Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ-ը գրություն է ուղարկել՝ հորդորելով անվտանգության խիստ միջոցառումներ ձեռնարկել, քանի որ ՀՀ պաշտոնական որոշ շրջանակներ Թուրքիայից սպառնալից գրություն են ստացել. «Հրապարակ»

Հուլիս 22,2022 09:54

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, մեր տեղեկություններով, օրերս գրություն է ուղարկել բոլոր մարզպետարաններին եւ իր ենթակա կառույցներին՝ հորդորելով անվտանգության խիստ միջոցառումներ ձեռնարկել, քանի որ Հայաստանի պաշտոնական որոշ շրջանակներ Թուրքիայից սպառնալից գրություն են ստացել, որ մեծ քանակի ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր են բերել Հայաստան եւ սկսելու են տեռորիստական ակտեր իրականացնել ադմինիստրատիվ շենքերում, մետրոպոլիտենում եւ այլն։

Մարզպետարաններին է ուղարկվել նաեւ գրության բնագիր տարբերակը՝ ռուսերեն, որից պատասխանատուները կարող են իրազեկվել Թուրքիայի մտադրությունների մասին։ Այն մասին, որ իրենց տեռորիստական կազմակերպությունը՝ «Իսլամական պետություն» կազմակերպությունը, մինչեւ ատամները զինված ներկայացուցիչներ ունի Հայաստանում, եւ Հայաստանը պիտի դառնա իսլամական վիլայեթ: Մեր ձեռքում է հայտնվել այն գրությունը, որն ուղարկվել է մարզպետարաններից մեկին՝ որպես ապացույց այն բանի, որ ԱԻՆ-ը հենց այնպես, անհիմն խուճապ չի տարածում։

Գրությունն առաջին հայացքից տգետ դպրոցականի եւ հոգեկան հիվանդի գրության է նման եւ ունի հետեւյալ բովանդակությունը. «Այս օրը կհիշեն բոլորը։ Իմ ատելությունն առ գյավուրները ի հայտ է եկել դեռ ծննդյանս օրվանից, դուք՝ բոլորդ, ոչնչացվելու եք։ Ողջույն, վիժվածքներ։ Մենք «Իսլամական պետություն» կազմակերպությունն ենք։ Այսօր մենք ձեզ կպայթեցնենք, մոտ հարյուր ինքնաշեն պայթուցիկ սարքեր են դրված։ Մենք կարողացել ենք բերել ռումբեր։ Նաեւ կսկսենք հարձակումներ քաղաքների վարչական շենքերի վրա, ականապատված են Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները։ Մենք բազմաթիվ կողմնակիցներ ունենք, ովքեր զինված են մինչեւ ատամները։ Մենք ունենք շատ զենք եւ զինամթերք, ԱԿ-47, նռնակներ, ՌՊԳ եւ փամփուշտներ։ Մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի ողջ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի նախագահը հրաժարական տան, ինչպես նաեւ մեզ փոխանցվի հինգ բիթքոյին ինձ եւ իմ ամենամոտ օգնականին՝ իմ կրիպտոդրամապանակի մեջ ․․․․ Սատկեք, քրիստոնյա տականքներ։ Չկա այլ Աստված, բացի Ալլահից, Ալլահու Աքբար։ Հայաստանը կլինի իսլամական վիլայեթ»։

Մեզ ասացին, որ հուլիսի 20-ին Երեւանի մետրոպոլիտենում ռումբի ահազանգի պատմությունն էլ այս գրության շարունակություն են դիտել, եւ մետրոյի՝ մի քանի ժամ փակ լինելը նաեւ սրա հետ էր կապված։ Ընդհանրապես, վերջին շրջանում բավականին հաճախակիացել են ռումբի տեղադրման կեղծ ահազանգերը։

Եթե սրան էլ գումարենք մի քանի օր առաջ Ծիծեռնակաբերդում թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման ներկայացուցչի հայտնվելը եւ հայերին ուղղված սպառնալից հայտարարությունները, ապա հասկանալի կլինի, թե ինչ վիճակում է հայտնվել Հայաստան պետությունը, որը, կարելի է ասել, ո՛չ նորմալ բանակ ունի, ո՛չ ազգային անվտանգություն ապահովող ԱԱԾ, ո՛չ գրագետ ու պատրաստված ոստիկանություն։ Այս բոլոր կառույցները պետության անվտանգային հարցերի փոխարեն զբաղված են ընդդիմադիրներին հալածելով ու Նիկոլ Փաշինյանի աթոռը պահելով։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031