Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանումը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի ՀՀ մուտքի արգելքի մասին, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի համար այնքան էլ հիմնավոր չէ։
Պաշտոնական պարզաբանմամբ նշվում է՝ «տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության եւ անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»:
Փափազյանի մուտքը ՀՀ, ըստ նույն աղբյուրի, արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» եւ «զ» կետերը: Իսկ այս հոդվածի համապատասխան կետերը սահմանում են՝ օտարերկրացու մուտքն արգելվում է եթե՝ գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
-վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
Կարդացեք նաև
– իրականացնել ահաբեկչական գործունեություն,
– սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
– իրականացնել մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ (կամ) անօրինական սահմանահատումներ.
զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ:
«Ինձ համար այնքան էլ հիմնավոր չէ պարզաբանումը կամ օրենքի այդ դրույթներին հղում տալը․ եթե այդ անձը տվյալ երկրում որեւէ քրեական հետապնդման չի ենթարկվում, եւ այդ անձը փաստացի հատել է սահմանը, քանի որ , եթե քրեական հետապնդման ենթարկվեր, ապա չէր կարող Ֆրանսիայի սահմանը հատել։
Նախ՝ պետք է հասկանալ՝ այդ անձը տվյալ գործողությունների համար քրեական հետապնդման ենթարկվե՞լ է, թե՞ ոչ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Մեր դիտարկմանը, որ հղում է արվում մեր օրենսդրությանը, ըստ որի սպառնալիքը ՀՀ անվտանգությանն է առնչվում, իրավապաշտպանն ասաց՝ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ սահմաններից դուրս, ինչպես որ պաշտոնական պարզաբանման մեջ է նշված, եւ եթե իրավապահները միջամտել են դրան, եւ եթե որեւէ քրեական հետապնդման չի ենթարկվել, ուստի նրա գործողություններն այդքան էլ վտանգավոր չեն եղել։
«Պետք է ներակայցվեին փաստեր եւ ապացույցներ, որ տվյալ անձը վտանգավոր է այնքան, որքանով որ նշված հոդվածով արգելել են մուտքը։ Այդ փաստերը կամ կասկածները պետք է հիմնավոր լինեն, թե՝ ինչ տվյալներ են հավաքագրվել, որ նա լուրջ հանցագործություն է պատրաստել ՀՀ անվտանգության նկատմամբ։ Բավական լղոզված եւ ոչ հիմնավոր են պարզաբանումները։ Հակառակ դեպքում շատ հնարավոր է, դրսում ցանկացած քաղաքացի, ով անհամաձայն է ՀՀ քաղաքական ղեկավարության հետ եւ որեւէ ցույց արած լինի, կարող է նույն հիմնավորմամբ արգելվի նրա մուտքը ՀՀ»,-ասաց իրավապաշտպանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ