոլոր հնարավոր ուղիներով, այդ թվում նաեւ ոչ սեփական ձեռամբ, այդ ամենն իրագործել: Միգուցե նաեւ Արեւմտյան երկրների միջոցով, որովհետեւ այդ ճանապարհի, այդ միջանցքի հարցն իրենց համար կենսական օրակարգ է: Կարծում եմ, իրենք իրենց այդ պլանից ետ չեն կանգնելու եւ փորձելու են առաջին իսկ հնարավորության, շահեկան կոնյուկտուրայի պարագայում, այդ խնդիրը լուծել: Օրինակ, եթե տեսականորեն, Իրանում տեղի ունենան բախումներ կամ Իրանի շուրջ տեղի ունենա ռազմական օպերացիա, որը վտանգավոր հեռանկար է տարածաշրջանի եւ աշխարհի համար, ես չեմ բացառում, որ Թուրքիան՝ Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տված, փորձեն ճեղքել Սյունիքը եւ իրենց խնդիրը լուծեն: Առհասարակ, պետք է հասկանալ, որ երբ Իրանի ղեկավարությունը նման հայտարարություն է անում, դա անում է չոր պրագմատիզմի, իր անվտանգության, իր շահերի տեսանկյունից ելնելով: Ես որեւէ կերպ չեմ կիսում հայկական տարբեր շրջանակների այն ոգեւորվածությունը, որ Իրանը հանձնառություն է վերցրել Սյունիքը պաշտպանելու մասով: Ավելին, ես չեմ կարծում, որ դա զուտ Իրանի մոտեցումն էր, Իրանի միջոցով դա հանրայնացվեց միայն, որովհետեւ, չմոռանանք, որ հենց Սյունիքում է գտնվում ՌԴ-ի նոր կառուցված եւ հաստատված ռազմական բազան: Կարելի է ասել, որ այստեղ Թեհրան-Մոսկվա բանակցային օրակարգի դերաբաշխում է կատարվել եւ քանի որ ՌԴ-ն, մեծ հաշվով, չի ցանկանում այս պահին իր հարաբերությունները սրել Թուրքիայի հետ՝ հայտնի պատճառով՝ Արեւմուտք-ՌԴ հարաբերությունները բավական սուր են եւ շատ հարցերում Թուրքիան փոքրիկ պատուհաններ է բացում այս կամ այն շփումների, նաեւ արտաքին առեւտրի տեսանկյունից, ապա այսպիսի դերաբաշխում էր, հավանաբար, արվել: Բայց դա, իհարկե, համապատասխանում է Իրանի կենսական շահերին:
– Իրանը նաեւ հայտարարել էր, որ պատրաստ է միջուկային զենքի պատրաստման, բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաներն ունի, Ադրբեջանը ԵՄ-ի հետ էներգետիկ համագործակցության համաձայնագիրը կնքեց: Հուլիսի 7-ին Հայաստանում էր Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, հուլիսի 15-ին Հայաստանում էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Ուիլյամ Բըրնսը, հուլիսի 18-ին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Ի դեպ, նա բաց տեքստով հայտարարություն արեց՝ ասելով, որ ՌԴ-ն ունի բավարար ուժեր եւ ռեսուրսներ՝ դաշնակիցներին պաշտպանելու համար: Իսկ մինչ այդ, Հայաստանի վարչապետը եւ այլ տարբեր տրամաչափի իշխանական գործիչներ սկսեցին խոսել նոր պատերազմի հավանականության մասին: Հայաստանը դառնում է գերտերությունների շահերի սպասարկման պլացդա՞րմ:
-Իրանը տարիներ շարունակ ունի միջուկային ուսումնասիրությունների ակտիվ ծրագիր, որը ՄԱԳԱՏԵ-ի մոնիտորինգի տակ է գտնվում եւ Իրանը բավական բաց է այդ առումով: Սակայն, Իրանը հասկանում է, որ աշխարհում ոչ թե իրավունքի ուժն է, այլ ուժի իրավունքը. այն իրականության մեջ, որում մենք ապրում ենք եւ որտեղ իրավունքի ուժը փաստացիորեն զրոյացել է եւ մենք վերադարձել ենք դասական քաղաքականության դարաշրջանին, որպես աշխարհակարգի ձեւավորման հիմք, Իրանն իրեն թույլ է տալիս այդպիսի ձեւակերպումներ: Իրանն, այո, տեխնոլոգիապես ունի բավական խորացած ուսումնասիրությունների մակարդակ միջուկային զենքի ստեղծման համատեքստում եւ այդ ամենի մասին պարբերաբար հայտնում է, ինչն, իմ կարծիքով, ավելի շատ քաղաքական ենթատեքստում է: Մյուս կողմից, Իրանն ուղերձներ է հղում իր հարեւան երկրներին, օրինակ, Ադրբեջանին. շաբաթներ առաջ, իրանական չինովնիկներից մեկը, ձեւակերպումներ թույլ տալով Իսրայելի հասցեին, մտահոգություն հայտնեց, որ իր հարեւաններից որոշները, նկատի ունենալով Ադրբեջանին, Իսրայելի հետ ռազմավարական հարաբերություններ են հաստատում եւ դա Իրանի համար անհանգստության թեմա է:
Չմոռանանք, ամիսներ առաջ, ադրբեջանա-իրանական սրացումները: Բայց պետք է հասկանանք, որ դրանք քաղաքական կոնյուկտուրայի արտացոլում են եւ դրան զուգահեռ Իրանն ու Ադրբեջանն ունեն արտաքին առեւտրի մեծ փաթեթ. ամենեւին Իրանին պետք չէ, որպեսզի Ադրբեջանը փլուզվի, Իրանին պետք է այնպիսի Ադրբեջան, որը կառավարելի կլինի, որտեղ թուրքական եւ իսրայելական ազդեցության տարրերը կլինեն զուսպ եւ իր ազգային շահերին չխանգարող: Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ, որ Ադրբեջանը լիներ իրանական ազդեցության գոտում, բայց այս պահի դրությամբ, այդպիսի իրավիճակ, բնականաբար, չկա:
Մյուս կողմից, Ադրբեջանի դերակատարումը, ինչպես մի կողմից էներգետիկ պահուստներ ունեցող երկիր, մյուս կողմից՝ լոգիստիկ հնարավորություններ ունեցող երկիր, մեծանում է ԵՄ-ի համար, որովհետեւ ՌԴ–ԵՄ այսօրվա օրակարգը, որը էականորեն կապված է էներգակիրների արտահանումից, հատկապես գազային դիվանագիտությունից, Ադրբեջանի նման պետությանը նոր, առավել կարեւոր դերակատարում է տվել: ԵՄ-ն փորձում է նոր գազի շուկաներ գտնել եւ այդ առումով, Ադրբեջանը նրանց, բնականաբար, հետաքրքիր է եւ ոչ միայն զուտ Ադրբեջանի գազի պահուստների մասով, այլ առավելապես տրանսկասպյան գազամուղի հեռանկարի ու հատկապես ղազախական ու թուրքմենական գազը ԵՄ արտահանելու տեսանկյունից: Հենց այս համատեքստում էր պետք հասկանալ արցախյան 44-օրյա պատերազմի փաստն, առհասարակ, որովհետեւ պետք էր խնդիրն ամեն գնով լուծել եւ մյուս կողմից էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որպեսզի ՌԴ-ն այս տարածաշրջանից դուրս գա: Հենց այս համատեքստում է պետք հասկանալ նաեւ հետախուզական ծառայությունների գործակալությունների ղեկավարների այցը Հայաստան, որը տեղի ունեցավ նախորդ շաբաթվա մեջ. դրանք այնպիսի երկրներ են, որոնք տարածաշրջանում եւ աշխարհում օրակարգ են ստեղծում: Հայաստանն, իհարկե, որոշակի տարածք էր դարձել նրանց հանդիպման համար եւ մեծ հաշվով, բոլորի այցերի մեջ կար մեկ ընդհանուր գիծ՝ տարածաշրջանային աշխարհակարգում հասկանալ առկա խնդիրների լուծման ներկա միտումները: Բնականաբար, կային նաեւ աշխատանքային հարաբերությունների օրակարգեր: Օրինակ, հայ-ռուսականի հետ կապված նաեւ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը նաեւ որոշակի հետաքրքիր փակագծեր բացեց՝ նշելով, որ հետախուզական ծառայության ձեւակերպման, մշակման ուղղությամբ ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում Հայաստանին: Պետք է հասկանալ, որ բազմաշերտ, բազմափուլ գործընթացներ են գնում եւ այս այցերը շարունակական կլինեն, իհարկե, միգուցե ոչ այս խտությամբ եւ միգուցե ոչ միայն Հայաստանում, այնուամենայնիվ, հստակ դիրքորոշումների ճշգրտում, փոփոխություն եւ առեւտուր է տեղի ունենում՝ նոր աշխարհակարգի տարածաշրջանային դրսեւորումները հաստատելու ուղղությամբ:
-Այդ ընթացքում, Թբիլիսիում տեղի ունեցավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին հայկական կողմը տեղեկացավ Իլհամ Ալիեւի հայտարարությունից: Հանդիպման մասին հայկական կողմի եւ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունները ավելի շատ հարցեր առաջացրեցին, քան պատասխաններ տվեցին, մասնավորաբար, Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է «Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրս բերման վերաբերյալ», անդրադառնալով հումանիտար խնդիրներին, ընդգծել է «մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերը պարզելու կարեւորությունը»։ Իսկ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ խոսք չկա այն մասին, որ հայկական կողմն ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքի դուրս բերման կարեւորության մասին: Ադրբեջանում պահվող ռազմագերիներին անհապաղ արձակելու նոյեմբերի 9-ի հայտարարության կետը, հայկական կողմը նույնպես չի պնդել, արձանագրել են: Արդյունքում՝ ի՞նչ սպասել, մանավանդ, որ Հայաստանում կարծես կոնսենսուս է ձեւավորվել այս իշխանության գործողությունների մասով. ընդդիմությունն էլ, շոգերի պատճառով, մեկնեց արձակուրդ:
– Քանի որ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները եւ փոփոխությունները կապված են տարածաշրջանի պետությունների եւ գլոբալ պետությունների փոխհարաբերությունների հետ, բնականաբար, Վրաստանում հայկական եւ ադրբեջանական արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջեւ հանդիպումն այս քաղաքական փազլի կարեւոր տարրերից էր: Բնականաբար, հաղորդագրությունները պետք է տարբերվեին, քանի որ մենք ունենք մի իրավիճակ, երբ հայկական կողմը շատ հաճախ բանակցում է մի բան եւ չի ներկայացնում, որ բանակցությունների նյութը եղել է հենց դա, որովհետեւ մենք հետագայում բացահայտում ենք, որ դա հայկական ազգային շահերի կոպտագույն խախտում էր եւ հերթական զիջողական քաղաքականության դրսեւորումը: Հիշեցնեմ, որ այդ հանդիպումից եւ ադրբեջանական կողմից տարածված հաղորդագրությունից օրեր հետո, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ հայկական զինված ուժերը դուրս են բերվում Արցախից. այդ թվում նաեւ տեխնիկայի մասին էր, հավանաբար, խոսքը, իսկ նորակոչիկներն այնտեղ այլեւս ծառայություն չեն իրականացվելու: Այսինքն, փաստացի ունենք Արցախի հանձնման ռազմական տարրի գործընթաց, որը Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով հայտարարվել է եւ եղել է պայմանավորվածություն դեռ շատ վաղուց, ոչ ներկայումս է ձեռք բերվել: Ընդհանրապես, հայկական կողմը, հայ-ադրբեջանական բանակցային ֆորմատում, շատ ամուլ եւ իմպոտենտ է իրեն պահում, գրեթե համաձայնվում են բոլոր տարրերի հետ, ինչն առաջարկում է Ադրբեջանը՝ միայն թե հայկական իշխանության հետ կապված որեւէ պայման ի հայտ չգա: Այստեղ կան մի քանի խնդիրներ, որոնք առանցքային են ՀՀ գործող իշխանությունների համար, որովհետեւ ներհասարակական PR-ի տեսանկյունից շատ կարեւոր են եւ շատ զգայուն են. դա գերիների վերադարձի խնդիրն է: Բայց Ադրբեջանը բավական կոշտ է տրամադրված, որովհետեւ, հավանաբար, Իլհամ Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ եղել է պայմանավորվածություն, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը պետք է շատ արագ ստորագրել եւ այս պահի դրությամբ, Փաշինյանը հասկանում է, որ այդ պայմանագրի ստորագրումը կարմիր գիծ է, այդ թվում նաեւ աշխարհաքաղաքական առումով, որը նա այս փուլում գոնե հատել չի կարող, որովհետեւ հետեւանքները կարող են իր համար նաեւ լինել ծայրահեղ վտանգավոր եւ անկանխատեսելի: Ցավոք, Հայաստանն այս գործընթացներում վաղուց կորցրել է սուբյեկտայնությունը եւ տպավորություն է, որ ցանկություն էլ չկա սուբյեկտայնությունը վերականգնել, որովհետեւ սուբյեկտայնությունը ենթադրում է պայքար ազգային շահերի համար, իսկ այն ամենը, այդ թվում նաեւ բանավոր պայմանավորվածությունները, նաեւ անձնական շփումները, որոնք տեղի են ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ, որոնց ձայնագրությունը, հավանաբար, Ադրբեջանական կողմն ունի, խիստ խնդրահարույց են լինելու ՀՀ գործող իշխանության համար:
Ինչ վերաբերվում է ընդդիմությանը, ընդդիմության ռազմավարությունը խորքային եւ հիմնաքարային բարեփոխման, արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն ունի: Այն գործընթացները, որոնք փոփոխական հաջողությամբ, բայց հետագայում, մեծ հաշվով անհաջողությամբ պսակվեցին, պետք է դառնան քաղաքական փորձառության եւ ուսումնասիրության արդյունք: Պետք է ուղեցույց դառնան՝ ինչպես կարելի է քաղաքականություն վարել, ինչպես չի կարելի, հատկապես փողոցային քաղաքականություն: Ընդդիմությունը, կարծում եմ, շատ ավելի վճռական քայլերի պետք է գնա, եթե օրակարգում ունի պետության փրկության եւ Արցախում հայ ազգաբնակչության չցեղասպանման հարցը: Այդ տեսանկյունից, կարծում եմ, աշնանը որոշակի ակտիվացում կլինի, բայց եթե նախկինում գործարկված ձեւաչափը ռեսթարթ չարվի եւ ավելի արմատական, սկզբունքային քայլերի չհանգեցնի, ապա այդ գործընթացը քաղաքական առումով, նույնպես բավական ռիսկային կլինի, եւ միգուցե ոչ այդքան արդյունավետ:
Զրույցը՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
22.07.2022