«Անկախ». Եթե նման կարևոր միջազգային փաստաթղթերի ընդունման գործում կարող է ազդեցություն ունենալ մեկ անձը, ապա որքան մեծ արդյունքների կարելի է հասնել, եթե այդ ջանքերը գործադրելու ցանկություն, կամք և կարողություն ունենան պետական կառույցները
Ադրբեջանի նախագահն օրերս Բաքվում ընդունել էր Եվրախորհրդարանի պատվիրակությանն ու լուրջ դժգոհություն հայտնել խորհրդարանի «հակաադրբեջանական» դիրքորոշման վերաբերյալ։
Պետք է խոստովանել, որ Ալիևի վրդովմունքն անհիմն չէ։ Եվրախորհրդարանը հատկապես պատերազմից հետո 4 անգամ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային և ընդունել բավականին ազդեցիկ բանաձևեր՝ հօգուտ Արցախի ու Հայաստանի, ընդ որում՝ երկու անգամ Արցախի հետ կապված հատուկ առանձին բանաձևերով։
Ակնհայտ է, որ բոլոր այդ կարևոր բանաձևերի ընդունման հետևում եղել է պրոֆեսիոնալ, բազմակողմանի և հետևողական լուրջ աշխատանք։ Եվ գուցե անհավանական թվա, բայց Եվրախորհրդարանի կողմից վերջին 4 կարևոր բանաձևերն ընդունվել են հիմնականում մեկ անձի՝ քաղաքական գործիչ, Արտակարգ և լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի ջանքերի շնորհիվ։
Կարդացեք նաև
Նա հայտնի է միջազգային իր լայն կապերով և արդեն տարիներ շարունակ սերտորեն համագործակցում է Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների ու կառույցների, Եվրամիության այլ շրջանակների հետ։
Պետք է նշել, որ որոշ բանաձևերում իր ավանդն ունի նաև Հանրապետական կուսակցությունը, որը Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ է, որն էլ Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունն է։ Հանրապետականը նույնպես իր կապերն օգտագործում է՝ հօգուտ Արցախի հարցի։
Մենք խնդրեցինք Դավիթ Շահնազարյանին մեկնաբանել Ալիևի վերջին հայտարարություններն ու անդրադառնալ Եվրամիության կառույցներում իր դերակատարմանը, սակայն քաղաքական գործիչը կտրականապես հրաժարվեց իր գործունեությանը որևէ մեկնաբանություն տալ։ «Կարևորն արդյունքներ են»,- այսքանով եզրափակեց նա։
Ինչևէ, այն փաստը, որ մեկ անձ կարող է նման արժեքավոր արդյունքներ գրանցել միջազգային ամենահեղինակավոր ատյաններից մեկում, այն էլ 44-օրյա պատերազմից և կապիտուլյացիայից հետո, վկայում է այն մասին, որ հաջողության դռներն ամենևին էլ փակ չեն Հայաստանի առջև, ինչպես թվում է կամ ինչպես փորձում է ներկայացնել գործող իշխանությունը։ Հիշենք ապրիլի 13-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը․ «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում մեզ վրա հույս չդնեք»։
Փաստորեն՝ Հայաստանը լավ էլ կարող է միջազգային հանրության վրա հույսը դնել, միաժամանակ բարձր պահել նշաձողը, եթե այդ հանրության հետ ճիշտ աշխատանք կատարվի։
Եթե նման կարևոր միջազգային փաստաթղթերի ընդունման գործում կարող է ազդեցություն ունենալ մեկ անձը, ապա որքան մեծ արդյունքների կարելի է հասնել, եթե այդ ջանքերը գործադրելու ցանկություն, կամք և իհարկե կարողություն ունենան այդ գործունեությամբ զբաղվելու մանդատ ստացած պետական կառույցներն ու պաշտոնյաները։
Ինչպես ընդգծել էր Դավիթ Շահնազարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում․ «Եվրախորհրդարանի այս չորս բանաձևերը լուրջ, կարևոր, արդյունավետ և ամուր համակարգային հիմք են Արցախի Հանրապետության կենսական շահերը պաշտպանող պետական, քաղաքական, հասարակական գործիչների եւ փորձագետների համար, որպեսզի ամենատարբեր միջազգային ատյաններում ու հանդիպումներում հայկական շահերն ամրապնդելու ուղղությամբ ծավալուն, նպատակասլաց և արդյունավետ գործունեություն իրականացվի»։
Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: