Երրորդ հանրապետությունը ժառանգել է որոշակի պետական համակարգ: Այդ համակարգը պետք չէ ո՛չ գովերգել, ո՛չ էլ՝ ծայրից ծայր փնովել: Բացի կրթական, գիտական, տնտեսական ոլորտում ակնհայտ նվաճումներից, այդ համակարգի դրական կողմերից էր պատասխանատու պաշտոններ ստանձնելու հստակ մեխանիզմը, որը տնտեսական ասպարեզում ապահովում էր ղեկավար կադրերի քիչ թե շատ տանելի մակարդակ, ինչպես նաեւ երեխաների եւ պատանիների «ինդոկտրինացիայի» (քաղաքական համակարգի մաս դարձնելու) մշակված ձեւերը: Այդ ամենը համեմվում էր անիմաստ եւ անհեթեթ գաղափարախոսական առասպելներով, բռնություններով, կոռուպցիայով, բայց զուտ տեսականորեն քարոզվում էր պարկեշտություն, համերաշխություն, հայրենասիրություն:
Դրան ավելացրեք 60-70-ական թվականներին որոշակիորեն թույլատրված հայկական ազգայնականության թեթեւ դրսեւորումները, եւ պարզ կդառնա, որ Արցախյան առաջին պատերազմին հայաստանցիները մոտեցել էին որոշակի «դրական պաշարով»: Ավելին ասեմ՝ գիտության, կրթության մեջ, մշակույթում, եթե այս 30 տարում ունենք ինչ-որ նվաճումներ, ապա դրանք հիմնականում այդ նույն «պաշարի» շահագործումն են: Մասնավորապես, միջազգային ճանաչում ունեցող հայաստանցի գիտնականների ճնշող մեծամասնությունը կայացել է խորհրդային տարիներին: Այդ մարդիկ գնալու են, եւ նոր համակարգեր ստեղծելն ամենաարդիական խնդիրներից մեկն է:
Անցյալի դրական բաները մենք մեզ հետ չվերցրեցինք. շատ բաներ իրավացիորեն մերժելով՝ մենք դրա տեղը ոչ մի բան չդրեցինք: Բայց ինչ վերաբերվում է անցյալի հոռի բարքերին, ահավոր արատներին, ապա Երրորդ հանրապետության բոլոր իշխանությունները կոմունիստների «հավատարիմ ժառանգորդներն» են:
Ես հիշում եմ մորս պատմածները՝ նա դպրոցում էր սովորում 1940-ական թվականներին: Դասի ժամանակ դասարան անսպասելիորեն մտնում էին պողպատե դեմքերով (պողպատե, ստալինյան մանդատ ստացած կոմերիտականները) եւ բացականչում էին՝ «ժողովրդի թշնամիների զավակներ, ոտքի՛»: Մի քանի աշակերտ ոտքի էր կանգնում, եւ նրանց հրապարակային նվաստացման էին ենթարկում: Այսինքն՝ «ժողովրդի թշնամի» լինելու համար մարդիկ տնով-ցեղով պատասխանատու էին: Դա ձեզ չի՞ հիշեցնում Հրայր Թովմասյանի դուստրերին հարցաքննությունների քարշ տալը, իսկ հիմա՝ Ավետիք Չալաբյանի՝ քաղաքականության հետ կապ չունեցող եղբորը աշխատանքից հանելու հրահանգը: Չալաբյանը ձերբակալվել է, որովհետեւ նրա քաղաքական հայացքներն իշխանությանը դուր չեն եկել, եւ հիմա էլ նրա բարեկամներից են վրեժ լուծում:
Կարդացեք նաև
Իհարկե, իշխանության ներկայացուցիչները կարող են ասել՝ «բա Սերժի վախտ այդպես չէ՞ր»: Պատասխանեմ՝ այդպես էր: Միայն թե պարզ չէ, թե ինչի՞ համար եք դուք եկել՝ Սերժին փոխարինելու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կան հաջողությունների եւ անհաջողությունների օրինաչափություններ, եթե հասկանանք այդ օրինաչափություններն ու հետեւենք դրանց, դրանով մի կողմից մենք չենք գահավիժի անհաջողությունների անդունդները ու դուրս կգանք չեզոք իրավիճակներից, մյուս կողմից կհաղթահարենք հաջողությունների բարձունքների գագաթները: Ընդամենը պետք է հետեւել մի քանի կետերի. Ա Անհաջողությունները հիվանդության նման բան են, եթե ժամանակին դեմը չես առնում, կուտակվում են, Բ Եւ լավը եւ վատը կատարվում է Արարչի կամոք, երբ լավն է կատարվում, ապա կա ներդաշնակություն քո եւ Արարչի կամքերի, եթե կատարվում է վատ բան, պարզ է, քո կամքը հակառակ է Արարչի կամքին, բայց սա չի նշանակում, որ պետք է մազոխիստի նման տրվես վատի տառապանքներին, որ Արարչի հետ մի կամքի լինեք, սա ընդամենը նշանակում է, որ ճակատագիրդ հիվանդ է եւ բուժման կարիք ունի եւ եթե չբուժվես այսօր, վաղն ավելի վատին կարող ես հանդիպել, Գ Բուժումը՝ դա այսօրվա վատ բաների հաղթահարումն է, այստեղ է, որ պետք է ցուցաբերել արարչագործություն, եթե հիվանդությունը բարձիթողի վիճակում է, ապա պետք է օգնության գան իսկական հոգեբաններն ու իսկական հոգեւորականները կամ պարզապես ոգեղեն մարդիկ՝ օգնեն գաղափարներով, փորձով եւ գործով հիվանդին հաղթահարել եւ ոչ թե ցավազրկել հիվանդությունը: Հետեւություն, անհաջողություններից պետք չի խուսափել, անհաջողությունները՝ դրանք միակ բաղձալի հնարավորություններն են, որոնք հաջողությամբ հաղթահարելու դեպքում հայտվում ենք հաջողության գագաթին: Մնում է սովորենք եւ կամք դաստիարակենք անհաջողությունները հաջող հաղթահարելու, դրանով Արարչի հետ միակամ ներդաշնակ դառնալով: