Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոշտանգման գործով» անցնում են օպերլիազորներ

Հուլիս 22,2022 14:30

«ԴատաԼեքս» համակարգում օպերների գործին «խառնվել» է մեկ այլ գործ

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տիգրան Ավանեսյանը, ըստ մեղադրական եզրակացության, նույն բաժանմունքի օպերլիազորներ Նարեկ Բարսեղյանի, Գրիգոր Մխիթարյանի եւ գործով չպարզված այլ ծառայողների հետ՝ խմբով, 2020 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:00-ին, Երեւան քաղաքի բնակիչ Վլադիմիր Օհանյանին եւ վերջինիս ծանոթ Արմեն Ղազարյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ «դիտավորությամբ բռունցքներով եւ ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Վլադիմիրի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնաս՝ աջ նախաբազկի, ձախից՝ կրծքավանդակի, ձախ ուսահոդի, ձախ բազկի շրջանների՝ փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, արյունազեղման ձեւով մարմնական վնասվածքներ», իսկ Արմենին դրվագով՝ «սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին, ոստիկանության ծառայողներից մեկը ոտքով սեղմելով Արմեն Ղազարյանի գլխի հատվածին, թքել է նրա դեմքին, վերջինիս հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ՝ այդ կերպ նրան դիտավորությամբ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք»:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում (դատավոր՝ Աննա Մաթեւոսյան) նախորդ օրը նշանակվել էր դատաքննություն: Դատական նիստը սկսվեց երեսունհինգ րոպե ուշացումով, քանի որ ներկայացուցիչներից կային չներկայացածներ, մեղադրյալները չէին բերվել դատարան: Հայտարարվեց որոշակի ժամկետով ընդմիջում, սակայն այդպես էլ դատարան չհասան մեղադրյալները, իսկ աշխատանքային օրվա ավարտին մնացել էին րոպեներ: Նիստը հետաձգվեց:

Ըստ դատարանում առկա քրեական գործի նյութերի, 2020 թվականի սեպտեմբերի 5-ին Երեւան քաղաքի բնակիչ Վլադիմիր Օհանյանը դստեր՝ հաջորդ օրը կայանալիք 10-ամյա տարեդարձի կապակցությամբ վերջինիս անակնկալ մատուցելու նպատակով կնոջ հետ այցելել է Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող «Դրիմլենդ» դիզայնի խանութ: Վերջիններս պատվիրել են անակնկալի տուփ եւ «10» թվանշանի տեսքով փուչիկներ: Տուժողի կինը խանութի աշխատակցուհի Ծովինար Ենգիբարյանին տեղեկացրել է, որ պատվերը ստանալու է այլ անձ: Տուժողը կնոջ հետ ժամը 23:30-ին այցելել են իրենց ծանոթի տուն՝ վերցնելու պատվիրված տուփը եւ փուչիկները, սակայն պարզել են, որ խանութում փուչիկները չեն տրամադրել: Զանգել են դիզայնի խանութ եւ աշխատակցին տեղեկացրել են պատվերը կիսատ կատարելու մասին: Տուժողի կինը պահանջել է բացել խանութը եւ տրամադրել փուչիկները՝ անակնկալն ամբողջությամբ մատուցելու համար: Պայմանավորվածությունից հետո ամուսինները գնացել են խանութ: Աշխատակցուհին փուչիկները շպրտել է Վ. Օհանյանի ուղղությամբ՝ ասելով, որ ինքը փուչիկները շպրտում է դուրս, կարող է վերցնել ու գնալ: Վլադիմիրը վերադարձել է իր ավտոմեքենայի մոտ, առանց փուչիկների:

Իսկ նրա կինը գետնից վերցրել է «1» թվանշանով փուչիկը եւ Ծովինարից ուզել է «0» թվանշանով փուչիկը, միաժամանակ պարզաբանում պահանջել վերջինիս պահվածքի կապակցությամբ: Ծագել է վիճաբանություն, որից հետո ամուսինը հանգստացնելով կողմերին, կնոջ հետ նստել են ավտոմեքենան, գնացել են տուն: Կեսգիշերին Վլադիմիրի կնոջ բջջային հեռախոսահամարին ստացվել է անծանոթ հեռախոսազանգ: Օպերլիազոր Տիգրան Ավանեսյանը ներկայացել է. «Անունս Տիկոյա: Դո՞ւ ես սպիտակ «Ջիպ»-ով տղեն», եւ պահանջել է, որպեսզի Վլադիմիրն արագ գնա խանութի մոտ: Դիզայնի խանութի հարեւանությամբ գտնվող շենքի բակ են իջել նաեւ Վլադիմիրի հյուրերից՝ երեք անձ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Երեք ավտոմեքենաներից իջել են քաղաքացիական հագուստով 10 անձ: Վլադիմիր Օհանյանին քաշելով նստեցրել են ավտոմեքենաներից մեկը եւ վերջինիս տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նույն ընթացքում Արմեն Ղազարյանը հարցադրումների միջոցով փորձել է ճշտել, թե ինչո՞ւ են Վլադիմիր Օհանյանին ոստիկանություն տանում, պահանջել է ոստիկանության ծառայող լինելու վերաբերյալ փաստաթուղթ ցույց տալ: Ի պատասխան դրան՝ ոստիկանության ծառայողներից մեկը, հանդես գալով որպես պաշտոնատար անձ, հայտնել է, որ «քրեականից են» եւ ցուցադրել է վկայական: Այնուհետեւ, Գրիգոր Մխիթարյանի եւ Նարեկ Բարսեղյանի հրահանգով Արմեն Ղազարյանին բռնությամբ մտցրել են ավտոմեքենան ու փաստացի բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Հյուրին՝ Արմենին եւ Վլադիմիրին բաժին տեղափոխելու վերաբերյալ «բերման ենթարկելու մասին» արձանագրության փոխարեն կազմել են «ոստիկանության բաժին ներկայացնելու մասին» արձանագրություններ: Բացի այդ, այն պայմաններում, երբ Արմեն Ղազարյանը որեւէ առնչություն չի ունեցել վերը նշված խանութում տեղի ունեցած վիճաբանության հետ, վերջինիս «ոստիկանության բաժին ներկայացնելու մասին» արձանագրությունում նշել են՝ որ նա կասկածվում է վիճաբանություն կատարելու մեջ»: Այս գործով տուժողներից մեկը աշխարհի չեմպիոն է:

Տուժողի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը (լուսանկարում) հայտնի էր կալանավորված Արմեն Աղաջանյանի գործով, երբ նա խոշտանգման զոհ էր դարձել: 2018-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դաժան ծեծի ենթարկված Արմեն Աղաջանյանի մարմինը գտել էին «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված, պաշտոնական վարկածով՝ ինքնասպանություն էր կատարվածը: Արա Ղարագյոզյանի շնորհիվ վերաքննիչ դատարանը երկրորդ անգամ քննելով գործը՝ հաստատեց՝ Աղաջանյանի նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում: 4 տարի անց՝ 2022-ին, համաներմամբ ազատ արձակված պաշտոնատար անձը դատապարտվեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.– Մինչ դատական նիստերի ժամանակացույցը կբացեի, աչքովս ընկավ ԵԴ/1383/01/20 գործի մեջ մեկ այլ քրեական գործի մասին տեղեկություններ: «Խոշտանգման գործից» առավել ծանր հանցագործության մասին են տեղեկությունները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքի, առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի իրացման: Ի դեպ, ոչ Հայաստանի Հանրապետությունում կատարված հանցագործության, այլ՝ Արցախի Հանրապետությունում: Թիվ ԵԴ/1345/01/20 գործի սպրդման համար ով է պատասխանատու: Ուզում եմ հասկանալ, «ԴատաԼեքսում» օպերլիազորների գործում ինչո՞ւ է տեղ գտել այս գործի հետ կապ չունեցող այլ մեղադրյալի՝ Հովսեփ Վահէի Աշքարեանի մեղադրանքին առնչվող միջնորդությունը, որը քննարկվել է վերաքննիչ քրեական դատարանում:

«Առավոտ» օրաթերթ
21.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031