Լրահոս
Օրվա լրահոսը

«Անելիքներ դեռ շատ կան՝ մասնավորապես շահերի բախման, էթիկայի վարքագծի, կոռուպցիոն ռիսկերի կանխման առումով․հանրային ծառայողները պետք է նորովի զինվեն»․ Հասմիկ Հարությունյան

Հուլիս 22,2022 12:45

Մասնագետները կարևորում են հանրային ծառայողների շրջանում կոռուպցիոն ռիսկերի, շահերի բախման կանխարգելման հարցերում ոչ միայն իրավական բարեփոխումները, այլ կրթությունը, մտածելակերպի և վարքագծի ձևավորումը։

«Մեդիա կենտրոնում» «Օրենսդրական փոփոխություններ դատական համակարգում կոռուպցիայի կանխարգելման նպատակով» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանն այս առիթով նշեց․ «Օրենսդրական կարգավորումներ մենք արդեն իսկ ունենք։ 2019-2023 թ․թ․ հակակոռուպցիոն ռազմավարությունում որպես առանձին ուղղություն նախատեսվում է իրազեկումն ու կրթությունը հանրային ծառայողների համար։ Այս մասով շատ մեծ պահանջներ կան նաև կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված, ինչի շրջանակներում ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել հանրային ծառայողների համար՝ նշանակովի և ընտրովի պաշտոնատար անձանց»։

Հասմիկ Հարությունյանը տեղեկացրեց՝ ուսումնասիրել են դատական օրենսգրքի կարգավորումները, Արդարադատության ակադեմիայի մասին օրենքը և դրանցից բխող այլ օրենսդրական կարգավորումներ, ինչը ցույց է տալիս, որ կրթական ոլորտում անելիքներ դեռ շատ կան՝ մասնավորապես շահերի բախման, էթիկայի վարքագծի, կոռուպցիոն ռիսկերի կանխման առումով, ինչի կապակցությամբ հանրային ծառայողները և դատական համակարգի ներկայացուցիչները պետք է նորովի զինվեն։ ԳՐԵԿՈ-ի հանձնաժողովի առաջարկություններն էլ, երբ դիտարկում ենք, խոսքը ոչ միայն տեսական, հռչակագրային դրույթների մասին է, այլ ավելի շատ պրակտիկ մոտեցումներ աշխատաժողովների տեսքով՝ մեթոդը վերանայելով, այնպիսի պրակտիկ հմտությունների տրամադրում, որը արդարադատության համակարգում յուրաքանչյուրին թույլ կտա ճիշտ կողմնորոշվել շահերի բախման հարցերը լուծելիս, կոռուպցիոն սխեմաների գործերով ռիսկերը կանխատեսելիս»։

Ըստ Հասմիկ Հարությունյանի՝ ուսումնական պաշարը վերանայելու անհրաժեշտություն կա։ Նա այս առիթով նկատեց․ «Պետք է համակարգային և ինստիտուցիոնալիզացված համակարգ, որովհետև ոլորտում արդեն գործող մասնագետների համար կարճաժամկետ վերապատրաստումներով կամ դասընթացների կազմակերպմամբ շատ բանի հասնել չենք կարող։ Դա պետք է համակարգային լինի, որն ուղղված կլինի մտածողության փոփոխությանը, որը շատ ավելի վաղ տարիքից է գալիս՝ մինչև մասնագետ դառնալը։ Այս առումով մենք մեծ անելիք ունենք»։

Ըստ նրա՝ այս բոլոր թեմաները պետք է տեղափոխվեն բուհական ավելի բարձր կուրսեր, որ մասնագետները, որոնք մտնում են դատախազական, դատական, իրավական համակարգ, շահերի բախման, մասնագիտական վարքագծի կանոնների, հնարավոր կոռուպցիոն սխեմաների հետ կապված հարցերում որոշակի մասնագիտական բազա ունենան, որի հիման վրա արդեն բուն մասնագիտական գործունեության ընթացքում ավելի կզարգացնեն իրենց կարողությունները։ Հասմիկ Հարությունյանի վստահեցմամբ՝ այդպիսով չենք թողնի այն պահին, որ կայացած մասնագետին հետո բերենք, նոր կոնցեպտ ներմուծենք։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031