Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞ արդյոք Մինսկի խումբը, գործո՞ւմ է, թե՞ դադարեցրել է իր գործունեությունը, ինչպես պնդում է Ադրբեջանի նախագահը. «Հայացք Երեւանից»

Հուլիս 22,2022 10:27
eahk

Կա՞ արդյոք Մինսկի խումբը, գործո՞ւմ է, թե՞ դադարեցրել է իր գործունեությունը, ինչպես պնդում է Ադրբեջանի նախագահը, իսկ վերջերս՝ նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Մի՞թե իրոք արցախյան խնդրի լուծման գործընթացն այլեւս թողնված է բախտի քմահաճույքին:

Հանրային խոսույթում ոմանք այն կարծիքին են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անունը կա, ամանումը՝ չկա: Կառույցի գործունեության մասին հակասական հայտարարություն են անում ՌԴ-ն ու ԱՄՆ-ը՝ միմյանց մեղադրելով խմբի աշխատանքները խաթարելու համար: Չնայած Վաշինգտոնից հնչող պնդումներին, թե ԱՄՆ-ը պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ-ում շարունակել Մոսկվայի հետ համագործակցությունը, Ռուսաստանի ԱԳ նախարարը հունիսի 24-ին Բաքվում պնդեց, թե բանակցային այդ ձեւաչափն այլեւս գոյություն չունի։ «Ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների նախաձեռնությամբ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ առանց որեւէ հիմնավորման։

Հունիսի 27-ի իր առցանց ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լինել-չլինելու հարցին, ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը, ի զարմանս շատերի, առաջին անգամ հայանպաստ մոտեցում դրսեւորեց՝ նշելով, որ ՄԽ բոլոր 3 համանախագահներն էլ ԼՂ խնդրի մասով հաստատել են իրենց հանձնառությունը։ «Մինսկի խումբն ինքը չի հայտարարել իր չգոյության մասին»,- ասել է Փաշինյանը։ Ավելին՝ նա տարօրինակ է համարել Բաքվում Լավրովի հնչեցրած դատողությունները եւ, իբրեւ հակափաստարկ, ներկայացրել Մոսկվայում ապրիլի 19-ին ստորագրված՝ Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունը, որի կետերից մեկը նվիրված է ղարաբաղյան կարգավորման շուրջ հայ-ռուսական համագործակցության եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներուժի օգտագործման անհրաժեշտությանը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան:

Ի դեպ, Ադրբեջանի առաջնորդը վերջին շրջանում նկատելիորեն նյարդայնանում է՝ տեսնելով, որ իր հայացքները շատ քչերն են կիսում: Հունիսի 30-ին Բաքվում հանդես գալով Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի համաժողովի բացմանը, Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի եւ մի շարք այլ երկրների կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերն անարդյունավետ են եւ կործանարար հարավկովկասյան խաղաղ գործընթացի համար։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկա, մենք նրան հրաժեշտ ենք տվել։ Իսկ Հայաստանը եւ մի շարք ուրիշ երկրներ ցանկանում են վերականգնել, բայց դա անհնար է, այն մեռած է»,- իր ելույթում նշել է Ալիեւը:
«Մի շարք երկրներ» ասելով՝ Բաքվի բռնապետը նկատի ունի, նախեւառաջ, Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որոնք մի քանի անգամ տարբեր առիթներով հավաստել են Մինսկի խմբի համանախագահության գործընթացին իրենց աջակցության մասին: Միացյալ Նահանգները նույնիսկ ՄԽ-ում նոր համանախագահ ունի՝ ի դեմս Պետդեպարտամենտի Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Լորա Հոչլայի, ով արդեն հասցրել է զրուցել իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: «Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարեւոր ձեւաչափ է՝ հատկապես ԼՂ հարցում»,- «Ազատությանն» ասել է Պետքարտուղարության պաշտոնյան։

Ալիեւի համար պետք է որ «սառը ցնցուղ» լիներ նաեւ ՌԴ-ի պաշտոնական արձագանքն իր հերթական սադրիչ հայտարարություններին, որոնք Արցախի եւ, այսպես կոչված, Արեւելյան Զանգեզուրի հասցեին հնչեցին հունիսի վերջին Աշգաբադում տեղի ունեցած՝ Կասպյան գագաթաժողովում: «Ադրբեջանը սկսել է լայնածավալ աշխատանքներ իրականացնել Ղարաբաղի վերականգնման եւ Արեւելյան Զանգեզուրում միջազգային տրանսպորտային կապերի զարգացման գործում։ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում»,- իրեն հատուկ լպիրշությամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ որոշ կծու ակնարկներ նետելով նաեւ Ռուսաստանի ուղղությամբ, որի առաջին դեմքը նույնպես ներկա էր նիստին:

Եվ միանգամայն բնական են գագաթաժողովի բացման արարողությունից հետո Պուտին-Ալիեւ հանդիպման վերաբերյալ Կրեմլի կայքէջում հրապարակված հաղորդագրության շեշտադրումները: Ըստ այդմ՝ պաշտոնական Մոսկվան ընդգծում է ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, այսինքն՝ մատնացույց է անում դրա կարգավորված չլինելու խնդիրը: Հաղորդագրության մեջ, ընդհանրապես, «կարմիր թելով» անցնում է երեք առանցքային միտում՝ ա/ ԼՂ խնդիրը լուծված չէ, բ/ Արցախում Ադրբեջանը ներկայություն չունի եւ գ/ տարածաշրջանի կապուղիների բացման հարցում առանցքային դերակատարը ՌԴ-ն է, քանի որ այդտեղ նրա խաղաղապահ ու սահմանապահ զորքերն են տեղակայված:

Ակնհայտ է, որ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին պաշտոնական որեւէ հայտարարություն չեն արել ոչ միայն համանախագահ երկրները, այլեւ միջազգային ոչ մի կառույց՝ ՄԱԿ-ը, Եվրախորհուրդը եւ այլք: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի «մահվան» մասին Ադրբեջանի տարածած լուրերը, փաստորեն, խիստ չափազանցված են:

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 27-րդ համարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031