Պոլսահայ երգչուհի Սիպիլն ու համշենցի երգչուհի Այշենուրը բացառիկ նախագիծ են իրականացրել:
Արեւելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ պոլսահայ երգչուհի Սիպիլը եւ երկար տարիներ Սեւ ծովի արեւելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը միասին կատարել են «Լուսի հատիկ» երգը, որն արդեն հրապարակված է թվային հարթակներում։
«Առավոտի» հետ զրույցում Սիպիլը տեղեկացրեց, որ «Լուսի հատիկ» երգի երաժշտության հեղինակն է Արի Հերկելը։ Նրան է պատկանում նաեւ երգի գործիքավորումը։ Երգի արեւմտահայերեն խոսքերը գրել է լիբանանահայ բանաստեղծ Աշոտ Բագրատունին, իսկ Համշենի բարբառով խոսքերը գրառել է համշենցի մտավորական Մահիր Օզքանը։
Երգի տեսահոլովակը ստեղծվել է Օզքան Աքսուլարի ղեկավարությամբ։
Կարդացեք նաև
«Առավոտի» հարցին՝ ինչո՞վ է այս նախագիծը յուրահատուկ, Սիպիլը պատասխանեց, որ երգն առանձնահատուկ է նախ եւ առաջ նրանով, որ առաջին անգամ են համշենահայերենն ու հայերենը մեկտեղվում ու ներդաշնակվում. «Այս երգի միջոցով փորձել ենք ցույց տալ, որ արեւմտահայերենն ու Համշենի բարբառը, չնայած նույն տարածքում ապրելով եւ իրարից հեռու մնալով հանդերձ, ինչքան հարազատ են միմյանց»։
Հարցրինք, թե ինչպես է սկսվել իր եւ համշենցի երգչուհու համագործակցությունը:
Սիպիլը պատասխանեց, որ Այշենուրը Թուրքիայում բավականին հայտնի երգչուհի է, ինքը շատ էր լսել նրա մասին, եւ մի տասը տարի առաջ մի համերգի ժամանակ անձամբ ծանոթացել է, ու այդպես կապը պահել են. «Շատ եմ հարգում ու գնահատում Այշենուրին, որովհետեւ ինքն էլ իր մշակույթի լավագույն ներկայացուցիչներից մեկն է»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ երեք տարի առաջ համշենցի երգչուհուն առաջարկել է համատեղ երգով հանդես գալ, որտեղ հնչեն արեւմտահայերենն ու Համշենի հայերենը, եւ իրենք այդ առումով լինեն առաջինը: Համավարակի պատճառով նախագիծը հետաձգվել էր, բայց այս տարի երեք ամսվա աշխատանքից հետո գաղափարը կյանքի է կոչվել:
Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է այլ համատեղ ծրագրեր էլ լինեն: Սիպիլը դրական պատասխան տվեց, ապա տեղեկացրեց, որ արդեն համատեղ երգացանկ են մշակել: Երգչուհին ասաց, որ շատ կցանկանան «Լուսի հատիկ» երգի հայաստանյան պրեմիերա եւս ունենալ: «Որքան երգը շատ տարածվի, այնքան շուտ կհասնենք մեր նպատակին»,-ասաց նա:
Հարցրինք, թե «Լուսի հատիկ» երգով ինչ ուղերձ են փոխանցում սիրված երգչուհիները: «Քանի որ յուրաքանչյուրը հույսի ու լույսի կարիք ունի, ցանկություն ունենք երգի միջոցով հուսո ձայն փոխանցել:
Արեւմտահայերենով ու Համշենի բարբառով «Լուսի հատիկ» երգը մարդկությանն ուղղված բարության կոչ է»,-ասաց Սիպիլը։
Նա նաեւ հավելեց, որ ստեղծագործության արտադրությունը ստանձնել է «Քալան» երաժշտական ընկերության YouTube-ի ալիքը։ Երգն ունի համապատասխան անգլերեն, արեւելահայերեն եւ թուրքերեն թարգմանված ենթագրեր, ինչպես նաեւ՝ տեսահոլովակ ու ժեսթերի լեզվով թարգմանություն: Սիպիլը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում անակնկալներ են սպասվում, թե ինչպիսի, առայժմ ձեռնպահ մնաց «փակագծեր» բացելուց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Սիպիլը
«Առավոտ» օրաթերթ
21.07.2022