Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջինը Ռոբերտ Ֆիշերն էր, որ հրաժարվեց պաշտպանել շախմատային թագը

Հուլիս 21,2022 18:15

Aravot.am-ը շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, ՀՇՖ փոխնախագահ Սմբատ Լպուտյանին խնդրեց մեկնաբանել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի՝ թագի հավակնորդ Յան Նեպոմնյաշչիի հետ մրցամարտից հրաժարվելու որոշումը:

«Լուրը դեռ նոր է տարածվել եւ շատ մանրամասներ դեռ անհայտ են: Դրա համար  զերծ կմնամ որեւէ ենթադրություն անելուց: Ժամանակ դեռ շատ կա ու իրադարձությունների ցանկացած զարգացում հնարավոր է: Այնպես որ, եկեք սպասենք»,-պատասխանեց գրոսմայստերը:

Հիշեցնելով, որ շախմատի պատմության մեջ արդեն մեկ անգամ նման բան եղել է, երբ ամերիկացի Ռոբերտ Ֆիշերը 1972 թվականին աշխարհի չեմպիոնի կոչումը Ռեյկյավիկում վերցնելով Խորհրդային Միության ներկայացուցիչ Բորիս Սպասկուց, 1975-ին հրաժարվեց տիտղոսը պաշտպանել այն բանից հետո, երբ ՖԻԴԵ-ն մերժեց իր բոլոր պահանջները՝ ցանկացանք իմանալ, թե դրանց մեջ նմանություն տեսնո՞ւմ է, Սմբատ Լպուտյանը պատասխանեց. «Գուցե, ավելի շատ տարբերություն կա: Ֆիշերը մեկ անգամ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո այլեւս կոչումը չպաշտպանեց, իսկ Կարլսենը մի քանի անգամ մասնակցել է տիտղոսի պաշտպանության մրցամարտերին: Եվ երկրորդ. Ֆիշերը այն ժամանակ հեռացավ շախմատից, իսկ Կարլսենը, որքան տեղյակ եմ, ակնարկել է, որ շարունակելու է զբաղվել ակտիվ շախմատով»:

Սմբատ Լպուտյանը ափսոսանք, հայտնեց, որ, հնարավոր է, Կարլսեն-Նեպոմնյաշչի մրցամարտը չկայանա՝ նշելով, որ վերջինը փայլուն հանդես եկավ հավակնորդների մրցաշարում ու հաղթեց՝ ցույց տալով, որ ինքը արժանի մրցակից է եւ այս անգամ երկրորդ փորձից խաղատախտակի առջեւ ջանք չի խնայի նորվեգացուն գահընկեց անելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031