Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած պատերազմից անցել է արդեն 2 տարի, դեռևս կան մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներ, որոնց զորացրվել են՝ առանց զինգրքույկներում համապատասխան նշումների

Հուլիս 22,2022 13:26

ՀՔԱՎ-ը շարունակում է զորակոչիկների, զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, իրազեկումը, նրանց խախտված իրավունքների վերականգնումը։ 

Ահավասիկ, 2022 թ․ հունիսի 27-ին Ս․ Հ-ն և Է․ Հ-ն իրենց զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու մասին նշում կատարելու խնդրով դիմել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Վերջիններիս զինգրքույկներում համապատասխան նշում կատարելու վերաբերյալ Կազմակերպությունը դիմել  է  ՀՀ ՊՆ։

Ի պատասխան՝ ՀՔԱՎ գրությանը ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022 թ․ հուլիսի 14-ին համապատասխան ցուցումներ է տվել իր ենթակայության տակ գտնվող տարբեր մարմինների և ՀՔԱՎ-ի իրավական աջակցության շնորհիվ միայն նրանց զինգրքույկներում կկատարվեն  համապատասխան գրառումները։

Արդեն բազմիցս անդրադարձել ենք պատերազմին մասնակցած, շատ դեպքերում վիրավորում ստացած պարտադիր ժամկետային, պահեստազորային զինծառայողների, ինչպես նաև կամավորագրված անձանց զինվորական գրքույկներում սահմանված կարգով նախատեսված գրառումների բացակայության խնդրին։ Հատկանշական է, որ հիմնականում խնդիրը  լուծում է ստանում ՀՀ Պաշտպանության նախարություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից համապատասխան հիմնավորումներ կամ գրություններ ներկայացնելուց  հետո։

2016 թ.-ից մինչ օրս այս հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմել է 21 զինծառայող։ ՀՔԱՎ-ը իրավական աջակցություն է ցուցաբերել վերջիններիս։ Կազմակերպության կողմից ՀՀ ՊՆ-ն  գրություններ ուղարկելուց հետո միայն, մարտական գործողություններին մասնակցած 7 զինծառայողների զինգրքույկներում կատարվել են համապատասխան գրառումները։ Մյուսների գործերը դեռ ընթացքի մեջ են։

Կան նաև դեպքեր, որ զինգրքույկներում նշում չի կատարվել, քանի որ պահպանված չեն եղել տվյալ ժամանակահատվածում մարտական գործողություններին մասնակցելու մասին փաստեր և հիմնավորումներ, իսկ Պաշտպանության նախարարությունն էլ  հիմնավորել է, որ նշված զինծառայողներն անմիջականորեն մարտական գործողություններին չեն մասնակցել, այլ իրականացրել են մարտական հերթապահություն։

Իրավասու մարմինների անբարեխիղճ գործելաոճի, զինծառայողների նկատմամբ պետության  պարտավորությունների ոչ պատշաճ կատարման մասին է վկայում այն, որ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողի զինգրքույկում համապատասխան նշում կատարելու հարցը լուծվում է ոչ թե ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում, այլ զինծառայողը ստիպված է դիմել իրավապաշտպան կազմակերպություններ, դատարան և այլն, անցնել տարբեր ընթացակարգերով, որ հարցը լուծվի։ Եվ չնայած 2020 թ․ 44-օրյա պատերազմից անցել է արդեն 2 տարի, դեռևս կան մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներ, որոնց զորացրվել են՝ առանց զինգրքույկներում համապատասխան նշումների։

ՀՔԱՎ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031