Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունն այսօր ՀՀ ԱԺ-ում էր․ հանդիպումներ են կայացել նաեւ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ։ «Ցանկանում էին լսել մեր տեսակետներն ու հասկանալ մեր մոտեցումները՝ որպես ընդդիմություն։ Բոլոր հարցերը բարձրաձայնել ենք, որոնք վերաբերում են արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորմանը»,-լրագրողներին հայտնեց հանդիպման մասնակից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա շեշտեց, որ եվրոպական կառույցների համար տեղեկատվության հիմնական աղբյուրը տվյալ երկրում իրենց դեսպանն է․ «Մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանը ոչ պատշաճ եւ ոչ ճշգրիտ տեղեկատվություն է փոխանցում։ Անդրեա Վիկտորինի ներկայությամբ ես խոսել եմ ՀՀ-ում քաղաքական բռնաճնշումների մասին՝ մատնանշելով նաեւ Արմեն Գրիգորյանի մահվան դեպքը դատարանում։ Ասել եմ, որ քաղաքական դրդապատճառներով դատարանում սպանություն է եղել։ Եթե անգամ տիկին դեսպանը խորշում է այս իշխանությանը հակառակ որեւէ տեղեկություն փոխանցել եվրոպական կառույցներին, ապա սա հարմար առիթ էր մեր համար՝ հարցերը բարձրաձայնելու»։
Աննա Գրիգորյանի խոսքով․ «Եվրոպացի գործընկերների մոտ որոշակի զարմանք կար, որովհետեւ ամբողջությամբ չէին տիրապետում ներքաղաքական իրավիճակին։ Այո, հավանաբար նրանց ասվում է, որ խորհրդարանական ճգնաժամ կա, որ ընդդիմությունը փողոցում է, բայց նրանք հավանաբար անտեղյակ են եղել ՀՀ-ում առկա իրական իրավիճակից։ Ուստի սա հարմար առիթ էր այդ մասին խոսելու։ Մենք մատնանշել ենք, որ կա քաղաքական ճգնաժամ, քաղբանտարկյալներ, որ ունենք ռազմագերիներ, որ այս իրավիճակում Ադրբեջանի հետ սահմանազատում չի կարող լինել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ