Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արփի լճի տարածքում հայտնվել է արջ՝ երկու քոթոթներով, շատացել է գայլերի ու աղվեսների քանակը

Հուլիս 21,2022 20:03

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ու հարակից գյուղերում հայտնվել են մեծ թվով գայլեր, արջեր, աղվեսներ, ինչպես նաև նապաստակներ։

«Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանը կենդանիների միգրացիան բացատրում է տարածքում իրականացվող բարձր մակարդակի պահպանությամբ, կրակոցներ չլինելով, ինչպես նաև հեշտությամբ սնունդ հայթայթելով։

«Արփի լիճ» ազգային պարկի տեսուչները հաշվարկել են, որ գայլերի թիվը հասնում է 45-ի։ Սա, ըստ Մուշեղ Մուրադյանի, ահռելի քանակ է։

Վերջիններս բավական մեծ վնասներ են հասցնում Ամասիայի գյուղերի բնակիչներին, մտնում են ամառանոցներ, գոմեր, հովիվներին այցելում են անգամ օրը ցերեկով։

«Գայլերը բավականին շատացել են, մեր կողմից հաշվառվել են շուրջ 45 գայլ, էն որ ասում են՝ դեմքերով ճանաչում ենք, հենց այդպես է»,- կատակում է «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենը։

Վերջերս էլ  սահմանապահ ուղեկալների հատվածում նորից արջ է հայտնվել՝ իր երկու քոթոթներով։ Նրանք ևս վնասներ են հասցնում շրջակա գյուղերի բնակիչներին՝ այսպես ասած պահանջելով իրենց բաժին մեղրը, սակայն, ըստ Մուշեղ Մուրադյանի, արջը «Կարմիր գրքում» գրանցված է, հետևաբար և իրենք պարտավոր են կենդանուն պահպանել, այնպես անել, որ իր սնունդը հայթայթի։

«Մոտ մեկ տարի է՝ ինչ մեր տարածքում արջեր են հայտնվել, մեր կողմից 7 արջ են հաշվառվել, որոնք պարբերաբար տեղաշարժվել են դեպի Լոռու մարզ։ Նրանք Աշոցքի Ձորաշեն բնակավայրի հատվածով են եկել և այդ հատվածով էլ հետ են գնում։

Ձմռանն էլ այդ տարածքում ունենք արթուն արջեր, բավականին շատ բնակավայրեր են ներխուժում, իրենց փայ մեղրն են բնակիչներից ուզում։ Եթե հոժար կամքով չենք տալիս, իրենք իրենցն անում են»,-ասում է Մուշեղ Մուրադյանը։

Ըստ նրա, աղվեսների քանակը ևս չափից ավելի շատ է, նրանց կարելի է տեսնել նաև ցերեկվա ժամերին․ սնվում են դաշտամկներով։ Ազգային պարկի արևմտյան տեղամասի անտառային հատվածում  էլ օրը ցերեկով կարելի է հանդիպել  նապաստակների մեծ խմբի։

«Ասեմ, որ բավականին աշխույժ, լավ ապրած նապաստակներ են»,-դարձյալ կատակում է «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենը։

Ավելի վաղ Մուշեղ Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ այս տարի ավելացել է Արփի լճի ջրի պաշարը, ի հայտ են եկել նոր ձկնատեսակներ, տարածքում հայտնվել են նաև անգղներ, քաջահավեր, որոնք գրանցված են Կարմիր գրքում, ավելացել է նաև սև արագիլների թիվը՝ 1 հատից դառնալով 14։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031