Վաղուց հաստատված իրողություն է, որ պատերազմի ժամանակ շատ անբարեխիղճ պաշտոն զբաղեցնողներ, օգտագործելով հարմար առիթ, ստոր ձևով ձգտում են ազատվել իրենց համար անցանկալի աշխատողներից և հաճախ դա նրանց հաջողվում է։
Հայտնագործություն արած չենք լինի, եթե նշենք, որ Արցախի Հանրապետությունում արդարադատություն իրականացնող մարմինը պատմության ողջ ընթացքում, ցավոք, հիմնականում ենթարկվել է գործող իշխանություններին և կատարել նրանց պատվեր- հանձնարարականները՝ դրանով իսկ մեծապես հարվածելով պետականությանը, երկրի վարկանիշին ու քաղաքացու իրավունքներին:
Այս արատավոր, կործանարար երևույթներն ավելի ցցուն են հետպատերազմյան ժամանակաշրջանում, երբ բազմաթիվ անձինք արդարացի ընդվզմամբ ձգտում են վերականգնել իրենց քաղաքացիական դիրքը, պատիվն ու աշխատանքը….
Նման իրավիճակում հայտնված անձը, որը ժամանակին զբաղեցրել է բազմաթիվ պատասխանատու պաշտոններ, մոտ երկու տարի Արցախի Հանրապետության դատական ատյաններում՝ Առաջին, Վերաքննիչ, Վճռաբեկ, դարձյալ` Առաջին, Վերաքննիչ , համառորեն պայքարում է աշխատանքից ապօրինի ազատման դեմ։
Կարդացեք նաև
Անձը հիվանդության պատճառով ազատված լինելով զինվորական ծառայությունից, որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ՝ հայրենի գյուղի ինքնապաշտպանությանը մասնակցելու։
Որքան էլ զավեշտալի է, պատճառ բերելով նրա բացակայությունը, ոխակալ չինովնիկը նրան ազատել է աշխատանքից։ Սկզբնական փուլում՝ Առաջին ատյանում անձի հայցը բավարարվել է, այնուհետև դատա֊վարչական խարդավանքների արդյունքում, ի վերջո, մերժվել։
Դատարանն ըստ էության, ընդունելով հայցվորի կամավորագրվելու և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու փաստը, տարօրինակ կերպով այդ կապակցությամբ նրա բացակայությունը որակում է որպես անհարգելի՝ իբրև թե համապատասխան իրավական ձևակերպումներ արած չլինելու պատճառով։ Դա այն դեպքում, երբ դատարանի վկայակոչած իրավական ակտերը կայացվել են հայցվորի՝ Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելուց օրեր, շաբաթներ անց։
Իրավական մերկապարանոց և մեղմ ասած` առնվազն զարմանք առաջացնող ձևակերպումները մի կողմ դնելով, հարկ է Վերաքննիչ Ատյանի դատավորներ Լիլիա Ավանեսյանին՝ նիստը նախագահող, Արսեն Հայրապետյանին՝ Վերաքննիչ դատարանի նախագահ և Հովհաննես Գրիգորյանին մեկ անգամ ևս հիշեցնել. որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 14֊րդ հոդվածի 3֊րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել Արցախի Հանրապետության պաշտպանությանը։
Ամեն ինչ սկսվում է Հայրենիքից և նրա պաշտպանությունից։
Այն վեր է ամեն պարտականությունից և քննարկման, սակարկման ենթակա չէ’…
Ցավոք հայ իրականության մեջ այնպես է ձևախեղվել արժեքային համակարգը, որ չենք կարողանում տարբերակել գլխավորը երկրորդականից, կորցրել ենք անգամ հերոսի կերպարը և դժվարանում ենք ըմբռնել, թե ո՞վ է մեզ համար հերոս, ո՞ւմ օրինակին է պետք հետևել, արդյոք Հայրենի՞քն է ավելի կարևոր, թե՞ աշխատանքը, ոգի՞ն, թե՞ նյութականը, ազգայի՞նը, թե՞ անձնականը…
Հայ և համաշխարհային պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ անձը հանուն հայրենիքի պաշտպանության հրաժարվել է մեծ արժեքներից, զոհաբերել ուսումը, սերը, կոչումը, տիտղոսը, դիրքը, աշխատանքը… Ասվածի համատեքստում՝ ընդգծենք, թե ինչքան պետք է դեգրադացված լինի հասարակությունը, առավել ևս արդարադատություն իրականացնող մարմինը, որ հայրենասիրության, հայրենի օջախի պահպանության սուրբ գործը դիտարկի ոչ հարգելի պատճառ և այն ստորադասի չինովնիկի քմահաճույքին և իրավական ֆորմալիզմին։
Նման խայտառակ, կամայական վճիռներ կայացնելիս դատավորը չպետք է մոռանա, որ Արցախում բոլորը լավ գիտեն իրար ու քաջատեղյակ են, թե ով որտեղ էր և ինչով էր զբաղված պատերազմի ծանր օրերին…
Դատավորը չպետք է մոռանա նաև, որ արդարադատության ու իրավապահության օրրան համարվող Հին Հունաստանում ու Հին Հռոմում, երբ հայրենիքը գտնվում էր պատերազմի մեջ, առաջինը ինքն էր շտապում մարտադաշտ:
Այստեղ ավելի արդիական է հնչում հայ անվանի գրող Առանձարի խոսքը. «Դա՞տ: Աստված չընե,տունս,տեղս կուտամ դատ չեմ բանար …Թուրքիո մեջ», որը կարելի է վստահաբար տարածել Արցախի դատական համակարգի նկատմամբ:
Լեռնիկ ՀԱԿՈԲՅԱՆ
Լեռնիկ Հակոբյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից
Արդեն սրան ենք հասել հա՞, որ անդեմ, անհայրենիք բյուրոկրատները պատժում են նրանց, որոնց շնորհիվ իրենք փրկվեցին թուրքի յաթաղանից և հիմա նստել են իրենց հարմարավետ բազկաթոռներին և իրենց ստամոքսային արժեհամակարգով փորձում են կտրել ազգի նվիրյալների մի կտոր հացը: Չեմ ուզում ասեմ. «սատկե՛ք, այ ստորներ», որովհետև այնքան քիչ ենք մնացել, որ նույնիսկ ձեր նմաններն էլ են մեզ պետք՝ երբ Հայաստանն ու Արցախը ոտքի կանգնեն, ձեզ կուղարկեն ձեր իսկական գործին՝ որպես սանհանգույցների խցանումներ բացողներ, որովհետև դուք կեղտոտ ու զզվելի գործերը մեծ հաճույքով եք անում: