Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը
Պետություն, որը պատերազմում ծանր պարտություն է կրել, կարող է վերականգման ուղու վրա կանգնել, եթե ներքին քաղաքական կյանքում եւ միջազգային ասպարեզում պրոակտիվ նախաձեռնություններով փորձում է ստեղծված ուժերի հարաբերությունը փոխել։
Միայն արտաքին խաղացողների դերակատարության հույս դնելը միամտություն է, քանի որ նրանք էլ են կողմնորոշվում ըստ վերոնշվածի։
Ներքինում նույնիսկ տպավորիչ «թավշյա» իրադարձությունները, հարաբերական առաջընթացը երկու համապետական ընտրությունների կազմակերպման հարցում չեն նպաստել պետական-քաղաքական համակարգի առողջացմանը, ավելի շուտ հակառակը։ Կոռուպցիայի խնդիրը ոչ թե լուծվում է, այլ վերափոխվում եւ ամբողջանում է իր նոր ձեւի մեջ։ Սահմանադրական բարեփոխման թեման 2020-ի «այո» պաստառի պատմությունից սկսած անճաշակ սերիալի է սկսել նմանվել… Եւ այլն, եւ այլն…
Միջազգայինում 2017-ի ՀԸԳՀ-ի ստորագրումից եւ ֆրանկոֆոնիայի վաղուց պլանավորված գագաթնաժողովից այս կողմ հեղինակությունը բարձրացնող ոչ մի քայլ չի արվել։
Կարդացեք նաև
Հիմա համեմատենք այդ նույն ժամանակաշրջանում առանց դրան էլ պատերազմում շահած Ադրբեջանը ինչպիսի հարցեր լուծեց. 2022-ի փետրվարի 22-ին դարձավ միակ հետխորհրդային պետությունը, ում տարածքային ամբողջականությունը նոր իրավիճակում հաստատվեց ՌԴ-ի կողմից, եւ միաժամանակ կարողացավ ընկալվել որպես Ուկրաինայի բարեկամ, չներառվել արեւմտյան պատժամիջոցները շրջանցող կասկածելի երկրների ցանկում։ ԵՄ-ի հետ նախնական համաձայնության հասավ էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցում։ Ի դեմս Թուրքիայի, հզոր դաշնակցի հետ բարձր ինստիտուցիոնալ եւ պրակտիկ մակարդակի հասցրեց հարաբերությունները, դրանցում առանձնահատուկ դեր վերապահելով բնակչությամբ աշխարհի յոթերորդ, ինչպես նաեւ միջուկային զենք ունեցող Պակիստանին։ Վճռական պահին առաջնորդեց չմիացած պետությունների շարժումը։
Շուշին դարձնում է միջազգային խոշոր իրադարձությունների կենտրոն։ Շատ կոնկրետ եւ հետեւողական գործողություններով (թեեւ դրանք հիմնականում Իլհամ Ալիեւի իշխանության ամրապնդման նպատակն էին հետապնդում) համոզեց սեփական բնակչության էական մասին, որ արդյունավետ է պայքարում հին, կոռումպացված վերնախավի հետ։ Ռազմական առումով հզորանալու մասին էլ չեմ խոսում…
Ի՞նչ ենք հակադրում այս ամենին։ Քրիստոսի արձանը…