«Իրանը հստակ արտահայտեց այն, ինչը լավ կլիներ՝ մեր երկրի «իշխանությունն» ասեր։ Իսկ ՀՀ սուվերեն տարածքում արդեն մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում են ադրբեջանցի, իսկ որոշ տեղեկություններով, նաեւ թուրք զինյալներ։ Բանակցային գործընթացում հասել են մի խայտառակ կետի, երբ Ադրբեջանի ու Թուրքիայի հռետորաբանությամբ Բերձորի եւ «Զանգեզուրի միջանցքի» միջեւ հավասարության նշան է դրվում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե համաձայնեցվել են սահմանային անցակետերի տեղադրման, Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ու «Զանգեզուրի նախագծի» հետ կապված հարցեր:
Հայկ Մամիջանյանը շեշտեց․ «Բերձորի միջանցքը կյանքի ճանապարհ է։ Իշխանությունն այնքան ապիկար է բանակցել, որ այս երկուսի միջեւ հիմա հավասարության նշան է դրվում։ Սա բացառապես իշխանության բացթողումն է։ Միջանցքային տրամաբանությունն անթույլատրելի է»։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ Թուրքիան եւ ՀՀ իշխանությունն ավելի վաղ պնդում էին, թե առանց նախապայմանների են բանակցում, բայց արդեն քանի անգամ է՝ Թուրքիան, այդ թվում իր ԱԳՆ-ի մակարդակով հայտարարում է, որ ՀՀ-Թուրքիա գործընթացում ցանկացած բան համաձայնեցվում է Ադրբեջանի հետ․ «Էլ ո՞րն է «առանց նախապայման»-ը․․․էլ չասած, որ նման իրավիճակին ՀՀ-ից քաղաքական պատասխան պետք է տրվեր։ Նման հայտարարությունները ՀՀ-ում անպատասխան թողնելը մեծագույն ական է հետագա բանակցային գործընթացի համար, որում մեր երկիրն արժանապատիվ բանակցողներ են ներկայացնելու»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ