Ռուսական հայտնի ասացվածքում ասվում է. «Ռուսաստանը երկու դժբախտություն ունի՝ տխմարները եւ ճանապարհները» («В России две беды: дураки и дороги»): Հայաստանի պարագայում եւս այդ երկուսն արդիական են, սակայն կարելի է ավելացնել եւ երրորդ դժբախտությունը՝ դա ընդդիմությունն է:
Մեր անկախության երեսուն տարվա փորձը վկայում է, որ ամբողջ այդ ընթացքում գործած ընդդիմությունների հիմնական նպատակը եղել է իշխանափոխությունը, այսինքն՝ պայքարն ընթացել է իշխանության համար, առանց որեւէ հիմնավորող հայեցակարգերի, տեսլականի, թե ինչ են անելու իշխանության գալուց հետո: Միակ «հիմնավորումը» եղել այն, որ իրենք ավելի հայրենասեր են:
Հաջորդ փուլում, երբ իշխանությունն ու ընդդիմությունը տեղերով փոխվում էին, պատկերը կրկնվում էր, նույն առանցքային հիմնավորմամբ, որ նախկին իշխանավորները՝ այժմ ընդդիմադիրներ, ավելի հայրենասեր են, քան ներկա իշխանությունը, որը նախկինում ընդդիմություն էր: Այս կարուսելը կարող է անվերջանալիորեն պտտվել, եթե չփոխվեն խաղի կանոնները, բայց առաջին հերթին՝ հանրության գիտակցությունը:
2018 թվականը ցույց տվեց, որ պարզունակ «մերժման» գաղափարի վրա կարելի է փողոցից մարդիկ բերել կառավարություն ու խորհրդարան եւ փորձել կառավարել երկիրը: Արդյունքը տեսնում ենք, թե որքան ողբերգական կարող է լինել, սակայն, միեւնույն է, դա մեզ համար դաս չի դառնում, եւ գործող ընդդիմությունը դարձյալ ջանում է կրկնել 2018-ի դառը փորձն ու դարձյալ, «մերժման» տեխնոլոգիայի օգտագործմամբ, իշխանության բերել արդեն «նոր փողոցը»:
Կարդացեք նաև
Քաղաքական կուսակցություններին այդքան անհրաժեշտ եւ այդքան սպասելի ստեղծագործ աշխատանք մենք նորեն չենք տեսնում: Այդպիսի ավանդույթ տակավին չունենք: Միգուցե պետք է հենց այդօրինակ աշխատանքներից սկսել եւ միայն դրանից հետո՞ իշխանության հայտ ներկայացնել: Արժե այս մասին մտածել:
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայացք Երեւանից» պարբերականի 27-րդ համարը: