2022թ. հունիսի 8-ին գրավոր դիմել եմ Ամենայն Հայոց կաթողիկոսին, ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ, ա ռ ա ջ ա ր կ ե լ եմ՝
1.Վերակազմավորել Էջմիածնին ենթակա Գանձասարի (Աղվանից) կաթողիկոսությունն իր նախկին թեմերով պատմականորեն կաթողիկոսության տարածքն ընդգրկող տարածքում:
2.Դիմել Արցախի աշխարհիկ և հոգևոր առաջնորդներին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից սահմանված ժամկետում Հասան-Ջալալյանների տոհմից Գանձասարի (Աղվանից) կաթողիկոս ընտրելու և Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռնադրմանը ներկայացնելու նպատակով:
Մեկ ամիս անց, չստանալով ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան, 2022թ. հուլիսի 8-ին՝ կրկին գրավոր դիմել եմ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ հիշեցնելով, որ սույն թվականի հունիսի 8-ին գրավոր դիմել եմ իրեն, սակայն մինչ օրս (2022թ. հուլիսի 8-ի դրությամբ) որևէ պատասխան չեմ ստացել:
Կարդացեք նաև
2022թ. հուլիսի 8-ին այս մասին հանդես գալով ֆեյսբուքյան գրառմամբ՝ հայտնել էի, որ ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու կամ չստանալու պարագայում կրկին հանդես եմ գալու հրապարակմամբ:
Քանի որ ողջամիտ ժամկետն, ըստ իս, սպառվել է՝ 2022թ. հուլիսի 8-ից անցել է ուղիղ երկու շաբաթ, անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը.
1.2022թ. հուլիսի 8-ին կրկնակի անգամ գրավոր դիմելով Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ կրկին պատասխան չեմ ստացել:
2.Անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, դիրքից, խորապես համոզված եմ, որ եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձն իրեն դիմում է գրավոր, ապա իրավական ակտերով սահմանված ժամկետում կամ ողջամիտ ժամկետում նա պետք է ստանա գրավոր պատասխան: Սա տարրական հարգանք է դիմողի նկատմամբ: Նման վարքագծի պահպանումը կրկնակի կարևոր է հոգևոր իշխանության ղեկավարի, այն է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի պարագայում, քանի որ իրեն դիմել է իր հավատավոր հոտի ներկայացուցիչը:
3.Արդյոք պատշա՞ճ կարող էր համարվել այն վարքագիծը, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը գրավոր դիմեր «Հասան-Ջալալյանների խորհուրդ» ՀԿ-ին, որի անունից եմ ինքս գրավոր դիմել կաթողիկոսին, և իմ կողմից գրավոր պատասխան չտրվեր: Կարծում եմ՝ ոչ: Այդ դեպքում՝ պատշաճ չի կարող համարվել նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ ՀԿ-ի գրավոր դիմումն անպատասխան թողնելու վարքագիծը:
4.Քանի դեռ հայոց հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանում տարրական հարգանք չի ձևավորվել հայ մարդու, Հայաստանի հանրապետության քաղաքացու նկատմամբ, հայ ազգն ու հայոց պետությունը ոչ մի շոշափելի առաջընթաց չի գրանցելու հանրային կյանքի որևէ բնագավառում:
5.Չեմ հրաժարվում 2022թ. հունիսի 8-ին կաթողիկոսին ուղղված նամակում բարձրացված խնդրի լուծումից: Անկախ ժամանակից, հետևողական եմ լինելու, որպեսզի վերակազմավորվի Էջմիածնին ենթակա Գանձասարի (Աղվանից) կաթողիկոսությունն իր նախկին թեմերով պատմականորեն կաթողիկոսության տարածքն ընդգրկող տարածքում:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
«Հասան-Ջալալյանների խորհուրդ» ՀԿ նախագահ