Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղությունն է մեր օրակարգը, եւ ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունն այս հարցում». Էդուարդ Աղաջանյան

Հուլիս 22,2022 23:33

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը հուլիսի 22-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է պատվիրակության այցը Հայաստան: Հանձնաժողովի նախագահը  ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը, ստեղծված իրավիճակը եւ հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ:

Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության եւ իրավունքների պաշտպանության հարցը՝ նշելով, որ նրանք այսօր կանգնած են անվտանգային մարտահրավերների առջեւ: «Մենք պատերազմը չենք տեսնում որպես խնդրի լուծում, խաղաղությունն է մեր օրակարգը, եւ ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունն այս հարցում»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:

«Մենք ասում ենք, որ հակամարտությունը դեռեւս ավարտված չէ, որովհետեւ խնդիրը լուծված չէ»,- նշել է Մարիա Կարապետյանը՝ բարձրաձայնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների հարցը: Նրա խոսքով՝ գեղեցիկ բառերով միջազգային հանրությանն ադրբեջանական կողմից ներկայացվող իրավիճակը չի համապատասխանում իրականությանը: «Մենք ցանկանում ենք հակամարտությունը լուծել: Պատերազմն ավարտվել է, բայց խնդիրը չի լուծվել»,- ասել է պատգամավորը՝ պատվիրակության անդամների ուշադրությունն ուղղելով խոսքերի եւ գործողությունների անհամապատասխանությանը:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերը նշել է, որ իրենք ցանկանում են կառուցողական ճանապարհով աջակցել հարցի լուծմանը:

Անդրադարձ է եղել նաեւ տրանսպորտային ճանապարհների բացման հնարավորություններին, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց հայրենադարձության, Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցերին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031