Գուսան Շահենի ծննդավայրը՝ Աշոցք խոշորացված համայնքի Կրասար բնակավայրը, 400 բնակիչ ունի․ 145-ը դրսերում են՝ արտագնա աշխատանքի։
Գյուղի վարչական ղեկավար, 41-ամյա Գեղամ Գևորգյանը ևս ժամանակին արտագնա աշխատանքի է գնացել Ռուսաստանի Դաշնություն, սակայն Աշոցք համայնքի խոշորացումից հետո վերադարձել է ու ստանձնել գյուղի կառավարման ղեկը։
«Ես ինքս ոչ մի վայրկյան չեմ նստում, որ չծերանամ։ Շատ լավն է մեր գյուղը, ես էստեղից էլ ոչ մի տեղ չեմ գնա։ 10 տարի դրսերն եմ եղել, ասֆալտի գործ էի անում, տրակտոր քշում, ինչ ասես արել եմ ընտանիք պահելու համար։ Խոշորացումը, որ եղավ, մեր ընկերը ընտրվեց Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար, ես Մոսկվայում էի, իմ գործերը շատ լավ էին, բայց կանչեցին, եկա, նշանակեցին վարչական ղեկավար։ Ինձ նշանակել են, ես էլ ամեն ինչ պիտի անեմ գյուղի կյանքը փոխելու համար, ես իմ ներդրումը պիտի ունենամ»,-ասաց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Վերջինս վստահեցմամբ՝ ամեն ջանք ներդնում է, որ գյուղը զարգանա, արտագնա աշխատանքի չգնան։
Գյուղը երկրաշարժից հետո մոտ 50 նորակառույց տներ ունի․ Լվովի շինարարական բրիգադներ են սարքել, ու փոքր գյուղը բավական մեծացել է։ Գյուղի դպրոցը երկրաշարժից հետո կառուցել էին իտալացիները, հիմա դպրոցը նոր շենք ունի, իսկ իտալացիների կառուցածի մի մասը վերածել են նախակրթարանի։
«Կտորըմ պետությունը, որ ուշադրություն դարձնի, մենք էլ մեր համայնքի ներդրումներով սուբվենցիոն ծրագերով ահագին բանի կհասնենք։ Գյուղում տներ կան, որոնք ամեն հարմարություն ունեն, ներս ես մտնում, կարծես Գյումրու բնակարանները լինեն։ Ընտանիքներ էլ կան, նպաստառու են, մի քիչ խեղճ են, բայց քիչ- քիչ կընկնի տեղը, հո ամեն ինչ միանգամից չի լինի։ Ամբողջ գյուղից 8-9 ընտանիք են վատ վիճակում։
Ես կասեի՝ մեր գյուղի մարդիկ միջին ապրողներ են, բայց եթե կողքի գյուղերից հարցնես՝ կասեն կրասարցիք հարուստ ժողովուրդ են, շատ աշխատող են, թասիբով ժողովուրդ են։ Հիմա ֆռռանք, դռները նայեք, համարյա բոլորը տեխնիկա ունեն, աշխատել, ստեղծել են, չեն գողացել մարդիկ, հալալ քրտինքով է»,-ասում է Գեղամ Գևորգյանը։
Վերջինս, սակայն նշում է, որ գյուղատնտեսական աշխատանքներով եկամուտ ստանալը հեշտ չէ, այդ պատճառով էլ շատերը գնում են արտագնա աշխատանքի։
«Եկամտի հիմական աղբյուրը դրսից է, շինարարություն է, ասֆալտ է, ամեն մեկը մի բնագավառ գտել, իր համար գնում, աշխատում է, բայց ձմեռը հետ են գալիս։ Ընդամենը 2-3 ընտանիք ունենք, որ հեռացել են, մնացածը գալիս են։
Ջահելները բանակից գալիս են, զբաղմունք չկա, մարդիկ ուզում են աշխատել, աշխատատեղ չկա, ուզեն-չուզեն դուրս պիտի գնան»,-ասում է Կրասարի վարչական ղեկավար։
Այդուհանդերձ Գեղամ Գևորգյանը Կրասարը երիտասարդների գյուղ է համարում։
«Մեր գյուղի երիտասարդները շատ աշխույժ, ամեն մեկն իր գործերով է, իհարկե, ովքեր որ գյուղում են։ Հիմնականում անասնապահությամբ են զբաղվում՝ կով, ոչխար են պահում, այծեր էլ են կան, բայց շատ քիչ են։
Սպառման շուկայում հույսներս դրել ենք եզդիների վրա, նրանք են ապրանքը տանում։ Դռան վրայից գալիս-տանում են, կարող է եզդի չլինի, Գյումրիից գան։ Մոտիկ ղասաբներ կան, համարներն ունենք, գալիս, մորթ են անում, առնում, տանում են։ էստեղ սպանդանոց սարքեցին, բայց դեռ չի գործում։ Մեզ ձեռ է տալիս միջնորդով վաճառքը, տանողն էլ պիտի փող աշխատի, մենք էլ։ Ցուլիկը մորթում են, միսը 1800 դրամով այսօր գալիս, տանում են շուկա, 3300 դրամով վաճառում։ Մեզ որ ձեռնտու է։
Կաթի վիճակն էր շատ վատ, անցած տարի դարձրեցին մեկ լիտրը՝ 140 դրամ։ Գյուղացիները ելան, ճամփա փակեցին։ Ես՝ որպես վարչական ղեկավար՝ պարտավոր էի իմ ժողովրդի մասին մտածել, մարդկանց կանչեցինք, մարզպետից սկսած՝ ելան, եկան, ժողովրդին լսեցին, գինը դարձավ 150 դրամ։ Բայց այս տարի լավ է, 150-ից դարձել է 200 դրամ։ Ժողովրդին ահագին օգուտ է այս տարի, անձրևային է, խոտի խնդիր քիչ ունենք, անցած տարի ահավոր վիճակ էր, ժողովուրդը խոտ չէր կարողանում գտնել, անասունները այդ պատճառով ջարդվեց։ Անցած տարի ունեինք 1200 գլուխ խոշոր եղջերավոր, էս տարի ունենք 700 գլուխ՝ 500 գլուխ պակաս»։
Վարչական ղեկավարը գյուղում ծնելիություն մակարդակը համարում է նորմալ՝ ասելով՝ դպրոցում 82 աշակերտ ունենք․ 2018 թվականին շահագործման հանձնված դպրոցի շենքը 100 աշակերտի համար է կառուցված։
«18 աշակերտ են պակաս, էդպես կարելի է ասել»,-ասում է մեր զրուցակիցը:
41-ամյա վարչական ղեկավարն ասաց, որ 3 երեխա ունի, գյուղացիներին բազմազավակ ծնող դառնալու օրինակ է ծառայում։
Ըստ Գեղամ Գևորգյանի, կան ընտանիքներ, որոնք պատրաստվում են 5-րդ երեխան ունենալ, 3-4 զավակ ունեցողները շատ են։
«Շատ երեխա, շատ տնտեսություն, երեխայից լավ բա՞ն»,- ասում է վարչական ղեկավարը։
Գյուղը ոռոգման համակարգ չունի, ըստ վարչական ղեկավարի, Աստծո հույսին են, անձրև եկավ, բերք կլինի, չեկավ՝ չի լինի։
Տարիներ շարունակ նաև խմելու ջրի խնդիր են ունեցել, որը վերջապես կլուծվի այս տարի։ Սարերից հոսող 4 բնական աղբյուրների ջուրը խողովակավաշարով կհասցնեն գյուղ։ Սուբվենցիոն ծրագրով է իրականացվում, որի արժեքը 40 միլիոն դրամ է։
Գյուղապետարանի շենքը դեռ տնակի մեջ է, դիմում են ներկայացրել՝ պետգույքին պատկանող շենքից գյուղապետարանին սենյակներ տրամադրելու խնդրանքով։
Մեր այցի ժամանակ գյուղում հուշարձան էին կառուցում՝ ի հիշատակ 44 օրյա պատերազմի նահատակվածների։ Գյուղը հինգ զոհ ունի․ մեկն անհետ կորած է։
Գյուղը Կրասար անվանել են սարերում կիր ունենալու պատճառով։ Վերջերս, ըստ վարչական ղեկավարի, ինչ-որ մարդիկ վարձակալել են հողը, փորձել կիրը հանել, օգտագործել, սակայն հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ ծախսերը չի փակում, չի արդարացնում։
Գյուղի ամենատարեց տղամարդը՝ 77-ամյա Արարատ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ տարիներ առաջ գյուղը ուզում էին անվանափոխել, դարձնել Շահենավան՝ ի պատիվ Գուսան Շահենի, բայց «վերևներում» չեն համաձայնել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ