Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհաբերեցինք մեր դաշնակցին, Ադրբեջանին վերադարձրեցինք Ղարաբաղը

Հուլիս 22,2022 12:00

«Մենք աջակցել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը, հիմա Բաքվի հերթն է, սպասում ենք Ադրբեջանի հաջորդ քայլին», սա էին Ալիեւից ակնկալում Կրեմլում

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի երեւանյան այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում նշվեցին ստանդարտ հայտարարություններ, թե՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա է «բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն»: Նաեւ ասվում էր, որ, օրինակ, Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Հայաստանում բանակցություններից հետո Սերգեյ Նարիշկինը Երեւանում ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին որոշ «մանրամասներ» էր հայտնել: Պարզվեց, որ նա ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ քննարկել է հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցը։ «Հանդիպման եւ բանակցությունների ընթացքում բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության բովանդակությանը եւ բնույթին, ընդգծվել է մեր երկու ժողովուրդների ճակատագրերի ընդհանրությունը»,- ասել էր Նարիշկինը։ Խորհրդատվությունները, ըստ նրա, շարունակվելու են, կողմերը առաջիկա տարիների համատեղ աշխատանքային ծրագիր են կազմում։

Նարիշկինը Երեւանում ուշագրավ գնահատականներ շռայլեց. «Այսօր դժվարությունների առջեւ են հայտնվել ոչ միայն ԱՊՀ երկրները, այլեւ ամբողջ աշխարհը, որովհետեւ գտնվում ենք աշխարհակարգի վերաձեւավորման՝ բազմաբեւեռության անցման բարդ փուլում»: Արեւմտյան քաղաքական ուժերը, նրա խոսքով, ամեն ինչ անում են՝ գործող աշխարհակարգը պահպանելու համար, դրա համար պատրաստ են ցանկացած քայլի, այդ թվում՝ աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացմանը, ինչի օրինակներից մեկն Ուկրաինայում ներկայումս ծավալվող իրադարձություններն են։ «Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, ապա կառույցի անդամ երկրներն իրենց ավելի վստահ են զգում, որովհետեւ գոյություն ունեն ինտեգրացիոն միավորումներ, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը։ Այս բոլոր միավորումները ստեղծվել են՝ հաշվի առնելով դրանց կազմում գտնվող բոլոր պետությունների շահերը։ Այս առումով այսպիսի ինտեգրացիոն պաշտպանական գործիքները լավ երաշխիք են կայունության ու անվտանգության պահպանման համար։ Բացի այդ, ՌԴ-ն ունի բավարար ուժ ու ռեսուրսներ՝ դժվար պահերին իր դաշնակիցներից ցանկացածին, լավ բարեկամներին ու գործընկերներին պաշտպանելու համար», -նշել է Նարիշկինը Երեւանում։

Այսպիսով, Նարիշկինը Աբազյանի հետ քննարկում է հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցը, հետո մեկնում Բաքու, որտեղ էլ բանակցությունների ավարտին հայտնի է դառնում, որ ՌԴ ու Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները համաձայնագիր են ստորագրել: Ավելին, Նարիշկինը Բաքվում հայտնում է, որ կողմերը ծրագրում են համատեղ գործողություններ իրականացնել, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի եւ Ադրբեջանի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը աջակցելուն, միջազգային ահաբեկչության եւ արմատական ծայրահեղականության դեմ պայքարին, երրորդ երկրներում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հաստատությունների ու քաղաքացիների շահերի պաշտպանությանը:

Մեղմ ասած՝ հետաքրքրական իրավիճակ է ստեղծվում, այսինքն, ՀՀ-ից ստացած հետախուզական տեղեկատվությունները ՌԴ-ն քննարկելո՞ւ է Բաքվի հետ, ու ադրբեջանական կողմի հետ համատեղ գործողություննե՞ր է իրականացնելու՝ ուղղված Ադրբեջանի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը…

Իսկ որ մեկ տարուց ավելի ադրբեջանական ստորաբաժանումները ՀՀ տարածք են ներխուժել՝ ՀՀ «դաշնակից» երկրի որեւէ պաշտոնյայից մեկ նախադասություն հնչե՞լ է այն մասին, որ ՌԴ-ն պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, եւ ադրբեջանական ստորաբաժանումները պետք է լքեն ՀՀ տարածքը: Ո՛չ, չի հնչել ու չի հնչելու, որովհետեւ ՌԴ-ն Հայաստանին վաղուց դաշնակից չի համարում, հետեւաբար Նարիշկինի խոսքը՝ «ՌԴ-ն ունի բավարար ուժ ու ռեսուրսներ՝ դժվար պահերին իր դաշնակիցներից ցանկացածին, լավ բարեկամներին ու գործընկերներին պաշտպանելու համար», միայն ծիծաղ է առաջացնում: Մինչեւ գործնականում «պաշտպանելը» կարելի էր գոնե մեկ անգամ սահմանափակվել մեկ նախադասությամբ՝ ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության:

Իսկ ահա Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության մասին, ընդհակառակը, ՌԴ-ից մշտապես հնչել են հայտարարություններ, հատկապես ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ռուս բոլոր համանախագահների կողմից է դա բազմիցս նշվել:

Եվ առհասարակ, մի հիշեցում, ո՞վ է Նարիշկինը եւ ինչո՞վ էր նա զբաղված 44-օրյա պատերազմի օրերին: Նարիշկինը Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում հայտնված ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովի ընկերն է:

2020թ. ինչպես հաղորդում էին մի շարք լրատվականներ, «Проект» հարթակի հետաքննող լրագրողները պարզել էին, որ Սերգեյ Նարիշկինը եւ նրա ընտանիքի անդամներն օգտվում են ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովի ակտիվից, եւ փաստել էին, որ, հավանաբար, հենց այդ կապն էլ պայմանավորել է արցախյան պատերազմում Ռուսաստանի դիրքորոշումը: Հրապարակվել էր մի ուշագրավ տեսանյութ, որում պատմում էին, թե նա ինչ հաճախականությամբ էր 44-օրյա պատերազմի օրերին հանդիպում ադրբեջանցի օլիգարխների հետ:

Իսկ թե ինչպես ՌԴ-ն պաշտպանեց իր դաշնակից ՀՀ-ին՝ դրանում շատերն են համոզվել ու շարունակում են համոզվել՝ ռուսական կողմից նորանոր ուշագրավ քայլերով:

Իրականում որեւէ զարմանալի բան չկա, ցավալին այն է, որ Հայաստանում ի պաշտպանություն ռուսական քաղաքականության՝ դիսկուրս ու քաղաքական օրակարգ է ձեւավորվում, ու նրանք, ովքեր ինքնաբուխ կամ ոչ այնքան ինքնաբուխ Հայաստանում սպասարկում են ռուսական շահը՝ երբեք չեն խոսում ակնառու փաստերի մասին: Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինք կնքեց, Պուտինն Ալիեւից ստացավ իր ակնկալածի մի մասը՝ պատերազմի արդյունքների դիմաց Ադրբեջանի որոշակի ենթակայություն Մոսկվային, բայց սա դեռ ամենը չէ:

Այսօր Հայաստանը մի իրավիճակում է հայտնվել, երբ հարեւան Իրանի հոգեւոր առաջնորդը Հայաստանի հակառակորդ Թուրքիայի եւ «ռազմավարական դաշնակից»՝ ՌԴ-ի ղեկավարներին նույն ուղերձն է հղում: Հուլիսի 19-ին Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանն ասել է. «Եթե Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանն արգելափակելու քաղաքականություն տարվի, իսլամական հանրապետությունը դեմ կլինի նման որոշմանը: Այդ սահմանը հաղորդակցության ուղի է, որն արդեն հազար տարեկան է»: Այնուհետեւ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանն է Ալի Խամենեին հայտարարել, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում:

Թեհրանում եռակողմ բանակցություններից 4 օր առաջ ի՞նչ հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը. «Ռուսաստանի ՊՆ-ն խոստացել էր ապահովել մինչեւ հունիս հայկական զորքերի դուրսբերումը Ղարաբաղից, բայց այդ պայմանավորվածությունը մինչ այժմ չի կատարվել»: Սրան գումարենք Ալի Խամենեի ուղերձը Պուտինին՝ «Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում»:
Այլեւս ի՞նչ ապացույցներ են հարկավոր հասկանալու, որ ռուսական քաղաքականությունը՝ Հայաստանի տեսանկյունից, առայժմ թուրք-ադրբեջանական շահի սպասարկման գոտում է տեղավորվում, դա ռուսական պետական-քաղաքական գիծ է եւ դա պայմանավորված չէ հանգամանքով, թե ով է այսօր ՀՀ-ում իշխանության ղեկին: ՀՀ ներկայիս իշխանությունները, բոլոր հիմքերը կան արձանագրելու, որ ռուսական իշխանական վերնախավի համար միանգամայն ընդունելի են:

Չի բացառվում, որ ինչ-որ պահի Մոսկվայի հարաբերություններն Անկարայի ու Բաքվի հետ սրվեն, բայց դա լինելու է այն դեպքում, երբ Էրդողանի ու Ալիեւի քայլերը հակասեն ռուսական շահին: Իսկ Պուտինը թե՛ Էրդողանից, թե՛ Ալիեւից դեռ ակնկալիքներ ունի: Դրանցից որոշները հրապարակային հնչեցվել են ռուս բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, իսկ որոշ հետաքրքիր արձանագրումներ էլ արվել են Կրեմլի քաղաքական գիծը տանող «փորձագետների» կողմից, պարզապես հայաստանյան իրականությունում ընդունված չէ դրանց մասին խոսել:

Ահա, այս տարվա հունվարին ադրբեջանական մի լրատվամիջոց հարցազրույց էր վարել «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի հետ, որն ասում է. «Երբ Հայաստանը ցանկացավ շարժվել դեպի Արեւմուտք, կորցրեց վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ, քանի որ Ռուսաստանը, եթե կուզեք, ինչ-որ իմաստով աջակցեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Տեսեք, մենք Բաքվի հետ ընկերներ ենք, օգնել եւ աջակցել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը, տարիների ընթացքում շատ բան է փոխվել։ 90-ականներին Ելցինի կառավարումը՝ օկուպացիոն իշխանություն էր։ Եվ երբ Պուտինն աստիճանաբար իր մեջ ուժ զգաց՝ սկսեց վարել այն քաղաքականությունը, որը բխում է Ռուսաստանի շահերից՝ աջակցելով ընկերներին եւ պատժելով հակառակորդներին։ Եվ, փաստորեն, ընկերների աջակցությունն արտահայտվեց՝ ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման։ Տատանվողների պատիժը՝ ի դեմս Փաշինյանի, նույնն էր: Վրաստանը պատժվել է 2008-ին, Ուկրաինան՝ 2014-ին…»:

Նույն հարցազրույցում լրագրողը Դուգինին հարցնում է, այսինքն՝ Ռուսաստանը համառորեն Ադրբեջանին հրավիրո՞ւմ է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ… «Այո: Այս մասին վաղուց է խոսվում։ Սրա խոչընդոտը, ինչպես բազմիցս նշվել է ռուս-ադրբեջանական գագաթաժողովներում, Ղարաբաղի խնդիրն էր։ Հիմա այս խնդիրը լուծված է, եւ մեր ղեկավարներն իրենք պետք է որոշեն, թե երբ եւ ինչ ձեւով, ինչ ժամանակահատվածում եւ ինչ պայմաններում է լինելու հետագա մերձեցման գործընթացը։ Շատերը վախենում էին, մենք էլ, երեւի Ադրբեջանն էլ էր վախենում, որ Հայաստանը կկանխի դա։ Բայց հիմա հայերը, իմ կարծիքով, ամեն ինչ հասկացել են Ղարաբաղի հետ կապված ուսանելի պատմությունից հետո։ Հասկացել են, որ Ռուսաստանը պարզապես այն երկիրը չէ, որին կարող ես ենթարկվել, կամ ոչ։ Ռուսաստանին չենթարկվել, դա քեզ ավելի թանկ կարժենա: Փաշինյանը սրանից եզրահանգումներ է արել եւ հետեւաբար գործելու է ռացիոնալ, մանավանդ որ, Հայաստանի դեմ որեւէ մեկը՝ ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչինչ չունեն։ Եթե Հայաստանն իրեն ճիշտ պահի, ապա դա միայն մեր ու ձեր շահերից է բխում»,- պատասխանում է Դուգինը։

Մեկ այլ հարցազրույցից եւս մի ուշագրավ դրվագ, որը հրապարակվել է դեռ անցյալ տարի ապրիլին: Դուգինը նկատել էր, թե Բաքուն պետք է շատ զգույշ լինի, եւ «տեսնի, թե որքանով է այժմ Ադրբեջանը պատրաստ ինտեգրվել Ռուսաստանին»։ Մոսկվան, ասել էր Դուգինը, «արեց այն ամենը, ինչ պահանջվում էր», կատարեց իր խոստումները. «Մենք նպաստեցինք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատմանը, մենք օգնեցինք Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը։ Բայց կարգավիճակը պետք է լինի, հակառակ դեպքում ի՞նչ է ստացվում. մենք զոհաբերեցինք մեր դաշնակցին, իսկ դրան ի պատասխան՝ ստանում ենք մի ուժի ամրապնդում, որն ըստ որեւէ փաստաթղթի մեր դաշնակցային չէ՞։ Մի՞թե այդ նպատակով էր իրագործվում Մոսկվա-Բաքու հեռանկարային ռազմավարական առանցքը՝ Ադրբեջանի, որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր ռազմավարական դաշնակցի դիրքավորումը։ Ոչ: Մենք կատարել ենք մեր խնդիրը, սպասում ենք Ադրբեջանի հաջորդ քայլին: Հիմա Բաքվի հերթն է»:

Հավելենք, որ Դուգինի վերոնշյալ 2 հարցազրույցների գնահատականները այս տարվա փետրվարին կայացած «պատմական» մի իրադարձությունից առաջ էին: Ռուս-ադրբեջանական ռազմավարական բազմամյա սերտ համագործակցությունը՝ քաղաքականից, տնտեսականից եւ ռազմականից թեւակոխեց տրամաբանական փուլ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակիցներ դարձան. փետրվարի 22-ին Պուտինն ու Ալիեւը դաշնակցային համագործակցության մասին 43 կետանոց հռչակագիր ստորագրեցին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    “…Հայաստանում քաղաքագետները, ցավոք, հիմնականում առաջնորդվում են իրենց համակրանք-հակակրանքներով: Այդ պատճառով նրանց վերլուծությունները հիմնականում միակողմանի են ու հուզական:”
    Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/07/21/1281328/
    © 1998 – 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից”

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031