Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական իրականության մեջ ժամանակակից պարը թեեւ ավանդույթներ չունի, բայց ունի տեսանելի ապագա

Հուլիս 22,2022 13:30

Արեւմուտքում 19-րդ դարի վերջին ձեւավորված ժամանակակից պարի ավանդույթը հայաստանյան իրականության մեջ այսօր մի շարք խնդիրների է բախվում։ Մեզ մոտ ավանդույթի բացակայության դեպքում իսկապես բարդ է խոսել նույնիսկ ներկայի մասին, հասկանալ, թե ժամանակակից ստեղծագործողները ինչպես են գտնում իրենց այդ բազմազանության մեջ։ Իսկ այդ բազմազանությունը եկավ դարեր առաջ, երբ պարողները սկսեցին կոտրել բալետի կաղապարը։ Այդ անհատները մշակել էին իրենց տեսությունները, որոնց հիման վրա էլ սկիզբ դրվեց շարժման նոր ոճի։ Իսկ թե ինչու է մեր իրականության մեջ ժամանակակից պարը կամ ինչպես ասվում է՝ ազատ պարը, մի շարք խնդիրների բախվում, հասկանալի է. նախեւառաջ մեզ մոտ այդ ուղղվածության կրթությունը՝ որպես այդպիսին, հիմք դրվեց շուրջ երեք տարի առաջ, Երեւանի պարարվեստի պետական քոլեջում, Ռիմա Պիպոյանի նախաձեռնությամբ եւ արագ տեմպերով հաջողություններ է գրանցում։ Օրինակ, վերջերս մեզ մոտ անցկացվեց SUMMEET ժամանակակից պարի միջազգային փառատոնը։

Մեր երկիր էր այցելել ճանաչված պարուսույց Ֆաբիան Պրիովիլը (Գերմանիա)։ Այստեղ նա համագործակցեց Balmanukyan Dance Project-ի եւ ARLOOPA-ի հետ։ Միջոցառումը սկսվեց գերմանական Prioville Dance Company-ի «12 Fifty Mb/s» նախագծով՝ Motion Capture տեխնոլոգիայով։ Վերջինս կատարողներին վերածում էր 3D մոդելների՝ հանդիսականների սմարթֆոնների էկրաններին, իսկ QR կոդերը սքանավորելով՝ ներկաները ըստ էության կարող էին պարային հոլովակ դիտել։ Այսպիսով առաջին անգամ Հայաստանում ստեղծվեց VR ներկայացում։ Փառատոնային օրերին մենք շփվեցինք ծնունդով Վիեննայից իսկապես փայլուն մի արտիստի՝ Իդա Մանասերյանի հետ, որին մտաբերեցինք դեռեւս 2017թ. մեզ մոտ առաջին անգամ անցկացված Global Art պարարվեստի միջազգային մրցույթ-փառատոնից, որտեղ պարուհին «Ժամանակակից պար» անվանակարգում արժանացել էր առաջին մրցանակի, իսկ «Դասական մենապարեր»-ում՝ երկրորդ։ Մինչ ժամանակակից պարի մասին զրույցը, հետաքրքրվեցինք պարուհու ստացած ուսմամբ։

«Բավական ուշ՝ 12 տարեկանում եմ ընդունվել Երեւանի պարարվեստի քոլեջ եւ արդեն 2-րդ կուրսում էի, որ մասնակցեցի Global Art միջազգային մրցույթ-փառատոնին, որին հաջորդեց Տալլինում կայացած բալետի արտիստների միջազգային մրցույթը»,- տեղեկացրեց նա։ Ռեպլիկին՝ իսկ ժամանակակից պարի ոլորտո՞ւմ, պատասխանեց. «Քոլեջն ավարտելուց հետո մշակույթի փոխանակման ծրագրով մեկնեցի ԱՄՆ, Artistic motion school of arts, որտեղ դասավանդում էի սկսնակներին, իսկ զուգահեռ ինքս դասեր վերցնում ժամանակակից եւ մոդեռն պարի մասնագետների մոտ։ Իմ ուսումնառությունից հետո էլ Rotary childrens found-ի հետ սկսեցի շրջագայել ԱՄՆ-ի քաղաքներում։ Կարճ ասեմ՝ վերադարձա Հայաստան 2019-ին եւ ծանոթացա ժամանակակից պարի ոճում հաջողություններ գրանցած Արման Բալմանուկյանի հետ։ Մեր համատեղ առաջին գործը՝ ներկայացումը, «Gallery Mood»-ն էր»,- ասաց մեր զրուցակիցը։ Տեղյակ ենք, որ պարուհու արվեստը բարձր է գնահատել նաեւ անվանի խորեոգրաֆ Բորիս Էյֆմանը։ Այդ կապակցությամբ երիտասարդ պարուհին ընդամենը հայտնեց, որ 2021-ին մասնակցել է Սանկտ Պետերբուրգում անցկացված խորեոգրաֆիայի միջազգային փառատոնին, որի գեղարվեստական ղեկավարն էր ինքը՝ Էյֆմանը։ Հայաստանից միակ մասնակիցը (փառատոնին հրավիրված էին պարողներ ու խորեոգրաֆներ ավելի քան 10 երկրից) հնարավորություն էր ստանում հանդես գալ ժամանակակից պարի ճանաչված խորեոգրաֆներ, մայր եւ դուստր Նատալիա եւ Վալերիա Կասպարովաների «Diffussion» բեմադրության մեջ։ Այն ներկայացվում է Սանկտ Պետերբուրգում եւ Սեւաստոպոլում։ Հայ պարուհին ընդգրկվում է նաեւ Քսենիա Միխեեւայի խորեոգրաֆիայով «Մեդեա» ներկայացման մեջ։ Ի հավելումն՝ պարուհին ասաց, որ Վալերիա Կասպարովան ունի հայկական արմատներ եւ շուրջ մեկ տարի է, ինչ դասավանդում է ու բեմադրություններ իրականացնում հայաստանյան Balmanukyan Dance Project-ում։


Խոսելով ժամանակակից կամ ազատ պարի՝ Հայաստանում երիտասարդ ժանրի մասին եւ մասնավորապես պատասխանելով մեր հարցին, թե արդեն հանդիսատեսի լայն շրջան ունեցող այս ուղղության կամ ոճի մասին խոսելիս, իհարկե՝ ոչ մասնագետների մոտ, շրջանառվում է հետեւյալ միտքը, թե՝ ազատ պար է, ոչ թե դասական բալետի օրենքներով բեմադրություն, մեծ հաշվով արտիստը ներկայացման ժամանակ կարող է իրեն թույլ տալ շեղվել խորեոգրաֆի բեմադրածից։

Այս դիտարկմանն ի պատասխան՝ Իդա Մանասերյանն ասաց. «Դասական պարը, մոդեռն պարը ունեն իրենց օրենքները։ Ազատ պար բեմադրելիս խորեոգրաֆը չի կոնկրետանում պարաոճի, ձեռագրի ընտրության հարցում, այսինքն՝ ինքն իր տեսությունն է ներկայացնում։ Մեր իրականությունում modern եւ contemporary պարաոճերը հաճախ նույնացնում են։ Մինչդեռ modern-ն ունի կոնկրետ ձեռագրեր, որոնք ձեւավորվել են 20-րդ դ. նորարար խորեոգրաֆների (Լիմոն, Մարթա Գրեհեմ, Քանինգհամ եւ այլն) կողմից, իսկ contemporary ասելիս պետք է հասկանալ այսօր կատարելագործվող պարը, որն, ի դեպ, կարող է լինել դասական հիմքով ժամանակակից բալետ կամ մոդեռնի ու ջազի սինթեզ եւ այլն։ Մի իրողություն ասեմ նաեւ: Տեսեք, Եվրոպայում պարարվեստի ոլորտում նորարարություններն աստիճանաբար են կատարվել, իսկ մեզ մոտ, որպեսզի Եվրոպայի հետ զուգահեռ քայլենք կամ զարգացում լինի, անհրաժեշտ էր նախ ինֆորմացիա եւ, իհարկե՝ փորձի փոխանակում, բայց մեր երկրում մեծ ինտերվալներով անընդհատ դադարներ են եղել։ Այսինքն՝ թեկուզ այն ներկայացումները, որ բեմադրվել են 1980-ականներին, չեն պահպանվել, չեն վերաբեմադրվել։ Իսկ հիմա ստացվում է, որ հապճեպ Արեւմուտքից բերում ենք այստեղ ինչ-ինչ նորույթներ ու տեղայնացնում։ Կրկնում եմ՝ դա պետք է կատարվեր աստիճանաբար։ Մյուս կողմից՝ ողջունելի է, որ այսօր ունենք ժամանակակից պարի ոլորտում ստեղծագործող անհատականություններ՝ ի դեմս Արա Ասատուրյանի, Արման Բալմանուկյանի, Ռիմա Պիպոյանի, Արսեն Մեհրաբյանի եւ այլն»։

Վերը շարադրվածից կարելի է հետեւություն անել, որ թեեւ մեր իրականությունում ժամանակակից պարը, հասկանալի պատճառով չունենալով ավանդույթներ, բախվում է եւ դեռ կբախվի մի շարք խնդիրների, բայց մյուս կողմից՝ հուսադրող է, քանի որ ունենք ոլորտի բարձրակարգ խորեոգրաֆներ եւ արդեն միջազգային արենայում հանդես եկող արտիստներ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Իդա Մանասերյանը՝ ներկայացումներում։

«Առավոտ» օրաթերթ
21.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել