Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո Արամ Նավասարդյանը կանգնել է. կա տեսագրություն

Հուլիս 22,2022 23:57

Ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29 ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան դեպքով հարուցված քրեական վարույթում  այս պահին հասանելի ապացույց չկա, թե մահը վրաերթից հետո որ ժամին է վրա հասել:

«Կան որոշակի տվյալներ, բայց կոնկրետ չենք կարող ասել: Բժշկական սխալի, ժամանակին չհասցնելու, ժամանակին բուժօգնություն չցուցաբերելու հետեւանքով մահվան վերաբերյալ եզրահանգումները միմիայն պետք է քննության առարկա դառնան դատաբժշկական փորձաքննությունների շրջանակներում»,- այս մասին Aravot.am-ին ասաց Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը`անդրադառնալով Սոնա Մնացականյանի մոր պնդումներին, թե աղջկա մահը վրա է հասել դեպքից մոտ 1,5 ժամ հետո:

Րաֆֆի Ասլանյան

Րաֆֆի Ասլանյանի խոսքով, Ճանապարհային անվտանգության ապահովման  մասին օրենքի 25-րդ հոդվածով Սոնային վրաերթի ենթարկած մայոր Արամ Նավասարդյանը պարտավոր էր վրաերթից հետո կանգնել, բայց չի կանգնել:  Ըստ նրա՝ վթարից հետո չկանգնելը, դեպքի վայրից հեռանալը ոչ միայն քրեորեն, այլեւ բարոյական տեսանկյունից պատժելի արարք է:

Ռուբեն Բալոյան

Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանն էլ վստահեցնում է, որ դեպքից անմիջապես հետո իր պաշտպանյալը կանգնել է. «Դրա  վերաբերյալ քննիչի մոտ առկա է տեսանյութ: Բարձրացել է մի փոքր վերեւ՝ աջում, որտեղ ազատ տեղ է եղել ու կանգնել է: Կանգնել է ու փորձել խնդիրները կարգավորել: Ռադիոկապով արդեն տեղեկացել է, որ շտապ օգնությունը արդեն կանչվել է, տանելու են Նաիրի բ/կ, ինքն էլ այնտեղից շարժվել է դեպի Նաիրի բ/կ: Այսինքն՝ այնտեղ  էլ է կանգառ կատարել: Այդտեղից խոսել է Նաիրի բ/կ-ի բժշկուհու ու բաժնի վարիչի հետ, խնդրել է աղջկան ցուցաբերել առավելագույն լավ բուժօգնություն»:

Ըստ Րաֆֆի Ասլանյանի՝ համապատասխան փորձաքննության եզրակացությամբ արդեն հաստատված է, որ Արամ Նավասարդյանն իրեն զրկել է այս վրաերթը կանխելու հնարավորությունից. «Այսինքն՝  խախտման փաստն արդեն կա ոչ միայն արագության գերազանցության մասով: Փորձագետը հստակ տվել է, որ Արամ Նավասարդյանը,  խախտելով երթեւեկության կանոնները, արագության գերազանցմամբ, ինքն իրեն զրկել է վրաերթը կանխելու հնարավորությունից» :

Ավելի վաղ Ռուբեն Բալոյանը լրատվամիջոցներին ասել էր, որ հնարավոր է այս քրեական գործը կարճվի: Իսկ Րաֆֆի Ասլանյանն այս քրեական գործի կարճման հեռանկար չի տեսնում. «Առավել եւս այս  պահին կա արդեն առաջնային փորձաքննություն, որով խախտումը հաստատված է համարվել: Այս պահին Արամ Նավասարդյանն ունի մեղադրյալի կարգավիճակ: Լրացուցիչ փորձաքննության շրջանակներում եւս այդպիսի հեռանկար չեմ տեսնում, բայց եթե պաշտպանական կողմն այդպիսի պնդումներ է անում, պետք է ասի, թե որտեղից այդպիսի տեղեկություններ, հաստատվա՞ծ տեղեկություններ են, թե՞ որպես իրավաբան պարզապես եզրահանգումներ է անում, ինչն իր իրավունքն է»:

Ինչ վերաբերում է տուժող կողմի պնդումներին, թե գործով կարեւոր ապացույցներ են ոչնչացվել, ռացիայով խոսակցություններ, հրահանգներ, պարոն Բալոյանը պարզաբանեց. «Հրահանգի հարց չկա, դա, ըստ էության, ապացույց չէ, նման ապացույց երբեւէ չի եղել, որ ոչնչացվի: Այդ ձայնագրող սարքերը դեպքից մեկ թե երկու օր առաջ արդեն խափանված են եղել, այս դեպքի հետ կապն չունեն: Հետո այդ ձայնագրող սարքերը ինչ պետք  է տան ձեզ, տուժող կողմին, որ փորձ է արվում օգտագործել Արամ Նավասարդյանի դեմ: Մտածում եք, թե դիտավորյա՞լ է եղել վրաերթը, ասել են՝ սպանե՞ք այդ աղջկան, վրաերթի ենթարկե՞ք, հեսա փողոցն անցնո՞ւմ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031