Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ տեղեկանքը Զինված ուժերի բարեփոխումներին, արդիականացմանն ուղղված կառավարության գործողությունների գնահատման մասին

Հուլիս 22,2022 18:11

2021 թվականի նոյեմբերի 30-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակեց տեղեկանք ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ Կառավարության մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 30-ը իրականացրած գործողությունների գնահատման արդյունքների վերաբերյալ:

Տեղեկանքն անդրադառնում է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ Կառավարության 2021 – 2026 թթ. հնգամյա ծրագրով նախատեսված առաջնահերթություններին:

Կարևորելով բարեփոխումների գործընթացի գնահատման շարունակականությունը, ինչպես նաև զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների բարելավման անհրաժեշտությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է հետևել ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ Կառավարության գործողությունների իրականացման գործընթացը։

Ինչպես հիշատակված, այնպես էլ ներկայացվող տեղեկանքում ՀՔԱՎ-ն ուսումնասիրություններն իրականացրել է զինված ուժերում բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական աղբյուրներով և զանգվածային լրատվամիջոցներով տարածված և հանրությանը հասանելի դարձած տեղեկությունների վերլուծությունների հիման վրա։

Տեղեկանքն անդրադառնում է ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ ենթակետի բոլոր 11 առաջնահերթություններին առանձին-առանձին։

2022 թ․ հունիսի 23-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Երևանում ներկայացրեց «Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ կանաչ թուղթ» աշխատությունը, որի համահեղինակներն են բրիտանական Լեսթերի համալսարանի դոկտորանտ և դասախոս, պ.գ.թ. Էդուարդ Աբրահամյանը և ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։

Անդրադառնալով Կառավարության 2021–2026 թթ. հնգամյա ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումների առաջնահերթությունների կատարմանը՝ արձանագրում ենք հետևյալը.

  • ըստ պաշտոնատար անձանց՝ պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ուղղությամբ որոշակի քայլեր կատարվում են՝ դրա հիմքում որպես շահագրգռող գործոն դնելով զինծառայողների ֆինանսական ապահովությունը, սակայն այդ ուղղությամբ քայլերը տեսանելի չեն,
  • զինվորական ծառայության ժամկետների փոփոխության վերաբերյալ հստակ որոշում դեռևս չկա,
  • ազգային անվտանգության ռազմավարության վերանայման ու նոր ռազմական դոկտրինի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին տեղեկություններ ևս հայտնի չեն,
  • հայտնի չէ նաև, թե ինչ քայլեր են կատարվել միասնական ավտոմատացված կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ,
  • զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման ուղղությամբ իրականացված գործողությունների մասին ևս բավարար չափով թափանցիկություն չկա,
  • Հայաստանը շարունակում է իր զինված ուժերի բարեփոխումներն իրականացնել Ռուսաստանի նման ավտորիտար պետության աջակցությամբ և մասնակցությամբ,
  • հաշվի առնելով ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի առկայությունը՝ կարելի է արձանագրել, որ ՀՀ զինված ուժերում կրթության ոչ բավարար մակարդակը և կանոնադրային հարաբերությունների խախտումները շարունակում են մնալ զինված ուժերի բարեփոխումներին խոչընդոտող կարևորագույն հանգամանքներ,
  • հայտնի չէ, թե ինչ ծավալներով է Հայաստանում զարգանում տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտը, և արդյոք այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը բավարար են երկրի անվտանգության ապահովման համար,
  • զինված ուժերում քրեական հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները վկայում են բարոյահոգեբանական վիճակի ոչ բավարար մակարդակի մասին։
  • ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ տարված աշխատանքների արդյունավետությունը դեռևս անհնար է գնահատել՝ ոչ բավարար քանակի տեղեկությունների պատճառով,
  • պաշտպանական ոլորտում ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների ընդլայնման, մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմերի ձևավորման տեսանկյունից դեռևս արդիական է մնում ռազմական օմբուդսմենի ինստիտուտ ստեղծելու առաջնահերթությունը:

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031