Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է, որ Ռուսաստանն անբարեխիղճ միջնորդ է»․ Դենիս Ավտոնոմովը՝ ՌԴ-ի՝ ՀՀ-Ադրբեջան բանակցություններում միջնորդության մասին

Հուլիս 21,2022 16:38

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը շուտով կավարտի իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Հուլիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց՝ Հայաստանից իր հետ տանում է մեծ սեր դեպի Հայաստանը և հարուստ դիվանագիտական փորձ։ Այս առիթով նշեց․ «Ավելի քան 4 տարի է՝ Հայաստանում եմ, եթե հաշվենք, որ սա իմ երկրորդ գործուղումն է Հայաստան, ապա 9 տարի կլինի։ Մեծ դիվանագիտական փորձ էին ինձ համար հատկապես վերջին չորս տարիները՝ հեղափոխություն, համավարակ, արցախյան պատերազմ, ռուս-ուկրաինական պատերազմ։ Գնահատելով աշխատանքս՝ կարող եմ ասել, որ արել եմ այն, ինչ կարող եմ»։

Հիշեցմանը՝ ռուս-ուկրաինական պատերազմի օրերին կար մի ժամանակահատված, երբ բանակցություններ էին ընթանում պաշտոնական Կիևի և Մոսկվայի միջև և հարցին՝ բանակցությունների վերսկսման հնարավորություն տեսնո՞ւմ է, նա պատասխանեց․ «Բանակցությունները դադարեցվեցին Կիևում ռուսական բանակի կողմից վայրագություններից հետո։ Արձանագրվել են մոտ 1400 սպանված քաղաքացիական անձինք՝ կապված ձեռքերով, ճակատին կրակոցներով։ Արդյոք դրանից հետո կարելի՞ է խոսել բանակցությունների մասին։ Կարծում եմ՝ ոչ։ Բանակցությունների համար պետք է առաջին հերթին երկու կողմերի կամքը։ Ռուսաստանը պատերազմ է վարում, որպեսզի ոչնչացնի Ուկրաինա պետությունն ու ազգին, հետևաբար նրա հետ խոսելու բան չկա»։

Դենիս Ավտոնոմովը վստահեցրեց՝ չնայած ռուսական կողմի հավաստիացումներին՝ Լուգանսկի շրջանը ՌԴ կողմից ամբողջությամբ օկուպացված չէ, ինչպես նաև Դոնեցկի, Խերսոնի, Զապորոժիեի, Նիկոլաևսկի շրջանները ու նշեց․ «Բոլոր իրենց առաջխաղացումները մեր տարածքներում ՌԴ համար լրջագույն կորուստների գնով է լինում։ Արդեն խոսքը տասը հազարավոր զոհերի մասին է, մեր տվյալներով՝ 40․000, տասնյակ միլիարդ դոլարների ռազմական տեխնիկայի կորուստներ են»։

Ըստ ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի՝ պատահական չէ, որ Վլադիմիր Պուտինը հայտարարում է՝ Ռուսաստանը ոչ թե Ուկրաինայի հետ է պատերազմում, այլ ՆԱՏՕ-ի երկրների։ Ըստ նրա՝ Պուտինն այդպես մանևրում է՝ զգալով իր մոտեցող պարտությունը։

Անդրադառնալով մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան բանակցություններին՝ Դենիս Ավտոնոմովն ասաց․ «Ակնհայտ է, որ կան լուրջ առաջխաղացումներ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքայի հետ բանակցություններում։ Շատերը կարծում են, որ ներկայումս ՌԴ-ին բանակցային գործընթացից դուրս թողնելու միտում կա։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն անբարեխիղճ միջնորդ է։ Արդյոք նա հետաքրքրվա՞ծ է հակամարտության լուծմամբ, կան մեծ կասկածներ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031