Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն գազի գործարք է ստորագրել ամբողջությամբ ավտորիտար ռեժիմով ագրեսոր պետության՝ Ադրբեջանի հետ․ հայտարարություն

Հուլիս 21,2022 17:25

2022 թ․ հուլիսի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել է մտադրությունների հռչակագիր, որի համաձայն՝ հինգ տարվա ընթացքում Հարավային գազային միջանցքով գազի մատակարարումները Ադրբեջանից կրկնակի կավելանան՝ մինչև 2027թ. ամեն տարի Եվրոպային մատակարարելով 20 մլրդ խորանարդ մետրից ոչ պակաս գազ: Այս մասին հայտարարություն են տարածել մի խումբ ՀԿ-ներ։

Հայտարարությունը՝ ստորև․

Այսպիսով՝ Եվրոպական միությունը գազի գործարք է ստորագրել ամբողջությամբ ավտորիտար ռեժիմով ագրեսոր պետության՝ Ադրբեջանի հետ, որն իր գործողություններով ոտնահարել է միջազգային մարդասիրական իրավունքները, և որի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ընդամենը 2 տարի առաջ իրականացված պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների շարունակական հանցավոր խախտումները, հայատյաց ռասիստական քաղաքականությունը ու դրանց հետևանքները պատշաճ ուշադրության չեն արժանացել, չեն դատապարտվել և պատասխանատվության չեն ենթարկվել:

Իլհամ Ալիևի հետ կնքած գազային այս գործարքով շարունակվում է այն արատավոր մոտեցումը, որ կոռումպացված բռնապետն ու ագրեսորը կարող է «լավ գործընկեր» լինել ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների հիման վրա գործող միջազգային կառույցի համար։

Մինչդեռ այս գործարքն, ըստ էության, ԵՄ-ի կողմից տարիներ շարունակ Ռուսաստանի հակամարդկային և հակաքաղաքակրթական ռեժիմի հետ էներգետիկ համագործակցության քաղաքականության վերարտադրումն է, ինչը քաջալերում էր պուտինյան ռեժիմին՝ շարունակելու ագրեսիան և պատերազմական հանցագործություններն Ուկրաինայի դեմ: Անհավատալի է և ծայրահեղ մտահոգիչ, որ Եվրոպական միության համար դեռևս պարզ չէ, որ անպատժելիության և ռեալ պոլիտիկի «սնուցման» գրեթե երկու տասնամյակն է դարձրել Պուտինի ռեժիմն այն, ինչ այն հանդիսանում է այսօր: Հակառակ դեպքում, ստացվում է, որ ժողովրդավարական Եվրոպան պատրաստ է զիջել իր արժեքները հանուն այսրոպեական տնտեսական բարեկեցության։

Ակնհայտ է, որ ներկայիս էներգետիկ ճգնաժամի և համաշխարհային սովի ռիսկի իրավիճակում Եվրոպական միությունը և աշխարհը կարիք ունեն արագ լուծելու առաջացած էներգետիկ և սննդի դեֆիցիտի խնդիրը, և թե՛ Եվրոպական միությունը, թե՛ աշխարհն ունեն բավարար ռեսուրսներ նշված խնդիրները արժանապատվությամբ լուծելու համար։

Այն պայքարը, որը ներկայումս մղում է Ուկրաինան՝ դիմագրավելով պուտինյան ռեժիմի ագրեսիային, և որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ մարտահրավերն է միջազգային իրավունքին ու մարդկային քաղաքակրթությանը, արժանի է ավելի սկզբունքային, արդար, հեռանկարային, թեկուզ ավելի թանկ լուծումների։

Միայն այսպիսի մոտեցմամբ կարելի է դիմագրավել, կանխել և վերջ դնել բռնապետական պետությունների ապօրինի գործողություններին ու շանտաժի միջոցով միջազգային հարցեր լուծելու պրակտիկային:

Եվրոպական միության և Իլհամ Ալիևի միջև գազային պայմանագիրն այն ուղերձը չէ, որ պետք է ստանան միջազգային հանրությունը, տարածաշրջանի պետություններն ու հասարակությունները Ուկրաինայի դեմ պուտինյան ռեժիմի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակահատվածում։

Մի կոռումպացված ագրեսոր բռնապետի պատժելու համար մեկ ուրիշին պարգևատրելը, անխուսափելիորեն խաթարում է միջազգային արդարադատությունը և խրախուսում անպատժելիությունն ու բիրտ ուժի կիրառումը՝ որպես արդյունավետ միջազգային պրակտիկայի միջոցներ:

Արևմտյան ժողովրդավարությունները կարող են և պարտավոր են գտնել առկա մարտահրավերները հաղթահարելու այնպիսի լուծումներ, որոնք չեն ստորադասում մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, արդարադատությունն ու միջազգային մարդասիրական իրավունքը տնտեսական, էներգետիկ և գեոպոլիտիկ նպատակահարմարություններին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն 

ԲՀՀ-Հայաստան 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն 

Հանրային լրագրության ակումբ 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ 

Կանանց իրավունքների տուն ՀԿ 

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա 

Խաղաղության երկխոսություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031