Տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ, ԵԺԿ անդամ Դեյվիդ Մքալիսթերը՝ 6 հոգանոց պատվիրակությամբ: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դեյվիդ Մքալիսթերին լրագրողները հարցրեցին՝ օրերս Ադրբեջանն ու ԵՄ-ն ստորագրեցին էներգետիկ ոլորտում համաձայնագիր ու այժմ ժողովրդավարությունը կարեւորող Եվրոպայի հասցեին քննադատություններ են հնչում՝ արդյոք ժողովրդավարությունը, մարդու իրավունքները ձեզ համար կարեւո՞ր էին, եթե կարեւոր էին, ինչո՞ւ Ադրբեջանի հետ կնքեցիք համաձայնագիր՝ հաշվի առնելով, որ ոչ միայն Ադրբեջանում են կոպտորեն ոտնահարվում մարդու իրավունքները, այլ նաեւ Ալիեւի ռեժիմը ռազմական հանցագործությունների հեղինակ է, վերջին թարմ դեպքերը եղան 2020-ին Հայաստանի եւ Արցախի սուվերեն տարածքում:
Դեյվիդ Մքալիսթերը պատասխանեց. «Դուք հետեւում եք զարգացումներին ու դուք տեսաք, որ Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում էր երկուշաբթի օրը: Այս համաձայնագիրը, որը ստորագրել ենք Ադրբեջանի հետ, վերաբերվում է էներգետիկ ռեսուրսներին եւ մարտահրավերը, որին բախվում ենք Եվրոպայում, այն է, որ ակնհայտ պատճառներով մենք ստիպված ենք Եվրոպայում սահմանափակել եւ նվազեցնել գազի ներկրումները ՌԴ-ից, որովհետեւ մենք ուզում ենք նվազ կախյալ լինենք ռուսական գազից եւ ուզում ենք ավելի քիչ վճարենք, որովհետեւ եթե մենք գնենք ռեսուրսներ Ռուսաստանից, ապա անուղղակիորեն ֆինանսավորում ենք ագրեսիան ու պատերազմը Ուկրաինայի դեմ:
Հետեւաբար, մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր էներգետիկ մատակարարումները, հատկապես, քանի որ մենք դեռեւս չենք անցել լրիվ վերականգնվող էներգիայի ԵՄ-ում, ինչը ամբողջությամբ անկախ կդարձներ մեզ: Հետեւաբար երկարաժամկետ կտրվածքով այդ մատակարարումներից մենք դեռեւս կախվածություն ենք ունենալու: Ռուսաստանից եկող էներգակիրների այլընտրանքը Քաթարն է, Ալժիրը, կամ Ադրբեջանը: Հետեւաբար, համաձայնագիրը, որը մենք ստորագրել ենք՝ մեծացնելու գազի մատակարարումները Ադրբեջանից ԵՄ թեմայով են: Բայց այն հարցերը, որոնք դուք ընդգծեցիք, անդին են էներգետիկ համագործակցության տիրույթից եւ այստեղ մենք ունենք շատ տարբեր գոյություն ունեցող շրջանակներ ու պետք է վստահեցնեմ, որ մենք շարունակելու ենք հասցեագրել այն խնդիրները, որոնք մարդու իրավունքներին կամ այլ խնդիրներին են վերաբերվում Ադրբեջանում, ինչպես արել ենք, շարունակելու ենք անել նաեւ ապագայում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ