Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպացի գործընկերները մեզ հարցրին՝ ի՞նչ կանեինք մենք, եթե լինեինք իշխանություն»․ Մքալիսթերի հետ հանդիպման մանրամասները

Հուլիս 22,2022 17:18

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունն այսօր ՀՀ ԱԺ-ում էր, եւ քիչ առաջ ավարտվել է խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումը։ Զրույցի ընթացքում Դեյվիդ Մքալիսթերը հետաքրքրվել է, թե երբ է ընդդիմությունը ՀՀ-ում նախատեսում հաջորդ ԱԺ ընտրությունների անցկացումը։

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնեց․ «Չեմ կարող մեկնաբանել, թե պարոն Մքալիսթերի հարցն ինչ տրամաբանությամբ տրվեց, բայց պատասխանս նույնն է, ինչ եղել է 2021թ․-ի ՀՀԿ-ի դիրքորոշումը․ Փաշինյանի կազմակերպած ընտրությունները չէին կարող լուծել ՀՀ-ում ձեւավորված քաղաքական ճգնաժամը։ Ներկայացրինք պատճառները, թե ինչու մենք չէինք կարող մասնակցել 2021թ․-ի Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին։ Բազմաթիվ կեղծիքներ կային, որոնք արձանագրվել էին ընտրություններից առաջ եւ դրանց օրը՝ ատելության խոսքի տարածում, մուրճով քարոզարշավ, բանակի եւ վարչական ռեսուրսի օգտագործում եւ այլն»։

Թե ինչ հարցեր է բարձրաձայնել ընդդիմությունն այս կարեւոր հանդիպման ժամանակ, Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց․ «Կարճ ժամանակը պետք էր օգտագործել Արցախի, ՀՀ-ի խնդիրները բարձրաձայնելու համար։ Հույս ունենալ, որ դրա մասին հայանպաստ դիտակետից կխոսի իշխանությունը, պետք չէ։ Ուստի առաջնահերթ մենք խոսել ենք Արցախի խնդիրների մասին, առաջնահերթ կարեւորել ենք կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի վերադարձը բանակցային սեղանում քննարկվող կետերի շրջանակ։ Բարձրաձայնել ենք ԵԱՀԿ ՄԽ վերագործարկման կարեւորության մասին։ Հիշատակել ենք գերիների, հայկական մշակութային ժառանգության, Ադրբեջանի՝ ՀՀ ներխուժման հարցերը»։

Իսկ ներքաղաքական խնդիրների համատեքստում, Հայկ Մամիջանյանի փոխանցմամբ, բարձրաձայնել են ոստիկանական բռնությունների, քաղբանտարկյալների, ԱԺ-ի լեգիտիմության հարցերը․ «Իշխանությունը խոչընդոտում է ընդդիմության աշխատանքն անհասկանալի գործիքակազմի կիրառմամբ։ Սա ասել ենք միջազգային գործընկերների առաջ, բայց առաջնահերթ են անվտանգային խնդիրները։ Եվրոպացի գործընկերները մեզ հարցրին՝ ի՞նչ կանեինք մենք, եթե լինեինք իշխանություն։ Բնականաբար, սկսեցինք նրանից, որ բանը չէինք հասցնի այս իրավիճակին։ Ներկայացրինք ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան բազմաշերտ գործընթացների հետ կապված հստակ թերացումներն իշխանությունների։ Իրենց դա էր հետաքրքրում։ Թերացումն իհարկե մեղմ բառ է»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այս հանդիպման ժամանակ եվրոպացի գործընկերները մատնանշե՞լ են Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումը, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պնդել այդ մասին։ Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Վստահաբար, պաշտոնական մակարդակում որեւէ միջազգային կառույց կամ գերտերության ներկայացուցիչ ու համանախագահող երկիր երբեւէ պահանջ չի ներկայացրել՝ նշաձողի այսպես կոչված «իջեցման» մասին։ Փաշինյանի այդ տխրահռչակ ելույթում հիշատակված «միջազգային հանրությունը» Թուրքիան ու Ադրբեջանն են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031