Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Ռոզենկրանցը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին, մաղթել արդյունավետ աշխատանք և համոզմունք հայտնել, որ նա իր երկարամյա մասնագիտական կարողությունները լավագույնս կօգտագործի մեր երկու երկրների հարաբերություններն ավելի ամրապնդելու և զարգացնելու համար։
Նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և այս երեք տասնամյակների ընթացքում հայ-շվեյցարական հարաբերություններն աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և սերտ համագործակցությամբ բազմաթիվ ոլորտներում: Նախագահի խոսքով՝ Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի համար դժվարին պահերին հայ ժողովուրդը մշտապես զգացել է Շվեյցարիայի աջակցությունն ու օգնությունը: Նախագահը նաև բարձր է գնահատել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աշխատանքը, որը Հայաստանում տարբեր ծրագրեր է իրականացնում՝ մասնավորապես գյուղատնտեսության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։
Դեսպան Լուկաս Ռոզենկրանցը նշել է, որ մեծ պատիվ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում և իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն՝ արդեն իսկ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերություններն առավել ամրապնդելու և ընդլայնելու համար: Դեսպանի խոսքով՝ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ կա առևտրի, բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության ոլորտներում, և Շվեյցարիան պատրաստակամ է կրկնապատկել առկա ծրագրերի քանակը՝ մասնավորապես ուղղված գյուղատնտեսության զարգացմանը և կլիմայի փոփոխության դեմ պայքարին:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ