«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը արդեն սիրված է երեխաների եւ պատանիների շրջանում: Այն այս տարի Հայաստանում և Արցախում կմեկնարկի 18-րդ անգամ` հուլիսի 25-29-ը: Մեկնարկը կտրվի Երեւանում` «Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիլմով (ռեժիսոր` Լիլիթ Ալթունյան, պրոդյուսեր` Արմինե Անդա, Հայաստան, Ֆրանսիա, 2021թ.): Փառատոնը կընդգրկի Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերը եւ Արցախը:
Փառատոնի մամուլի քարտուղար Կարինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է իրականացնել ֆիլմերի պրեմիերաներ, հետահայաց ցուցադրություններ, ստեղծագործական ուշագրավ հանդիպումներ:
«Փառատոնին առավելագույնս ներգրավում եւ մասնակից ենք դարձնում երեխաներին եւ երիտասարդներին հասարակության տարբեր շերտերից` մանկատներից, սոցիալապես անապահով ընտանիքներից»,-ասաց տիկին Գրիգորյանը: Հավելեց, որ սպասվում է շատ հետաքրքիր եւ բովանդակալից փառատոնային ծրագիր:
Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի տնօրեն եւ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը մանրամասներ ներկայացրեց փառատոնից, ասաց, որ իրենց նպատակն է ապակենտրանացնել միջոցառումները` Երեւանից դեպի ՀՀ մարզեր եւ Արցախ:
Կարդացեք նաև
Տիկին Մանուկյանը տեղեկացրեց, որ փառատոնի ծրագրում ընդգրկված է 75 ֆիլմ` 28 երկրից` այդ թվում 2004-2021թթ. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին մասնակցած լավագույն մրցանակակիր ֆիլմերը: Ընդգրկված են խաղարկային եւ անիմացիոն ֆիլմեր: Նա հավելեց, որ փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կկայանա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր «Ուղղիր թեւերդ» ֆիլմի (Ֆրանսիա) ցուցադրությունը: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի նախագահն ասաց, որ փառատոնի ծրագրում ընդգրկված է նաեւ 2017թ «Օսկարի» արժանացած «Երգիր» ֆիլմը: Նա հավելեց, որ «Երևանում և մարզերում կիրականացվի «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի համայնապատկեր» խորագրով հատուկ ծրագիրը, որը ներառում է 8 ֆիլմ:
Ի դեպ, աշխարհահռչակ ռեժիսոր եւ անիմատոր Գարի Բարդինի լավագույն աշխատանքները եւս փառատոնի ծրագրում են, դրանց թվում են` Բոլերո», «Լսելով Բեթհովենին», «Երեք մեղեդի», «Անճոռնի ճուտիկը», «Ադաջիո», «Կոնֆլիկտ» , «Թռչող նավը» ֆիլմերը:
Փառատոնին մուտքն ազատ է: Փառատոնի ամբողջական ծրագրին կարելի է ծանոթանալ ֆեյսբուքյան էջից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ