«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
«Toyota»-ների մեկ անձից գնումը ստիպված և անայլընտրանք քայլ էր:
Կառավարությունը երեկ թույլատրեց ոստիկանությանը մեկ անձից գնման միջոցով ձեռք բերել 175 հատ «Toyota Fortuner» մակնիշի ավտոմեքենա՝ պարեկային ծառայության Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի ու Արագածոտնի մարզերի համար: Որոշումը լայն քննադատության արժանացավ և իմ կողմից անազնիվ կլիներ հետևյալի մասին չպատմելը:
Նշված 4 մարզերում պարեկային ծառայությունը սկսելու է գործել 2023-ի հունվարին և ունենալու է 175 մեքենայի կարիք: Մեքենաները պետք են լինելու գոնե այս տարվա նոյեմբերին, որ ժամանակ լինի դրանց վրա տեղադրել բոլոր ոստիկանական սարքավորումները և կատարել թափքի գունագրաֆիկ երանգավորումը:
Կարդացեք նաև
Մարտ ամսից մենք ոստիկանության հետ աշխատեցինք ավտոմեքենաների տեխառաջադրանքի վրա, որի արդյունքում այն բավական ազատականացվեց, հանվեցին անհիմն սահմանափակումները, և մայիս ամսին Ոստիկանությունը հայտարարեց ավտոմոբիլների գնման մրցույթը:
Մրցույթին, սակայն, որևէ ավտոներկրող չմասնակցեց: Այնուհետև բոլոր ավտոդիլերների հետ եղան քննարկումներ (որոնց նաև ես եմ մասնակցել) և բոլորը, բացի «Տոյոտա Երևան»-ից, ասացին որ այս տարի չեն կարող մատակարարել անգամ այդ խմբաքանակի կեսի կեսը:
Խնդիրը այն է, որ հակառուսական պատժամիջոցների արդյունքում աշխարհում կա նիկելի, տիտանի, պալադիումի ու մագնեզիումի լուրջ պակաս և բոլոր ավտոգործարանները պակասեցրել են արտադրության ծավալները, մեքենաներ ձեռք բերելը դարձել է մեծ հերթերով (գլոբալ խնդրի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ):
Քննարկումների ժամանակ «Տոյոտա Երևանը» հայտնեց, որ տարբեր նավահանգիստներում դեռևս մնացել են «Toyota Fortuner» մեքենաներ, որոնք իրենք կարող են բերել, եթե գնումը կատարվի հնարավորինս շուտ: Հակառակ դեպքում այդ մեքենաները կարող է ունեն այլ գնորդներ (այլ երկրներից):
Այդ «Toyota Fortuner»-ները չեն բավարարում մայիսին հայտարարված մրցույթի մի շարք պայմաններին (օրինակ՝ 0-ից 100 կմ/ժ արագացումը դանդաղ է, իսկ մեքենաների մի մասը մեխանիկական փոխանցման տուփով են), դրա համար «Տոյոտա Երևանը» չի մասնակցել ոստիկանության՝ մայիսին հայտարարված մրցույթին:
Արդոյւնքում իրավիճակը հետևյալն էր. կամ պետությունը արագ գնում էր այդ «Toyota Fortuner»-ները, կամ Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի ու Արագածոտնի մարզերում պարեկները դուրս էին գալու ծառայության առանց ավտոմեքենաների:
Այդ տխուր պատկերը տեսնելուց հետո ևս մեկ անգամ ճշտումներ կատարվեցին մնացած ավտոդիլերների հետ, որոնք կրկին անգամ միաբերան վերահաստատեցին, որ չեն կարող 2022 թվականի ընթացքում մատակարարել նման քանակի ավտոմեքենա (կամ անգամ դրա կեսը կամ կեսի կեսը): Մի ավտոդիլեր ասաց, որ միգուցե կարողանան մատակարարել, բայց այնուհետև ասաց, որ դա կարող են անել մինչև 2023-ի հունվար (ինչը արդեն շատ ուշ է), բայց անգամ այդ ժամկետը չերաշխավորեց:
Ավտոմեքենաների գլոբալ դեֆիցիտի և արագ թանկացման պայմաններում Հայաստանը չէր կարող իրեն թույլ տալ չգնել այդ 175 մեքենաները: Ընդ որում, այս ամենը դժվար էր նախապես կանխատեսել. մրցույթի նախապատրաստումը սկսվել էր մարտ ամսին, երբ գլոբալ դեֆիցիտը նոր-նոր էր սկսում նշմարվել:
Նշեմ նաև, որ այս իրավիճակով պայմանավորված՝ որոշվել է շուտով սկսել վերջին 4 մարզերի (Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք) համար մեքենաների ձեռքբերման մրցույթը, որով մատակարարման համար կտրվի գոնե մոտ 9-10 ամիս:
Հ.Գ. Սա չի նշանակում, որ ոստիկանությունում բոլոր գնումները բարեխիղճ են կազմակերպվում: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» լուրջ մտահոգություններ ունի նախորդ տարեվերջում կազմակերպված մեքենաների ձեռքբերման մրցույթի հետ կապված (որի վերաբերյալ նյութը փոխանցել ենք պատկան մարմիններին): Բայց այս գնման գործընթացը ամբողջությամբ վերահսկվել է մեր կողմից և անազնիվ կլիներ մեր տեսածը չպատմելը: