Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«2000-ականների ստատուս քվոն, որում ՀՀ-ն հարթակ էր ԱՄՆ-ի, ՌԴ-ի հետախուզության համար, հիմա վերաձեւավորվում է»․ Անդրիաս Ղուկասյան

Հուլիս 21,2022 17:10

Ադրբեջանն ու Ռուսաստանը Բաքվում համաձայնագիր են ստորագրել՝ հետախուզության ոլորտում համագործակցության, երկու երկրների տարածքային ամբողջականության պաշտպանության նպատակով։ Սա Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Իսկ ահա ՀՀ-ի դեպքում նման փաստաթուղթ չկա․ Երեւանում Նարիշկինն ասաց, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ առանձին հետախուզական ծառայություն ստեղծելու համար։ Թեմայի շուրջ Aravot.am-ը զրուցել է «Հայ կառուցողական կուսակցության» ղեկավար Անդրիաս Ղուկասյանի հետ։

-Պարոն Ղուկասյան, ձեր կարծիքով, ի՞նչ պետք է եզրակացնել՝ Ռուսաստանի եւ Բաքվի միջեւ «տարածքային ամբողջականության պաշտպանություն» անվան տակ։

-Դրանք ընդհանուր ձեւակերպումներ են։ Հավանաբար, խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը համաձայնելու է, որպեսզի ՌԴ-ն օգտագործի Բաքվում իր դեսպանատունը՝ Վրաստանի դեմ հետախուզական աշխատանքներ կազմակերպելու համար։ Առհասարակ, հետախուզական աշխատանքի զգալի մասը կազմակերպվում է դիվանագիտական կառույցների «կտուրի» տակ։ ՌԴ-ն Վրաստանում չունի դեսպանատուն, դիվանագիտական հարաբերությունները խզված են։ Ռուսաստանը մինչեւ օրս օգտագործել է ՀՀ-ում իր դեսպանատունը՝ Վրաստանի դեմ հետախուզական գործունեությունն իրականացնելու համար։ Հիմա Ադրբեջանը նույնպես պատրաստ է իր հարթակը տրամադրել ՌԴ-ին, որի հետ համագործակցությունը դրանում է կայանում։ ՌԴ-ն այդպես ազատ կլինի Բաքվում իր դեսպանատան հենքի վրա կազմակերպելու Վրաստանի հանդեպ հետախուզական աշխատանք։

-Ձեր դիտարկմամբ, որքանո՞վ են հիմնավոր մտահոգությունները, որ հետախուզության ոլորտի նշյալ փաստաթղթի ստորագրմամբ Ռուսաստանը ՀՀ-ին եւ Արցախին վերաբերող ռազմական բնույթի տվյալները կփոխանցի Բաքվին։

-ՌԴ-ն մինչեւ 44-օրյա պատերազմը վաղուց Բաքվին փոխանցել է մեր բանակին վերաբերող տեղեկությունները։ Այդ գործակալական ցանցերը, որոնք բացահայտվում են ՀՀ-ում պատերազմից հետո, նույնպես փոխկապակցված են ՌԴ հետախուզական կառույցների հետ։ Այսինքն, դա արդեն տեղի ունեցել է, ոչ թե պետք է տեղի ունենա։ Հիմա Ադրբեջանում ՌԴ-ի համար կարեւոր է հնարավորություն ձեռք բերել՝ Վրաստանի դեմ գործունեություն ծավալելու համար։

-Այս ամսում Հայաստան եկան Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը եւ, ինչպես ասացինք, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Ըստ ձեզ, ՀՀ-ի անվտանգային միջավայրի շուրջ ի՞նչ է տեղի ունենում։

-ՌԴ ղեկավարությունը հետաքրքրված է Իրանից ստանալ ռազմական օգնություն, մասնավորապես՝ հետախուզական ԱԹՍ-ներ։ Ենթադրում եմ՝ որպեսզի այդ գործարքը կայանա, ՌԴ-ն կիսվեց Իրանի իշխանությունների հետ հետախուզական տվյալներով եւ հանձնեց Հայաստանում ԱՄՆ-ի գործակալական ցանցի վերաբերյալ տվյալներ։ ԱՄՆ-ն Իրանում դեսպանատուն չունի, նրանք չունեն դիվանագիտական հարաբերություններ։ Վերջին տասնամյակում ԱՄՆ-ն օգտագործել է ՀՀ-ում իր դեսպանատունը` Իրանի դեմ հետախուզական աշխատանք կազմակերպելու համար։ Իրանի հետախուզության պետի այցը կապում եմ այդ խնդրի հետ։ Հավանաբար, Իրանը ՀՀ-ից պահանջեց դուրս բերել ԱՄՆ-ի հետախուզական ցանցը, ԱՄՆ-ն էլ իր հերթին պահանջեց ՀՀ-ից դուրս բերել ռուսական հետախուզական ցանցը, որն աշխատում է Վրաստանի դեմ։ Հետախուզությունների վերադասավորման շուրջ իրադարձություններն այսպիսին են։

Կարելի է ասել, որ 2000-ականներին հետախուզական ոլորտում ձեւավորված ստատուս քվոն, որում ՀՀ-ն հարթակ էր ԱՄՆ-ի, ՌԴ-ի հետախուզության համար, հիմա խախտված է, ձեւավորվում է նոր դասավորություն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031