Արդյունաբերության ոլորտում ներդրողները, որոնք ցանկանում են կառուցել նոր գործարաններ, աջակցության նոր սխեմա կստանան պետությունից. «Դա ենթակառուցվածք է՝ ներդրումների դիմաց»,-այսօր այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա մասնակցում էր «Հայաստանում գործարար միջավայրի բարելավում» ԱՄՆ ՄԶԳ ծրագրի կողմից մշակված Ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի շնորհանդեսին:
«Շուտով կներկայացնենք մանրամասները։ Խոսքը, մասնավորապես, այն մասին է, թե ինչ պայմաններով եւ ինչպիսի ենթակառուցվածք կարող է ստանալ ներդրողը։ Հիշեցնեմ, որ խոսքը արդյունաբերական ներդրողների մասին է»,-ասաց պարոն Քերոբյանը:
Նա նաեւ հայտնեց, որ մինչեւ 2023 թ. մարտի վերջ ՀՀ կառավարությունը կորոշի՝ ինչպես խոշոր հողատարածքներ հատկացնել ագրոբիզնեսի ոլորտում ներդրումներ անողներին: Ըստ Վահան Քերոբյանի, ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկել հողային բարեփոխումները, որոնց նպատակը լքված հողերի վերադարձն է։ Նրա տվյալներով, Հայաստանում վարելահողերի մոտ 50 տոկոսը պարզապես չի օգտագործվում. «Մասնավորապես, քննարկվում են այդ հողատարածքը ներդրողներին փոխանցելու ուղիները՝ չխախտելով այդ հողամասերի սեփականատերերի իրավունքները։ Որպես տարբերակներից մեկը՝ դիտարկվում է վարձակալության հանձնելու հնարավորությունը։ Բայց, իհարկե, ներդրողներին կհետաքրքրեն միայն 5, 10 կամ ավելի հեկտարանոց խոշոր հողակտորները։ Ուստի կառավարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը ցուցակագրում է միմյանց մոտ գտնվող չօգտագործվող գյուղատնտեսական հողատարածքները։ Նման աշխատանք մենք արդեն իրականացրել ենք երեք գյուղական համայնքներում։ Այժմ աշխատանքներ են տարվում իրավական դաշտի ուղղությամբ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ