Խիստ ծածուկ ու խորհրդավոր մի իրավիճակ է ձեւավորվում Հայաստանում եւ նրա շուրջը, հաշվի առնելով, որ վերջերս մեկը մյուսի անմիջական հաջորդականությամբ Երեւան ժամանեցին աշխարհի երեք գերտերությունների անտվանգության գերատեսչությունների ղեկավարները։ Առաջինը Ալի Շամխանին էր, Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղարը։ Հաջորդը՝ ԿՀՎ-ի (CIA) տնօրեն Ուիլյամ Բըրնսն էր, որին էլ անմիջապես հետեւեց Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունների (FIS) տնօրեն Սերգեյ Նարիշկինի այցելությունը։
Քննարկման ենթակա կարեւոր իրադարձությունների շարքում էին հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ կայացած հեռախոսազրույցը եւ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հրավերով Թբիլիսիում կազմակերպված հանպատրաստից եւ առանց միջնորդների հանդիպումը արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ։
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ուշի-ուշով հետեւում էր այդ զարգացումներին եւ արձագանքում յուրաքանչուր դեպքից անմիջապես հետո։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր գոհունակությունը հայտնեց Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի կապակցությամբ, իսկ նրա տեղակալ Քերըն Դոնֆրիդին Միրզոյանն ու Բայրամովը զեկուցեցին թբիլիսյան հանդիպումից անմիջապես հետո։ Դրանց հետեւեցին Բլինկենի հեռախոսազրույցները Հայաստանի եւ Ադրբեվանի իր գործընկերների հետ։ Ավելացնենք, որ Դոնֆրիդը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան էր այցելել մեկ ամիս առաջ։
Վերոնշյալ շփումներին Մ. Նահանգների մասնակցությունը եւ, հետեւաբար Ռուսաստանի բացակայությունը, տեղիք է տալիս որոշ ենթադրություններ կատարել հատկապես այն դեպքում, երբ հանդիպումներում չէր շոշափվել 2020 թվի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որ պատերազմից հետո Ռուսաստանն էր բանաձեւել։
Կարդացեք նաև
Բացահայտ ճշմարտություն է, որ Մ. Նահանգների եւ ընդհանրապես արեւմտյան երկրների քաղաքականությունը Ռուսաստանին կովկասյան տարածաշրջանից հեռու պահելուն է նպատակաուղղված եւ վերոնշյալ քայլերը այդ քաղաքականության գործնական հետեւանքներն են։
Ռուսաստանն ու Ադրբեջանը խիստ մտահոգված են Բըրնսի Հայաստան այցելությամբ։ Նարիշկինի անակնկալ այցելությունը Երեւան այդ է վկայում։ Այդ այցը, ի դեպ, վատ նախանշան է ենթադրում, քանի որ Նարիշկինը ծանոթ է իր ադրբեջանական հակվածությամբ։ Ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովի հետ նրա մտերմությունը նպաստեց Մոսկվայի երկերեսանիությանը` 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած իր վերջին այցելության ժամանակ հայտարարեց, որ պաշտպանում է Ադրբեջանի քաղաքականությունը, ի հեճուկս Հայաստանի։ Նա բառացիորեն կրկնեց նախագահ Ալիեւի խոսքերն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ տասնամյակներ շարունակ պարտավորված էր խաղաղ լուծում գտնել Ղարաբաղի հակամարտությանը, այժմ արդեն մեռած է եւ նոր զարգացումներ են ի հայտ եկել 44-օրյա պատերազմի հետեւանքում։ Հայաստանն իր հույսերը կապել է այդ խմբի հետ, որ դեռեւս շարունակում է պնդել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ եւ այն պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով։ Ադրբեջանի ուժի գործադրումը հակասում է այդ խմբի սկզբունքներին, որոնք հաստատված են Միավորված Ազգերի կազմակերպության կողմից։
Ակներեւ է, որ գործնական ամեն տեսակի նպատակների համար Կրեմլը մտադիր է խորապես սառեցնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որովհետեւ որեւէ լուծում սասանելու է իր դիրքերը Կովկասում։ Ինչ լուծում էլ ստանա հարցը` հօգուտ Հայաստանի, թե՞ Ադրբեջանի, Մոսկվայի համար միեւնույն է, քանի որ երկու դեպքում էլ իր ներկայությունը ադրբեջանական տարածքում վերջ է գտնելու։
Ցարդ Մոսկվան Հայաստանին համարել է անառարկելի ճշմարտություն, նրան ընդունել է հալած յուղի տեղ. երկու երկրները անվանապես դաշնակից պետություններ են, սակայն Մոսկվան քանիցս չի կատարել Հայաստանի անվտանգությանն ուղղված իր պարտականությունները։
Այժմ, երբ Մ. Նահանգներն է ակտիվություն ցուցաբերում տարածաշրջանում, Մոսկվան մտահոգությամբ է հետեւում նրա քայլերին։ Հայաստանն, այս իրավիճակում, պարտավոր է չափազանց ձեռնհասորեն առաջ տանել իր դիվանագիտությունը կարողանալ կացությունից օգուտ քաղելու համար։ Որոշ քաղաքագետներ, ինչպես օրինակ` Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, հավատացած են, որ «Հայաստանի ապագաղութացումը սկսված է»։
Հակառակ իր փոքր չափին եւ վարկին, Հայաստանը կարող է տարածաշրջանում առանցքային դերակատարություն ունենալ գերտերությունների հակամարտության ներկա փուլում։ Բարձրաստիճան պաշտոնյաների վերոնշյալ այցելությունները ասվածի վառ վկայությունն են։
Նախագահ Բայդենի որդեգրած «հարատեւ պատերազմներից անցում դեպի հարատեւ դիվանագիտություն» քաղաքականությունը կարող է հօգուտ Հայաստանի գործել, հաշվի առնելով, որ Վաշինգտոնն այժմ փորձում է վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։
Երվանդ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: