Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հիշեցրեց Արուսյակ Ալեքսանյանի աղմկահարույց արտահայտությունը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանում ողբերգական մահվանից հետո՝ «միակ բանը, որ ես ցավում եմ, որ մարդ է մահացել։ Այլ առիթով ես անհանգստանալու կարիք չեմ տեսնում»։
«Ինձ Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ միայն դա է հայտնի: Եվ եթե Արուսյակը մտածում է՝ ես պետք է հետևեմ նրան ուղղված յուրաքանչյուր քոմենթի, չարաչար սխալվում է: Դատավորների միությունը չի պատրաստվում հետևել Արուսյակին. շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:
Tert.am–ը գրել էր. «Ցավալի դեպքի գրանցումից հետո դատավորի նկատմամբ տարբեր հարթակներում սկիզբ առան քննադատություններ, սակայն Դատավորների միության կողմից այդպես էլ որևէ արձագանք չեղավ, և հայտնի չէ նրանց դիրքորոշումը։ Ինչո՞վ է սա հատկանշական, որովհետև նախկինում` որոշ դատավորների դեպքում, նշված կառույցը պարբերաբար հանդես է եկել սատարող հայտարարություններով»:
Դատավորների միության նախագահի համար անհասկանալի էր նաև վերոնշյալ պնդումը.
Կարդացեք նաև
«Հետաքրքիր է՝ ո՞ւմ է Միությունը սատարել՝ ի՞նձ, Բալայան Դավիթին… Կամ իմ օրոք ո՞ւմ է սատարել: Եթե Բորիս Բախշիյանին նկատի ունեն, ծիծաղելի է… Ես հիմա չեմ ուզում այդ հարցի վերաբերյալ ծավալվել, թե չէ շատ բան կա ասելու: Արուսյակ Ալեքսանյանին թող քաջ հայտնի լինի, որ Դատավորների միությունը երբևիցե չի արձագանքել նման դեպքերում: Երբ Արուսյակ Ալեքսանյանի նախկին ղեկավարը (Սասուն Խաչատրյան,- Գ.Ս.) իր ղեկավարի (Նիկոլ Փաշինյան,- Գ.Ս.) դրդմամբ, թե աջակցությամբ՝ իմ նկատմամբ արշավ էր ծավալել, ինքն էլ այդ հիմնարկի քննիչ է եղել, ինչ-որ դե՞պք է հիշում, որ Դատավորների միությունը կամ որևէ այլ կառույց սատարեին ինձ…»,- նշեց Ալեքսանդր Ազարյանը:
Դատավորների միության նախագահը տարակուսում է՝ եթե դատավոր Արուսյակ Ալեքսանյանն իր աչքի առաջ այդ փորձը չունի, ինչո՞ւ է սպասում Դատավորների միության սատարման:
«Ես համոզված չեմ, որ կոնկրետ Արմեն Գրիգորյանի մասով դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կայացրել է օրինական դատական ակտ: Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք այդ ակտն օրինական է եղել, թե՞ ոչ: Ամեն դեպքում Արուսյակ Ալեքսանյանի՝ Դատավորների միությունից դուրս գալու առիթով Միությունը եռօրյա սուգ հաստատ չի հայտարարել»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:
Վերջինս հիշեցրեց, որ այս գործով միայն Արուսյակ Ալեքսանյանի դերակատարումը չէ եղել որոշիչ: Նաև Վերաքննիչ դատարանը չի բեկանել նրա որոշումը:
«Հիմա, թե ինչո՞ւ են միայն իր անունը հոլովում, թող ինքն իրեն այդ հարցը տա»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: