Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջադեպը արդիական է դարձնում ցեղասպանության զոհերի հիշատակն անարգելու և փաստը ժխտելու դեպքերն օրենքով արգելելու հարցը. «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 22,2022 10:39

Վերջին օրերին հայկական սոցիալական ցանցերի տիրույթները հեղեղված են թուրք զբոսաշրջիկի տեսագրություններով, որը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղրում է 20-րդ դարի առաջին ոճրագործության զոհերի հիշատակը՝ ցուցադրելով այն իրականացնողների գաղափարական իրավահաջորդների՝ «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը եւ այլ անհարգալից ժեստեր: Կարծել, թե Թուրքիայի քաղաքացին չի գիտակցում, որ իր արարքով վիրավորում է մի ողջ ժողովրդի եւ պետության, որի հետ իր երկիրը փորձում է հարաբերություններ հաստատել՝ ճիշտ չէր լինի: Թուրքիայի հասարակության ներկայացուցիչը պետական վիրավորանքի առումով շատ խիստ է դաստիարակված եւ դեռ փոքրուց գիտի թյուրքական պետությանը եւ թյուրքականությունը վիրավորելու հետեւանքների մասին: Այդ երկրում 2005 թ. օրենքի ուժ տվեցին պետությանը վիրավորելու համար քրեորեն պատժելու ինստիտուտին, որը մինչ այդ այլ ձեւերով էր գործում:

Խոսքը վերաբերում է Թուրքիայի քրեական oրենսգրքի տխրահռչակ 301-րդ եւ 305-րդ հոդվածներին: 301-րդ հոդվածը սահմանում է. «Այն անձը, ով «հրապարակավ կվիրավորի թուրքական ազգը, հանրապետությունը կամ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ), կբանտարկվի 0.5-3 տարով: Այն անձը, ով հրապարակավ կվիրավորի Թուրքիայի Հանրապետության կառավարությանը, պետական դատական հաստատությունները, զինված ուժերը կամ անվտանգության ուժերը, կբանտարկվի 0.5-2 տարով… Եթե թուրքական ազգի հասցեին հրապարակավ արված վիրավորանքը հասցվում է արտասահմանում գտնվող Թուրքիայի քաղաքացու կողմից, ապա դրա համար նախատեսված վերոնշյալ պատժաչափն ավելանում է 1/3-ով»:

Թուրքիայում վիրավորանքի եզրույթը բարձրացված է անտրամաբանական մակարդակի, եւ դատարանը պատիժներ է սահմանում նույնիսկ էրդողանին քննադատող ընդդիմադիր քաղաքական գործիչների հանդեպ: Այսպես՝ Թուրքիայում նախագահին վիրավորանքը քրեորեն պատժելի լինելու հիմքով դատարանը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին ժամանակին պարտավորեցրել էր Էրդողանին վճարել ավելի քան 43 հազար թուրքական լիրա՝ Ազգային մեծ ժողովում նրա դեմ արված արտահայտությունների համար։

Նման իրականությունում ծնված ու մեծացած Թուրքիայի քաղաքացին այսօր Ծիծեռնակաբերդում անարգում է 1.5 մլն զոհերի հիշատակը եւ պատմական իրողությունը, այն էլ այն ժամանակ, երբ երկու պետությունների մեջ ընթանում է հարաբերությունների հաստատման գործընթաց՝ ցեղասպանության ճանաչման չլուծված հիմնահարցի պայմաններում: Հայոց եղեռնի ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունն է, հայ ժողովրդի ինքնության անբաժանելի ողբերգական տարրը: Ըստ պետական արարողակարգի՝ Հայաստան ժամանած ցանկացած այլ պետության բարձրաստիճան ներկայացուցիչ պետք է այցելի Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցի անմեղ զոհերի հիշատակին, երկրների ղեկավարները՝ նաեւ ծառ տնկեն հիշատակի պուրակում:
Պատմական այս շրջադարձային փուլում հայ ժողովրդին ուղղված նման անարգանքը չի կարող պատահական լինել, հետեւաբար չի կարելի, որ այն առանց հետեւանքների մնա, քանի որ առաջին հերթին արարքը պարունակում է իրավական նորմերով պատժելի տարրեր:

Այս միջադեպը արդիական է դարձնում նաեւ ՀՀ օրենսդրությամբ ցեղասպանության զոհերի հիշատակն անարգելու եւ փաստը ժխտելու դեպքերն օրենքով արգելելու հարցը:

Մյուս կողմից էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դեպքը լուրջ մտորելու տեղիք է տալիս՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի ֆոնին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031