Լրահոս
Օրվա լրահոսը

Դատելով այս տարվա առաջին 5 ամսվա տվյալներից՝ Հայաստանը Թուրքիային մոտավորապես 76 մլն դոլար է տվել՝ այդչափ գումարի ապրանք ներմուծելով. «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 22,2022 10:58

Անկեղծ լինելու համար ասենք, այո, թուրքական ապրանքների արգելք եղել է, բայց՝ ընտրանքային։ Արգելք եղավ պատերազմի ընթացքում՝ կառավարության 2020 թ. հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ։ Արգելվեց թուրքական ծագման ապրանքների ներմուծումը 6 ամսով, դեկտեմբերի 31-ից սկսած:

Հետո, արգելքի 6-ամսյա ժամանակահատվածը չլրացած՝ 2021 թ.  փետրվարի 4-ին կառավարությունը մեկ այլ որոշում կայացրեց՝ փոփոխություններ անելով 2020 թ. հոկտեմբերի 20-ի որոշումում: Փետրվարի 4-ի որոշման համաձայն, արգելքը չէր տարածվում «վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վրա: Արգելքը չէր տարածվում նաեւ այն ապրանքների վրա, որոնց մասով մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 20-ը, եւ այդ ապրանքները նույնականացվում են մաքսային մարմինների կողմից: Նաեւ՝ ոչ թուրքական ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչների (դիլերներ, տարածորդներ, գործակալներ) կողմից ներմուծվող եւ թուրքական ծագում ունեցող այն ապրանքների (ներառյալ` պահեստամասերի, մեխանիզմների, ագրեգատների, հանգույցների եւ դրանց բաղադրիչների) վրա, որոնք նախատեսված են հաճախորդների երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար՝ հայտարարագրման պահին մաքսային մարմիններին ներկայացնելով երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկման փաստաթղթերը:

Այս փոփոխված տարբերակը 2021-ին թուրքական ապրանքների ներկրման հնարավորություն տվեց՝ չնայած արգելքին, որովհետեւ տրվել էր նաեւ «հիմնավորումը». պայմանագրերը կնքվել են մինչեւ հոկտեմբերի 20-ը։ Թուրքական ապրանքների ներկրման արգելքի առաջին որոշումից 6 ամիս անց՝ 2021 թ. հունիսի 24-ի 1048-Ն որոշմամբ դարձյալ 6 ամսով արգելք եղավ։ Որոշումն ուժի մեջ մտավ հուլիսի 1-ից։ Ընտրանքային արգելքը բերեց նրան, որ թուրքական ապրանքի վաճառքի պակաս չեղավ, թեեւ պաշտոնական տվյալները հուշում էին, որ ներկրման ծավալները շեշտակի պակասել են։ Այս պատճառով էլ իրավիճակից ելք հուշեցին հայաստանցի որոշ գործարարներ («Մանթաշով» գործարարների միություն» ՀԿ-ն, «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը)՝ առաջարկելով ոչ միայն թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը երկարաձգել, այլեւ՝ թուրքական ապրանքների նկատմամբ բացի մաքսային արգելքից, կիրառել նաեւ վաճառքի արգելք։ Գործարարները նույնպես դիտարկել էին խնդրի ոչ միայն տնտեսական, այլեւ՝ արժանապատվության, բարոյական կողմը.  որովհետեւ Թուրքիան է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների, այնպես էլ 44-օրյայից հետո ՀՀ պետական սահմանին տեղի ունեցող անհանգստությունների շրջանակներում բարոյական եւ նյութական աջակցություն  ցուցաբերել ադրբեջանական բանակին՝ Հայաստանի եւ հայ ազգի դեմ ուղղված հանցագործությունների իրագործման շրջանակներում։

Ինչ եղավ հետո։ Հետո մենք թուրքական ապրանքների ներկրման արգելք չկիրառեցինք։ Եզրափակենք պաշտոնական թվերով։ Դատելով այս տարվա առաջին 5 ամսվա տվյալներից՝ Հայաստանը Թուրքիային մոտավորապես 76 մլն դոլար է տվել՝ այդչափ գումարի ապրանք ներմուծելով։ Ընդ որում՝ թվերն ամսեամիս ավելանում են. եթե հունվարին Թուրքիայից ներմուծել ենք 7.9 մլն դոլարի ապրանք, ապա փետրվարին այդ ցուցանիշը շուրջ 15 մլն է, մարտին՝ արդեն 18.2 մլն, ապրիլին եւ մայիսին, համապատասխանաբար, 0.3 մլն-ով եւ 0.5 մլն-ով պակաս նախորդ ամսվա համեմատ։ Եթե համեմատենք 2021 թ. նույն ժամանակահատվածի հետ, ապա տարբերությունը 10 անգամ է։ Նախորդ տարի առաջին 5 ամիսներին, երբ արգելված էր թուրքական ապրանքների ներկրումը, ներկրման ծավալը 7.6 մլն դոլարի էր։ Իսկ այս տարի, երբ արգելք չկա, դարձյալ առաջին 5 ամսում 76 մլն դոլարի է։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031