Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյանը՝ Ռուբեն Ռուբինյանին. «Հայրենիք չեն տվել, գյուղերը չեն տվել, զոհեր չեն բերել մեր ժողովրդի գլխին, դրանից հետո խոսո՞ւմ են»

Հուլիս 21,2022 17:35

«Ինչ ասեմ, մարդ պետք է ամոթ ունենա: Ռուբինյանը որ մի հատ թերթի անցած տարվա խորհրդարանի ղեկավարության, որոշ պատգամավորների ցոփ ու շվայտ հանգիստը հունաստաններում, նոր դրանից հետո թող խոսի»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին:

Ռուբինյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ընդդիմադիր պատգամավորները «պետք է գլուխները կախ մտնեն ԱԺ, նայեն մեր աչքերի մեջ ու չկարողանան կրկնել այն, ինչ ասել են փողոցներում»: Նա լրագրողներին հորդորում էր գնալ եւ փնտրել ընդդիմադիրների ու հարցեր ուղղել՝ ասելով, թե ընդդիմադիր պատգամավորներից ոմանք կլինեն ծովափերում, ոմանք՝ արտասահմանում, ոմանք խորը ճգնաժամի մեջ են, ոմանք հոգեբանների մոտ են գուցե, ոմանք գուցե քայլում են դեպի Երուսաղեմ, որպեսզի քավեն իրենց մեղքերը:

Գեղամ Մանուկյանը Ռուբինյանին հանգստի համար հրավիրեց իր ամառանոց. «Ամառանոցը որն է՝ հողամաս, այնտեղ մայրս բազմաթիվ բանջարեղեններ է մշակում, կարող է՝ ասեմ մի երկու մարգ էլ թող ինքը փորի»:

Ինչ վերաբերում է խորհրդարան վերադառնալուն՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Մենք խորհրդարանի գործունեությունը չենք էլ դադարեցրել: Օրերս Սեյրան Օհանյանի հետ եղել ենք Սյունիքում՝ Ներքին Հանդ, հետո այցելել ենք Տավուշ, որտեղ բազմաթիվ անվտանգային լուրջ մտահոգություններ ենք արձանագրել, որոնց մասին չենք կարող բարձրաձայնել: Եթե իրենք խորհրդարանի դահլիճը պատկերացնում են կոճակ սեղմողների հավաքատեղի, բնականաբար, այնտեղ մենք կարող է գործ չունենանք եւ չունենք»:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք գնալ խորհրդարան, նայել ՔՊ-ականների աչքերի մեջ ու կրկնել այն, ինչ ասել եք փողոցում՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Սարոյան եղբայրներում հիշում եք չէ՞, որ ասում է՝ «Երանի քեզ Հայկ, պապ չես սպանել»: Հիմա Ռուբեն Ռուբինյանինն է՝ հայրենիք չեն տվել, գյուղերը չեն տվել, զոհեր չեն բերել մեր ժողովրդի գլխին, դրանից հետո խոսո՞ւմ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031